Օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում նշված է. «Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում»։
Եվ մասնավորապես նշվել է, որ երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։
Այսօր ՀԾՖ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրավիրված մամուլի ասուլիսում շատ հակիրճ նկարագրեց մրցաշրջան 2025-ում ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների մասնակցության արդյունքներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ «Ծանրամարտի միջազգային եւ խոշոր մրցաշարերից տարիքային հավաքականներում ընդհանուր ունենք 91 մեդալ՝ 41 ոսկի, 28 արծաթ, 22 բրոնզ։ Չեմ տարանջատում կանաց եւ տղամարդկանց հավաքականները, որովհետեւ ձեռքբերումն ընդհանուր հավաքականինն է, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայինն է։
Տարին սկսեցինք շատ լավ՝ Եվրոպայի չեմպիոններ, կանանց հավաքականը շատ լավ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Երկու հավաքականներն էլ զբաղեցրեցին թիմային առաջին տեղը։
Կարդացեք նաև
Այս տարի ունեցանք մեծահասակների աշխարհի չեմպիոն, պատանիների աշխարհի չեմպիոն, ունեցանք Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոններ»,-ասաց նա։
Սամվել Գասպարյանը գնահատելով նվաճված ընդհանուր 91 մեդալը, որը նախորդ տարիների հետ համեմատած նկատելիորեն քիչ է, ասաց. «Ծանրամարտում քաշային կարգերը կրճատվել են։ Սկսած հունիս ամսից կրճատվել են տղամարդկանց եւ կանանց երկուական քաշային կարգեր եւ ունեցել ենք քիչ մեդալային քանակ։ Անցած տարի մասնակցել են 10 աղջիկ, 10 տղա, իսկ այս տարի՝ 8-ական։ Ունեցել ենք թերություններ, բացթողումներ, նաեւ ունեցել ենք հաջողություններ։
Գնահատականը տվել ենք։ Այսինքն, այս տարվանից սկսել ենք աշխատել կառուցողական։ Սկսել ենք վերլուծել աշխատանքները՝ ով է թերացել, ով հաջողություններ գրանցել։ Ըմբռնումով մոտեցել ենք եւ սկսել ենք բնականոն հունով աշխատել։ 91 մեդալները համեմատ անցած տարիների, ինձ թվում է այս տարի քիչ է, որովհետեւ վերլուծության արդյունքում, ի վերջո, անցած տարվա համեմատ 45 մեդալի տարբերություն է տվել՝ շատ լուրջ բացթողում է եղել։
Մենք բազմիցս քննարկել ենք մասնագետների, անձնական, հավաքականների մարզիչների հետ եւ եկել եզրահանգման, որ նախ, ծանրամարտ մարզաձեւում հոսքը քչացել է, ներքին առաջնություններում՝ մասնակիցների քիչ քանակ, դեռահասների քիչ հոսք։ Եվ պատանիների պայքարում այս տարի աշխարհի առաջնությանը ունեցել ենք քիչ մասնակից»։
Բանախոսն ընդգծեց, որ անցած տարիներին ներքին առաջնություն չի կազմակերպվել, դեռահասները չեն մասնակցել եւ զարգացում չի գնացել։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծեց, որ այս տարի ամենաբարձր ցուցանիշը եղել է տղամարդկանց պայքարում, Եվրոպայի առաջնությունում 10 քաշային կարգից 7-ը զբաղեցրել են տեղեր, վաստակել են բարձր հարգի մեդալներ։
Անդրադառնալով հավաքականներում կատարված փոփոխություններին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ գլխավոր մարզիչը ոչ թե հեռացվել, այլ փոխարինվել է։ «Կադրային փոփոխություններ են եղել։ Ինչպես լինում է մեծահասակների կամ երիտասարդների սերնդափոխություն, մարզչական շտաբում էլ եղել է սերնդափոխություն։ Փոխարինել են երիտասարդ մարզիչներ, որոնք պատրաստակամ են աշխատել միայն ծանրամարտի Հայաստանի հավաքականում»,-ասաց նա ու հրապարակեց հեռացված ու նշանակված մարզիչների անունները։
Մարզիչներին փոխարինելու, այլ ոչ թե հեռացնելու մասին մեկնաբանությունները ակնհայտորեն չհամոզեցին ասուլիսի մասնակից լրագրողների գոնե մի մասին։ Լրագրողները նկատեցին, որ ֆեդերացիայի տարածած հայտարարության եւ ասուլիսում հնչած մտքերն ըստ էության չեն համընկնում։
Մասնավորապես, հայտարարությունում մարզիչներին փոխելու կամ հեռացնելու պատճառ նշված է հավաքականների համար 2027 եւ 2028 թվականներին ակնկալվող կարեւոր իրադարձությունները, մինչդեռ, ասուլիսում Սամվել Գասպարյանը նշեց, որ ընդամենը սերնդափոխություն է տեղի ունենում։ Նաեւ հակասություն կա ասուլիսում հնչեցրած հիմնավորումներում։
Օրինակ, որ հավաքականները տարին սկսել են շատ լավ, Եվրոպայի առաջնությունում նվաճել են ինչպես անհատական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ, այլեւ Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումները, 2023 թվականից հետո այս տարի նաեւ աշխարհի չեմպիոն է ծնվել։ Բայց գրեթե ոչ մի փաստ ազգային հավաքականի գլխավոր մարզչի վատ աշխատանքի մասին։
Թերեւս, միակ բանն այն էր, որ աշխարհի առաջնությունում զրոներն ավելի շատ են եղել, քան նախորդ տարիներին։ Ստացվում է, որ գլխավոր մարզչի ղեկավարությամբ վերջին տարիներին Հայաստանին ամենից շատ մեդալ բերող մարզաձեւը ծանրամարտն է, իսկ այս տարի Հայաստանի հավաքականները նրա գլխավորությամբ հաղթել են ամբողջ Եվրոպային՝ նվաճելով թիմային չեմպիոնի կոչումներ, ֆեդերացիան նրան փոխարինում կամ հեռացնո՞ւմ է։
«Աշխարհի առաջնությունից առաջ մարզիկներ եղան, որոնք որոշել են բաց թողնել տարվա գլխավոր մրցումը՝ պատրաստ չլինելու, լավ մարզավիճակում չգտնվելու պատճառով։ Դա խնդիր է դառնում, որովհետեւ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո աշխարհի առաջնության նախապատրաստություն ենք սկսել եւ աշխարհի առաջնությանը մասնակցում է վեց մարզիկ, որոնցից երեքը ձախողում են իրենց ելույթները; Դրա հիման վրա եւ վերլուծությունների շնորհիվ եկել ենք եզրահանգման, որ մարզչական շտաբում պետք է լինեն փոփոխություններ։ Եվ 2027 թվականի կարեւոր ստուգատեսներին եւ 2028-ի ամենակարեւոր օլիմպիական խաղերին բոլորը պետք է մի բռունցք լինեն եւ գնանք առաջ՝ դեպի օլիմպիական ոսկի, դեպի աշխարհի չեմպիոններ»,-ասաց Սամվել Գասպարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































