Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյանիր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Շիրակի թեմը՝ կիրակի օրը Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցելու է նորաօծ տեր Գառնիկ քահանա Ավոյանը, որի անդրանիկ պատարագն է լինելու։
Սակայն Aravot.am-ի հետ զրույցում նորաօծ քահանան տեղեկացրեց, որ տեղափոխություն է եղել, ինքը չի լինելու պատարագիչը, իր անդրանիկ պատարագը մատուցելու է Ամենափրկիչ եկեղեցում։
«Եթե մատուցած պատարագում անպայման հնչելու է Վեհափառ Հայրապետի անունը, ոչ մի դեպքում դեմ չեմ գնալու եկեղեցու կանոններին»,-ասաց տեր Գառնիկ քահանա Ավոյանը։
Թե ով է լինելու այն հոգևորականը, որը կմատուցի պատարագ Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ զեղչելով Վեհափառի անունը ու խմբագրելով տեքստը, դեռ հայտնի չէ։ Շիրակի թեմի հոգևորականներն այս մասին տեղեկություն չունեն, նրանք միայն նշում են, որ Շիրակի թեմից նման պատարագիչ գտնելն անհնար է, ոչ մեկը չի համաձայնել Փաշինյանի պահանջին։ Նրանք հուշում են, որ պատարագիչը կլինի դրսից՝ ոչ Շիրակի թեմից։
Նշենք, որ նորաօծ քահանա տեր Գառնիկը 44-օրյա պատերազմի մասնակից է, եղել է բանակի սարկավագ, նա ամուսնացել է արցախցի Գոհար Գյուրջյանի հետ։
«Ճանապարհ դեպի Արցախ» հաղորդման ժամանակ Տեր Գառնիկը խոսում է Արցախից, բանակում հոգևորականի դերից։
«Հոգևորականի դերը շատ կարևոր է բանակում, գաղափար ունեցող բանակն ավելի ամուր է, կարող ենք լինել թեկուզ փոքրաթիվ, բայց գաղափարի դեպքում մեր ուժերը կրկնապատկվեն։ Եվ հույսը, գաղափարը ու հավատը առ Աստված ամենամեծ զենքերն են, որ 21-րդ դարում կարող է ունենալ մարդը»,- ասում է տեր Գառնիկը։
Նա նաև նշում է, որ եթե թույլ տային զինվորը կռվեր պատերազմի դաշտում, նրանք կկռվեին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Տեր Գառնիկի ֆեյսբուքյան էջից


















































