Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ տեղեկություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որ ԱԱԾ-ականները այցելել են Գյումրու եկեղեցիներ։ Նա որպես հավաստում իր խոսքի՝ նաև լուսանկար էր տեղադրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից։
Նրանք նախ եղել են Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որի բակում է գտնվում Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, և որտեղ ամեն տարի դեկտեմբերի 7-ին քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում ու ծաղիկներ խոնարհում, այնուհետ Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցի։
Մեր այս տեղեկությունը հաստատեցին վերջին եկեղեցուց՝ դեռ չմանրամասնելով, թե ԱԱԾ-ականներն ինչ զրույց են ունենում եկեղեցականների հետ։
Դարձյալ հնչում են ենթադրություններ, որ ԱԱԾ-ն փնտրում է հոգևորականի, որը կհամաձայնի կատարել վարչապետ Փաշինյանի խնդրանքը, այն է՝ պատարագներում չհնչեցնել Վեհափառի անունը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր՝ իր այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների միջոցով։
Կարդացեք նաև
Նկատենք, որ իր թելադրած օրակարգով պատարագ մատուցելու պատրաստակամ հոգևորականի Գյումրիում կարծես դժվար է գտնել։
Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը, որը երկու օր է՝ մամուլի, սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում է, այսօր շատ ավելի խիստ տոնայնությամբ հասկացրեց, որ ինքը չէ այն անձը, որից ակնկալում են զեղչել Վեհափառի անունը ու խմբագրել պատարագի տեքստը։ Նա նախատիքներ հնչեցրեց այս պատմությունը հրահրողին։
Ըստ նրա, նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է։
Հոգևորականը նույնն ասել է նաև դեռ երեկ եկեղեցի այցելած ԱԱԾ աշխատակիցներին, այդուհանդերձ վերջիններս դեռ փնտրում են այն հոգևորականին, որը կկատարի վարչապետի պահանջը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Մի՞թե Գյումրու թատրոնը չի կարողանում արագ պատրաստել ներկայացում այս պատմության շուրջ` ‘Որոնվում է անդրդավաճան:’
ԱԱԾ աշխատակիցներ (տարբեր հագուստներով), նիկոլ, ՀՊՏ համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյան (հենց մենակ էս պերսոնաժը ամեն ինչ արժե):
Ու, իհարկե, Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն:
Խոստանում եմ, կհավերժանա Գյումրվա թատրոնի համբավը ամբողջ հայության շրջանում:
Դե, հայոց գրերի հանճարներ` մտածեք, գրեք, բեմադրեք:
Տեսեք, թե անմակարդակ նիկոլն ինչ մակարդակի իջացրեց ԱԱԾ գործառույթները, ազգային անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն, նրանք այսօր պատարագի տեքստերը նիկոլի ուզած ձևով ասող քահանա են փնտրում։