«Այս հրապարակումներով՝ կնիքով, անհերքելի ապացույցներով պարզվեց, որ Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, հինգ հազար զինվորների մահն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով կառավարության հրապարակած արցախյան բանակցային փաստաթղթերի մի մասին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, որ նախկին նախագահներին այլեւս բանավեճի չի հրավիրում, քանի որ բանավիճելու բան այլեւս չկա, Լեւոն Զուրաբյանն ասաց՝ համաձայն է նրա հետ․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց դա էր ասում՝ հրապարակիր փաստաթղթերը, բանավեճի թեման կսպառվի։ Այսինքն, գալիս ենք համազգային կոնսենսուսի՝ հնարավոր չէ բանավիճել փաստերի, ապացույցների իսկության շուրջ»։
Լեւոն Զուրաբյանը նույնպես հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերը թերի է հրապարակել, քանի որ Հայաստանի իշխանությունների պատասխանները բանակցային գործընթացում հնչած առաջարկներին, չեն հրապարակվել․ «Դա է կարեւոր։ Եթե դու ստանում ես կարգավորման առաջարկ, ապա դու ունես երեք տարբերակ՝ պատերազմի, խաղաղ լուծման, բանակցությունների գնալ։ Ես պատասխանատու կերպով պնդում եմ, որ այս հրապարակումներն արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, որը 2019 թվականի ապրիլին եւ հունիսն ստացել է կարգավորման պլան, ի դեպ՝ ապրիլին ստացած պլանը չի հրապարակել, պլան, որը հաստատում է խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով Քելբաջարը եւ Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանը, ընդհանրապես բանակցությունները։ Այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Այդ մերժումով, ըստ էության, նա լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին»։
Լեւոն Զուրաբյանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը ներքաշել է պետությունը մի պատերազմի մեջ, որի արդյունքում ունեցանք Արցախի ոչնչացում, հազարավոր զոհեր, թուլացած պետությունն եւ խոսքը արդեն նրա գոյատեւմանն է վերաբերվում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































