Լրահոս
Օրվա լրահոսը

Այ սա՛ է ազգային անվտանգության խնդիր` հայ եկեղեկեցականի կերպարի արժեզրկումը. «Ազգ»

Դեկտեմբեր 05,2025 11:12

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի թեման այս անգամ էլ չշրջանցվեց նույնիսկ խորհրդարանում, կառավարության ղեկավարի ամենօրյա թեժացումին զուգահեռ, «ռոմանտիկ սիրային հարաբերություն սեփական քեռակնոջ հետ» դատափետմամբ` առ եկեղեցու սպասավոր: Այս բնույթի ձեւակերպումները ԱԺ ամբիոնից եւ երկրի ղեկին գտնվող անձանցից լսելիս ես վիրավորվում եմ, որպես հայ մարդ, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ինձ համար վիրավորական է Եկեղեցու ինստիտուտի արժեզրկումը հրապարակայնորեն, ի տես աշխարհի: Ինձ համար ամոթ է, որ իմ երեսով տան Հայ եկեղեցին ներկայացնողների այդպիսի կերպար, անկախ նրանից , թե բարձրաձայնվածը հետագայում ժխտվում է, թե՞ հաստատվում, այդ բարձրաձայնումն այդ պահին կեղտի պես կպչում է: Մանավանդ, երբ այդ անեն այլազգիները, որոնց չարախնդության օրինակների ականատեսը եղել եմ արդեն: Այ սա՛ է ազգային անվտանգության խնդիր` հայ եկեղեկեցականի կերպարի արժեզրկումը, որն այլազգիները կարող են նույնացնել հայերիս կերպարի հետ առհասարակ: Սա ավելի թունդ անվտանգության խնդիր է , քան Նիկոլ Փաշինյանի` կաթողիկոսի հետ նույն հոգեւոր հաստատությունում գտնվելը, ինչպես ինքն է ասում: Եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչու պիտի տասը միլիոն հայերիս ներկայացնող Եկեղեցու հարցերը երեք միլիոն հայերիս պետության պաշտոնյաներն իրենց իրավասու համարեն լուծել:

Իհարկե, ես երբեք չեմ թաքցրել իմ այն համոզմունքը, որ մեր Եկեղեցին նորոգվելու կարիք ունի, անգամ մինչեւ կուսակրոնության վերանայում, որպես հակամարդկային ծիսականոն, եւ հուսով եմ, որ առաջիկա եպիսկոպոսական ժողովը կելնի ոչ թե անձերի պաշտպանությունից, այլ Եկեղեցու հեղինակության, որպես հայերիս արժանապատվության, պաշտպանության հրամայականից: Ու հարգված եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերջին հայտարարության մեջ այդպիսի ակնարկներ ես տեսա, ի տարբերություն հայտնի տասը եպիսկոպոսներից հատկապես աղքատության, հնազանդության եւ կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոսների կեցվածքի (պատգամավոր Աննա Գրիգորյանի ձեւակերպումն է):

Եւ էլի հուսով եմ, որ մեր պետական պաշտոնյաները, անկախ ստույգ փաստի , թե տարածված բամբասանքի վրա են հենվում, իրենց հրապարակային խոսքի ավերների մասին կմտածեն` հանրության հոգեբանության խաթարման եւ հայերիս արժապատվությունը վիրավորելու բացվածքով վերլուծելով իրենց ասածները:

Իհարկե, կարելի էր ինչ-որ պահի ընկնել դավադրությունների տեսությունների խելքին, թե բա արտաքին պատվեր կա` կազմաքանդելու Հայ Առաքելական եկեղեցին, մեր հոգեւոր կյանքը տանելու դեպի հոգեւոր մենիշխանության համաշխարհային միտումներ, դեպի հայերիս պառակտման դաշտ, մասոնական օթյակների եւ արտերկրի շահերի սպասարկաման տիրույթներ` հոգեւոր անձերին, պետության ու հայի կերպարն արժեզրկելու, հայերիս դիմադրողականության թուլացման համատեքստում: Բայց եւ չեմ գայթակղվի առայժմ տարածված այդ պարզունակ բացատրություններով ու կսպասեմ ե՛ւ մեր հոգեւոր ոլորտի այրերի, ե՛ւ մեր պաշտոնյաների` իրենց դերն ու առաքելությունը վերջապես վերագնահատելու հասունությանը` համահայկական նշանակության խնդիրներին ավելի զղգուշավոր եւ պատասխանատու վերաբերվելու հույսով: Մանավանդ պաշտոնյաների: Այդպես մի՛ արեք, տղաներ եւ աղջիկներ, չէ՞ որ ձեզ համար էլ պիտի ծանր լինի նսեմացված հոգեւոր ոլորտի հետ նույնացված հայ լինել:

Մյուս կողմից, Եկեղեցին դուրս չէ մեր հասարակությունից, այն հասարակությունը, որն ինքը չի բարեփոխվում, չի կրթվում, նրա բարքերը երբեմն աբսուրդի աստիճան հեռու են տրամաբանությունից, բարեկրթությունից, նորմալ կենցաղից. ո՞նց կարող է բարեփոխված եկեղեցի, կամ պետական մտածողությունը մաշկով կրող պաշտոնյա ունենալ, սա ընդհանրական, մեր բարքերի համալիր փոփոխության խնդիր է:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031