Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը Սերժ Սարգսյանի` Պուտինին գրված նամակով նրան «վատություն» չի արել

Դեկտեմբեր 05,2025 12:00

Սերժ Սարգսյանը 2016-ին արձանագրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպառազինությունների հավասարակշռությունը խախտված է

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր: Քաղաքական ուժերը եւ նրանց հարող փորձագետները վստահաբար դրանք տեւական ժամանակ դեռ կմեկնաբանեն, յուրաքանչյուր կողմն իր օգտին:

Փաստաթղթերի շարքում, անշուշտ, ուշագրավ էր 2016թ. օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն արդեն տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել: Ինչպես եւ կարելի էր ենթադրել, իշխանության պաշտպաններն այդ նամակը ներկայացնում են որպես Հայաստանի` անելանելի վիճակի մեջ գտնվելու վկայություն ու պատերազմի վերսկսման անխուսափելիություն:

Այսպես, ՌԴ-ի դերը շեշտելով, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, որը «հետեւողականորեն ջանքեր է գործադրում ապահովելու աշխարհում կայունություն եւ անվտանգություն», Սարգսյանն, այնուամենայնիվ, հարկ է համարել հիշեցնել, որ Պուտինի հետ քննարկումների ընթացքում մեկ անգամ չէ, որ ընդգծել են հակամարտության կողմերի շահերի հավասարակշռման պահպանման անհրաժեշտությունը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացի յուրաքանչյուր փուլում: Սարգսյանը շեշտել է. «Սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով փոխադարձ անվստահության չափազանց բարձր մակարդակը, որը, ցավոք, կուտակվել է հասարակությունների շրջանում», ապա շարունակում է. «Ե՛վ Մադրիդյան սկզբունքները, ե՛ւ այսպես կոչված՝ Կազանյան փաստաթուղթը, չնայած լիովին չէին համապատասխանում հայկական կողմերի պահանջներին եւ սպասումներին, այնուամենայնիվ, որոշակի չափով հավասարակշռված էին։ Ինչպես գիտեք, Հայաստանը հրաժարվեց Կազանյան փաստաթղթի վերաբերյալ իր փոփոխություններից եւ մեկնաբանություններից՝ պայմանով, որ Ադրբեջանը նույն կերպ կվարվի։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը, կրկին անտեսելով համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կոչերը, ներկայացրեց ավելի քան տասը փոփոխություն Կազանում նախկինում համաձայնեցված ձեւակերպման վերաբերյալ։ Բացի այդ, Ադրբեջանը հրաժարվեց հենց Մադրիդյան սկզբունքներից, որոնց վրա կողմերը աշխատում էին համանախագահ երկրների միջնորդությամբ 2007-ից։ Մինչեւ վերջերս բանակցային գործընթացի տրամաբանությունը ենթադրում էր հակամարտության հետեւանքների հավասարակշռված, կողմերի համար նվազագույն ռիսկերով լիկվիդացում՝ զուգահեռաբար դրա պատճառների վերացմամբ։ Ադրբեջանի` «նախ տարածքները, հետո մնացած բոլոր հարցերը» ձեւակերպումը չափազանց վտանգավոր է։ Դրա իրականացումը թույլ կտա Ադրբեջանին ցանկացած փուլում ընդհատել կարգավորման գործընթացը՝ առանց իր համար էական ռիսկի, կամ այն ​​փակուղի մտցնել՝ անհիմն, մաքսիմալիստական ​​պահանջներ ներկայացնելով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կդառնային գործընթացի գերին»։

Սարգսյանը շեշտում է, որ «վերջին մի քանի տարիներին» Բաքուն նպատակաուղղված կերպով սրել է լարվածությունը հակամարտության գոտում, որն ի վերջո 2016թ. ապրիլի սկզբին վերաճեց ԼՂ-ի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի: Ապա Սարգսյանն արձանագրում է. «Ցավոք, նույնիսկ այսօր Բաքվի կանոնավոր սպառնալիքները, դարձյալ հաճախականացած հրադադարի խախտումները, խաթարված սպառազինությունների հավասարակշռությունը եւ ադրբեջանական ղեկավարությանը ոգեւորող համանախագահների կողմից հակամարտության կողմերին ուղղված անպատասխան կոչերը, կարող են հրահրել ռազմական գործողությունների վերսկսում»:

Սա, թերեւս, ամենակարեւոր արձանագրումն է, որն արել է Սերժ Սարգսյանը` շատ հստակ արձանագրելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպառազինությունների հավասարակշռությունը խախտվել է, այսինքն, տարածաշրջանում խաթարված է ուժերի հարաբերակցությունը, իսկ դա կարող է ոգեւորել Ադրբեջանի իշխանություններին ու դրդել Ալիեւին դիմելու ագրեսիայի:

