Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր նախատեսում արցախյան կարգավորման 2019 թվականի առաջարկը եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գտնում Քի Ուեսթի փաստաթուղթը․ Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 04,2025 16:18

Ի՞նչ էր նախատեսում արցախյան կարգավորման առաջարկը, որը Հայաստանին ներկայացվել էր 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մանրամասն անդրադարձավ այս հարցին․ «Կարգավորման ողջ գործընթացը լինելու էր երկու փուլով։ Առաջին փուլում լինելու էր փոխհամաձայնեցված քայլերի փուլ։ Ի՞նչ էին նախատեսում այդ քայլերը. հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո, երբ Արցախի, Քելբաջարի, Լաչինի երկայնքով, ինչպես նաեւ այդ շրջաններում տեղակայվում են միջազգային խաղաղարար ուժեր։ Այդ հինգ շրջաններ պետք է մտնեին բացառապես քաղաքացիական բնակչություն, չէր մտնելու ոչ բանակը, ոչ էլ ուժային այլ կառույցներ։ Խաղաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի ու Ադրբեջանի կոնսենսուսով»։

Այդ ծրագրով Արցախի անվտանգության երաշխավոր էին դառնում Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Սրանից հետո, արդեն, ըստ Լեւոն Զուրաբյանի, ենթադրվում էր բոլոր կոմունիկացիաների բացում, տնտեսական ապաշրջափակում․ «Ես չգիտեմ, թերությունը ո՞րն է այս պլանի մեջ, ո՞նց կարելի է ստանալ նման պլան, ընդ որում երկու անգամ՝ ապրիլին ու հունիսին, ու չընդգրկվել այս բանակցությունների մեջ, որպեսզի ստանանք մեզ համար երանելի խաղաղությունը»։

Լեւոն Զուրաբյանն ուշագրավ է համարում, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել իր պատասխանն այս պլանին եւ հայտարարեց, որ Իլհամ Ալիեւը դրան համաձայն է եղել՝ անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ռուսական հեռուստաալիքներից մեկով հարթակ էր տրամադրվել Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ յուրաքանչյուրին 20-ական րոպե էր տրամադրվել եւ այդ ընթացքում, նախատեսվում էր, որ նրանք պետք է իրենց համաձայնությունը հայտնեն այդ առաջարկին։ Իլհամ Ալիեւը հայտնում է իր համաձայնությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը հաղորդավարի ուղիղ հարցին ընդհանրական պատասխան է տալիս՝ խուսափելով հստակությունից, ինչի արդյունքը՝ բոլորս ենք տեսնում այժմ։

Ի դեպ, կառավարության հրապարակած արցախյան բանակցություններին վերաբերվող փաստաթղթերում, հրապարակված չեն նաեւ նախկին ղեկավարների պատասխանները արված առաջարկներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գտնել Քի Ուեսթի վերաբերյալ փաստաթուղթը, ինչո՞ւ դրանք կառավարությունում չկան․ «Դա այն էր, ինչը դիվանագիտական ​​լեզվով կոչվում է «Non-paper»։ Փաստաթուղթ, որը պաշտոնական կարգավիճակ չունի»։

Լեւոն Զուրաբյանը մանրամասնեց՝ այդ առաջարկը ամերիկյան կողմը կազմել էր իբրեւ աշխատանքային փաստաթուղթ՝ հիմնվելով Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած իրենց զրույցների վրա․ «Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական առաջարկ չի եղել։ Բայց իրենք նույնիսկ դա չգիտեն. վստահ եմ, որ նրանք երբեք էլ չեն լսել դրա մասին։ Նրանք դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում, ուստի հեշտությամբ ենթարկվում են ազդեցության եւ մանիպուլյացիայի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031