Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամկետները հաճախ խախտվում են, հատկապես Երևան քաղաքի դատարաններում». ՍԴ դիմումատու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերություն

Դեկտեմբեր 05,2025 13:30

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության (ներկայացուցիչ՝ փաստաբան Արսեն Թավադյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2025 թ. նոյեմբերի 7-ից։ Ներկայացնելով թիվ ԵԴ/12634/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Սահմանադրական դատարան դիմողը նշել էր, որ անհատական դիմումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով գործատուի վրա է դնում աշխատողին միջին աշխատավարձ վճարելու պարտականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի ժամկետն անցնելուց հետո, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին:

Ըստ դիմողի՝ պետությունն ստանձնել է պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու, որ աշխատանքային վեճն առաջին ատյանի դատարանում քննվելու և լուծվելու է առավելագույնը 3 ամսվա ընթացքում, ՀՀ վերաքննիչ դատարանում՝ 6 ամսվա ընթացքում և ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ողջամիտ ժամկետում: Այս համատեքստում դիմողն ավելացնում է, որ ո՛չ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և ո՛չ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափ չեն նախատեսում:

Դիմող ընկեության ներկայացուցչի պնդմամբ՝ «նշված ժամկետային սահմանափակումների պահանջները հաճախ խախտվում են «հատկապես Երևան քաղաքում քննվող աշխատանքային 3 վեճերի պարագայում, իսկ այդ խախտման բացասական հետևանքը դրվում է բացառապես գործատուի վրա»: Մասնավորապես,  ԵԴ/12634/02/18 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ 2018 թ. հուլիսի 2-ին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում առաջին քննության արդյունքում վճիռը կայացվել է 2022 թ. օգոստոսի 12-ին, այսինքն՝ գործի քննությունը տևել է 4 տարուց ավելի: Մյուս ատյաններում ևս, գործի քննությունը նույնպես գերազանցել է օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, այդ թվում՝ դատական ակտերը հրապարակվել են շատ ավելի ուշ, քան հրապարակման հայտարարված օրը:

«Գործատուն պետք է պատասխանատվություն կրի իր գործողություններով պատճառված, դրանց հետ պատճառահետևանքային կապ ունեցող վնասների, հետևանքների համար: Հարկադիր պարապուրդի այն հատվածը, որը ձևավորվել է գործատուի վարքագծի պատճառով, պետք է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 3 ամիս լինի: Դա է այն ժամանակահատվածը, որի համար պատասխանատու է գործատուն և որը առաջանում է վերջինիս մեղավոր գործողությունների հետևանքով»,-բարձաձայնել էր դիմողը։

Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որևէ տարբերակում չի նախատեսվում և պարտադրվում գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Դիմողը պնդում է, որ այն պայմաններում, երբ սահմանափակված չէ հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափը, գործատուն հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների միջև. «երբ ձևական իրավական առումով մրցակցային և իրավահավասար դատավարության շրջանակներում ստիպված է ընտրություն կատարել՝ շարունակելու իր իրավունքների  պաշտպանությունը՝ վերաքննության և վճռաբեկության փուլերի միջոցով՝ կրելով արդեն զբաղված աշխատողին հարկադիր պարապուրդ վճարելու ռիսկը, թե իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված լրացուցիչ վնասներ կրելու ռիսկով պայմանավորված ստիպված հրաժարվելու իր դատական պաշտպանության իրավունքի իրացումից»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

ՍԴ դատական կազմի որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ այս գործը երեկ ընդունվել է քննության:

«Առավոտ» օրաթերթ
04.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031