Սարգսյանը նշում է, որ Բաքուն որդեգրել է ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշում՝ հրաժարվելով իրականացնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդլայնելու եւ հրադադարը պահպանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ես խիստ անհանգստացած եմ նախագահ Ալիեւի կողմից Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքների մեկնաբանությամբ: Նա պնդում էր, որ մենք իբր պայմանավորվել ենք հանձնել հինգ, ապա եւս երկու շրջան, եւ միայն դրանից հետո կքննարկվեն մնացած բոլոր հարցերը: Սա կամ գործընթացը խափանելուն ուղղված սադրանք է, կամ ապագայի համար պահանջատիրական դիրքորոշում հաստատելու փորձ։ Նման սցենարներից խուսափելու համար ձեւակերպումներում բացարձակ պարզություն է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ ուժի կիրառման մշտական ​​սպառնալիքների, հայատյաց հռետորաբանության եւ ձեռք բերված վստահության ամրապնդման համաձայնագրերը կիրառելուց հետեւողականորեն հրաժարվելու պայմաններում չափազանց դժվար է փնտրել եւ գտնել փոխզիջումներ», գրել է Ս. Սարգսյանը։

Ապա, Սերժ Սարգսյանն անդրադառնում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված գաղափարներին ու արձանագրում է, որ դրանցում Բաքվի կողմից որեւէ փոխադարձ զիջում չի սպասվում. «Իրական տարածքային զիջումը չի կարող փոխհատուցվել ընդամենը համանախագահ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանը որեւէ հստակ պարտավորություն չի ստանձնում Լեռնային Ղարաբաղում ապագա հանրաքվեի կամ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ: Ես համոզված եմ, որ հինգ շրջաններ ձեռք բերելով՝ Ադրբեջանը կդառնա ավելի ապակառուցողական։ Ակնհայտ է, որ Բաքուն հույս ունի մեծացնել ռազմական եւ դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով այդ շրջանները, ձգտելով վերադարձնել նաեւ այլ տարածքներ, միաժամանակ հղում անելով իր ներքին օրենսդրությանը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելուց խուսափելու համար։ Գործնականում Ալիեւը պահանջում է միայն իր սեփական խնդիրների լուծումը՝ միջանկյալ կարգավիճակի ամորֆ տարբերակի եւ հանրաքվեի բացարձակապես մշուշոտ, անորոշ հեռանկարի դիմաց՝ փորձելով վերանայել 2009-ի մայիսին ձեռք բերված եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ բազմիցս հաստատված հիմնարար համաձայնագիրը»։

Սարգսյանը Պուտինին հիշեցնում է, որ ԼՂ-ի ժողովրդին, որը 1991-ին, ԽՍՀՄ եւ միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ, հանրաքվեի ճանապարհով ինքնորոշվել է որպես անկախ պետություն, հսկայական կորուստների գնով պաշտպանել է այդ անկախությունը եւ ստեղծել կենսունակ պետություն, առաջարկվում է նոր, անորոշ ժամանակով հետաձգված հանրաքվե, որի անցկացումը Ալիեւը բացառում է նույնիսկ հեռավոր ապագայում։

Այնուհետեւ Սարգսյանը Պուտինին առաջարկում է, թե ինչ է անհրաժեշտ.

  1. Դիտարկել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը խաղաղ կարգավորման բոլոր փուլերին։
  2. Նշել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը արտահայտող համազգային քվեարկության ժամանակ «բնակչություն» ասելով նկատի են առնվում ցանկացած ազգության անձինք, որոնք 1988-ին բնակվել են ԼՂ-ում՝ նույն համամասնություններով, որոնք գոյություն ունեին հակամարտությունից առաջ ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի համաձայն։ Քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումը որեւէ կերպ չի սահմանափակվի, ինչը ենթադրում է ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն (այս ձեւակերպումը առկա է բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք կողմերի միջեւ բանակցությունների առարկա են եղել եւ փոխանցվել են ԵԱՀԿ քարտուղարությանը պահպանման համար)։
  3. Արձանագրել, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները կմնան Լեռնային Ղարաբաղի լիակատար վերահսկողության ներքո։
  4. Ընդգծել, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի «ժամանակավոր կարգավիճակ»։
  5. Նշել, որ Ադրբեջանին վերադարձված հինգ շրջանները պետք է մնան ապառազմականացված։
  6. Հայտարարել, որ համանախագահող երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցներ կկիրառեն հրադադարը խախտող կողմի նկատմամբ։
  7. Հայտարարել, որ եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, համանախագահող պետությունները կսկսեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը։

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ այդ տոնայնությամբ խոսել

Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը նման բովանդակությամբ նամակ գրել Պուտինին: Պատասխանը առավել քան պարզ է: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից երկու շաբաթ անց Լավրովը Երեւան էր ժամանել:

Մի քանի կարեւոր իրադարձություններ էին նախորդել ՀՀ ԱԳՆ-ում նրա ասուլիսին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը նույնպես ռուսական պատվիրակության կազմում ժամանել էր Երեւան, պատասխանելով հարցին, թե արդյոք Լավրովը որեւէ պլան է տանում Երեւան, այդ ասուլիսից մեկ օր առաջ նշել էր` Սերգեյ Լավրովը երբեք որեւէ տեղ դատարկաձեռն չի գնում ու հավելել էր. «Ասել թե դա պլան է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»:

