«Այն մարդը, որն իր կառավարման 7,5 տարիների ընթացքում Ադրբեջանի հետ 10 ռազմական բախում է ունեցել, ժողովրդին ասում է, որ ինքը խաղաղություն է բերել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում են, որ իրենք ոչ թե մերժել են արցախյան հարցի կարգավորման 2019 թվականի առաջարկը, այլ գտնվում էին դրա ուսումնասիրման փուլում, ինչն աբսուրդ է․ «Հայաստանը ստանում է այդ առաջարկները 2019 թվականի ապրիլի 2-ին եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա եւ Հայաստանի վրա, գտնվում է գնահատման փուլի մեջ, պատասխան չեն տալիս։ Այսինքն, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ դու պատասխանես այս հարցերին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին եւ մերժեց 2019 թվականի առաջարկը․ նա անգրագե՞տ էր, թե հովանավորներ ունե՞ր, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց՝ հարցը լեգիտիմ է, հիմքեր կան կասկածներ հնչեցնելու Նիկոլ Փաշինյանի պետական դավաճան լինելու մասին, բայց ինքն այս պահին նման փաստեր չունի, միայն քաղաքական կարծիք ունի։ Եթե լինեն հստակ փաստեր եւ արձանագրումներ, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, լրագրողների հարցերին ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ TRIPP նախագծին՝ ասելով, որ այն միակողմանի է եւ սպասարկում է Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերը, միաժամանակ անտեսելով՝ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի շահերը։ Բայց որ ամենակարեւորն է՝ սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը․ «Եթե գնում ես խաղաղության, որը ձեզ լոգիստիկորեն կախված է դարձնում Ադրբեջանից, դա ադրբեջանացում է։ Նման խաղաղությունը ապագա չունի։ Դուք Հայաստանը դարձնում եք ապագա միջնորդական պատերազմի ասպարեզ»։ Իր գնահատմամբ, Հայաստանը պետք է լիակատար վերահսկողություն ունենա նախագծի նկատմամբ, նաեւ պետք է հավասարակշռություն հաստատվի դեպի Իրան՝ երկաթուղու միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Նիկոլ Փաշինյանի 2019-ի փետրվարի հանդիպումը


















































