Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզում ենք մեր եկեղեցին տեսնել հավատավոր մարդկանցով լեցուն, որոնց շահը մի կաթ մոմ ավել ծախելը չէ. կարգալույծ քահանան կրկնում է Փաշինյանի թեզերը

Դեկտեմբեր 04,2025 20:33

Թալինի կարգալույծ հռչակված հոգեւոր հովիվ՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը՝ Արամայիս Թախմազյանը, դեռ չի որոշել՝ կարգալուծությունից հետո կշարունակի՞ ինքնակոչ ծառայությունը, ինչպես Հովհաննավանքի կարգալույծ քահանան՝ Ստեփան Ասատրյանը:

«Սպասելի էր այս որոշումը: Կմտածեմ, դեռ ժամանակ ունեմ մտածելու, իմ ընթացքով կգնամ հավանաբար: Մայր Աթոռը ինձ կարգալույծ չի արել, որոշ հոգեւորականներ են: Մայր Աթոռը շատ ավելի մեծ ու գեղեցիկ կառույց է: Որոշ հոգեւորականների կամ չհոգեւորականների որոշումն է սա»,- Aravot.am-ին ասաց Արամայիս Թախմազյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին ինչպես էր բացատրել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին կաթողիկոսի անունը չտալը, Արցախը չհիշատակելը. «Բոլոր փաստերն իրենց ասել եմ, հավանաբար մի օր կհրապարակեմ»:

Նա վստահեցրեց, որ իրեն չեն հարկադրել կաթողիկոսի անունը չտալ պատարագին, իսկ անունը չտալն էլ, վստահեցրեց՝ կանոնական խախտում չէր. «Չէ, ի՞նչ ճնշման մասին է խոսքը, ոչ մի ճնշում: Դա կանոնական խախտում չէր»:

Մեր հարցին՝ մշտապես այդպե՞ս եք պատարագներն անցկացրել՝ կաթողիկոսի անունը զեղչելով, պատասխանեց՝ այսքանով սահմանափակվենք: Մեր հաջորդ հարցին՝ այսինքն կամավո՞ր եք հրաժարվել կաթողիկոսի անունը տալուց՝ այդ կերպ փորձելով հաճոյանա՞լ իշխանություններին: Ի պատասխան ասաց. «Իշխանություններին հաճոյանալու որեւէ խնդիր չունեմ ու դա գիտեն հանձնախմբի անդամները, որոնց հստակ ներկայացրել եմ խնդիրները: Այսքանով սահմանափակվենք, մի օր հավանաբար կխոսեմ»:

Կարգալույծ քահանայից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինքն էլ է պահանջում Վեհափառ հայրապետի հրաժարականը: Ի պատասխան ասաց. «Եկեղեցին ունի վերափոխումների կարիք: Այդ փոփոխությունները բնական պրոցես են եկեղեցու կյանքից ներս: Սա գաղափարի, արժեհամակարգի պայքար է, մենք ուզում ենք մեր եկեղեցին տեսնել հավատավոր մարդկանցով լեցուն, հավատավոր բարձրաստիճան եկեղեցականներով, ազնիվ մարդկանցով, որոնց շահը համայնքի հոգիների փրկությունն է , ոչ թե օրինակ մի կաթ մոմ ավել ծախելը: Սա նորմալ պայքար եմ դիտարկում, որ երիտասարդ թեւը պայքարում է այն թեւի դեմ, որոնք իրենց սպառել են արդեն: Չեմ ուզում այդտեղ որեւէ մեկին մեղադրել, սա բնական պայքար եմ համարում, հույս ունեմ՝ այս պայքարում Աստծո կամքը կհաղթի»:

Երբ կարգալույծ քահանայից հետաքրքրվեցինք՝ ինչու իրենց պայքարը, եկեղեցու «բարեփոխման» մղումը համընկավ քաղաքական իշխանության օրակարգի հետ, նախկին քահանան ասաց՝ եկեք այսքանով սահմանափակվենք ու անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031