Մ. Զախարովան մարտի 31-ին, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում էին, հայտարարել էր, թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ աշխատում են ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն նաեւ հավելել էր. «Չի կարելի ասել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի գոյություն ունեցող մոտեցումները բոլոր հարցերում նույնական են կամ համընկնում են»: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ ո՞ր հարցում կային տարաձայնություններ ԼՂ կարգավորման գործընթացում, որո՞նք էին Լավրովի գաղափարները, որոնք նա ներկայացրել էր պաշտոնական Երեւանին ու Բաքվին, եւ դրանք համաձայնեցվա՞ծ էին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, այդ օրերին դեռեւս պարզ չէր:

Ի դեպ, Լավրովը ապրիլի 7-ին ՏԱՍՍ-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել էր ռուսական նախաձեռնության մասին, անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը, եւ նշել էր, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերից բացի, հանդես է գալիս նաեւ «սեփական նախաձեռնություններով»: Եվ հարկ է հիշեցնել նաեւ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ, մի քանի ամիսներին պաշտոնական Բաքուն անընդմեջ խոսում էր Լավրովի առաջարկների մասին: Իսկ Ալիեւը իր իսկ սանձազերծած պատերազմի հաջորդ օրը` ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստում նշել էր. «ՌԴ նախագահը եւ ՌԴ ԱԳ նախարարը մյուս համանախագահների հետ հանդես են եկել որոշ առաջարկներով: Մենք դա ողջունեցինք: Այդ առաջարկներում խոսք է գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»: Ադրբեջանի այն ժամանակվա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին, ապրիլի 7-ին, Լավրովի` Բաքվում եղած ժամանակ, Լավրովի ներկայությամբ նշել էր. «Ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա»: Այսինքն, Բաքվի կողմից ռուսական առաջարկներն այդ փուլում արդեն իսկ համարվում էին ընդունելի տարբերակ:

Ահա, Լավրովի ապրիլյան երեւանյան բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ում հրավիրվել էր ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը, որին մասնակցել էինք: Լավրովն այդ օրը դատապարտող որեւէ խոսք չասաց` 2 շաբաթ առաջ ընդդեմ Արցախի Ալիեւի սանձազերծած պատերազմի առնչությամբ:

Հատկանշական է, որ Լավրովի երեւանյան բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակավ մի ուշագրավ հարցադրում արեց նրան. «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Այս հանդիպման տեսանյութում ակնհայտ երեւաց, որ Լավրովը հանկարծակի է գալիս Սարգսյանի հարցից, նա սկսեց, կարծես, արդարանալ. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը:

Մենք փորձել ենք, փորձում ենք եւ կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, եւ ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր եւ, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի համար պայմաններ»:

Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն անթաքույց Մոսկվայից բացատրություն պահանջեց`ինչո՞ւ Ալիեւը ընտրեց պատերազմ սանձազերծելու իր պլանը, ո՞ւմ լուռ համաձայնությամբ, եւ կա՞ր երաշխիք, որ նույնկերպ չէր վարվելու:

Ի դեպ, Լավրովի վերոնշյալ այցից հետո Ս.Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ ժամանակն է` վստահության միջոցառումներ ձեռնարկել, վերահսկողություն իրականացնել, հասցեական հայտարարություններ անել, ապա խոսել էր ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով, եւ ընդգծել, որ նման հնարավորություն չի տեսնում. «Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի միջեւ»:

Ապա հավելել էր. «Անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլեւս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:

Եվ ուշագրավ էր, որ այդ օրերին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը եւս անդրադարձել էր խաղաղապահների թեմային` նշելով, որ գոյություն չունի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու կոնկրետ հարց:

Այո, 2016թ. արդեն հստակ էր, որ լայնածավալ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եւ որ Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված, բայց չգործող հրադադարը բավարար չէ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար: Սա գիտակցում էին բոլորը:

Հարկ է նաեւ նկատել, որ այդ օրերին Երեւանում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը նշել էր, որ Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ եւ հսկման սարքեր: Այսինքն` ԱՄՆ-ն կողմ էր, Ֆրանսիան կողմ էր:

Մի կողմից պարզ էր, որ Ալիեւը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծելու իր որոշմամբ հրաշալի հնարավորություններ էր ստեղծել, որպեսզի թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ պաշտոնական Երեւանը կարծրացնեին իրենց դիրքորոշումը, իսկ միջնորդներն արդեն այլ լեզվով խոսեին ագրեսիայի դիմած կողմի հետ: Սակայն դեպքերն այլ ուղղությամբ զարգացան:

Այնպես որ, Սերժ Սարգսյանի նամակի բացահայտմամբ իշխանությունները նրան ամենեւին էլ «վատություն» չեն արել: Ընդհակառակը, այդ նամակը ցույց է տալիս, որ այն ժամանակվա իշխանությունն ամեն կերպ փորձել է պահել Արցախի ու արցախցիների իրավունքները:

Ցավալին միայն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն այսօր չեն խոսում 2009-2010 թվականներից Հայաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության փոփոխության պատճառների մասին, որի արդյունքում էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խախտվել էր սպառազինությունների ու ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031