Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Դեկտեմբեր 04,2025 21:12

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ վրդովմունքով հայտարարում է, որ Արշակ Սրբազանի շուրջ այսօր իրականացված բացահայտ ապօրինի և հանցավոր բնույթի գործողությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք, որի իրական նպատակն է՝ ծնկի բերել Հայոց եկեղեցին, ճնշել նրա անկախությունը և հարկադրել հնազանդություն։

Այն, ինչ կատարվեց Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն, որի ուղերձը հստակ է․ «Եկեղեցին պիտի լռի, պիտի հնազանդվի, իսկ ով չի լռում՝ կոտրելու ենք»։

Այսօր տեսնում ենք խիստ վտանգավոր գործելակերպ. մարդուն մեկ գործով տանում են քննչական մարմին, հետո նրա վրա «կարում» են իրենց նախապես ընտրված ամենածանր հոդվածները, այո, հենց այնտեղ՝ փակ սենյակներում, և ապա քաղաքական պատվերներն իրականացնող քարոզչական շները բաց թողնվում են նրա հետևից։ Սա արդարադատություն չէ, սա խարդախ, դավադիր և ստոր արարք է։

Եթե ունեիք ազնիվ և բաց դիմադրություն, պիտի քաջություն ունենայիք գնալ Մայր Աթոռ, հարցեր տալ ուղիղ, բաց ու օրինական ճանապարհով։ Երբ քաջությունը չի հերիքում բռունցքով թակել Մայր Աթոռի դուռը, բայց «բերում է» առանձին հոգևորականի վրա ուժ կիրառելու, դա խոսում է ոչ թե ուժի, այլ վախկոտության և պարտվողականության մասին։

Արշակ Սրբազանի ձերբակալությունը խայտառակ, մտածված և իշխանական ճնշման հերթական քայլ է՝ ուղղված Եկեղեցու ահաբեկմանն ու ստորացմանը։ Սա հարված է ոչ թե մեկ հոգևորականի, այլ ամբողջ հոգևոր համակարգին։

Այն, ինչ այսօր արվում է, նպատակ ունի ոչ թե արդարություն հաստատել, այլ պատժել սկզբունքայնությունը և զուգահեռ վերահսկողության տակ վերցնել կաթողիկոսական աթոռը՝ Եկեղեցու վերին իշխանությունը դարձնելով արտաքին ու ներքին շահերին ծառայող գործիք։

Մենք հայտարարում ենք կտրուկ․ Հայոց եկեղեցին ոչ մեկի «կուսակցության», «կաբինետի» կամ «քաղաքական բեմի» մաս չի կարող դառնալ։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի փորձելու իր ձեռքը մտցնել Եկեղեցու սրբության մեջ։

Սա վտանգավոր ուղերձ է ամբողջ ազգին․ եթե այսօր սկզբունքային հոգևորականի գրպանը հնարավոր է արհեստական մեղադրանք «գցել» ու նրան ձերբակալել, վաղը նույն հեշտությամբ նույնը կարող են անել յուրաքանչյուրի հետ, ով չի տեղավորվում իշխանական շահերի շրջանակում։

Պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդներն առավել խստորեն են վերաբերվում հենց սեփական ազգային արժանապատվությանը դավաճանածներին, և այդ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվել ոչ մեկին։

Դարերի ընթացքում Հայոց եկեղեցին կանգուն է մնացել թշնամական թագավորների ու կայսրությունների, արշավանքների, ցեղասպանության, արգելքների ու հալածանքների միջով անցնելիս։ Եկեղեցին չի կոտրվի նաև այսօր՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումներ, շորթում կամ սադրանքներ օգտագործվեն նրա դեմ։ Եկեղեցին անսասան է:

Հայոց եկեղեցին չի վախենում, չի նահանջում, չի ենթարկվում։

Եվ եթե որևէ ուժ փորձում է եկեղեցին դարձնել հնազանդ կառույց, ապա այդպիսի փորձերը դատապարտված են տապալման։

 

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031