«Շատ ուրախ եմ, որ բանակցային փաստաթղթերը հանրայնացվել են, որովհետեւ երկար տարիներ Նիկոլ Փաշինյանն ու իր շատ թիմակիցները եւ մինչեւ 2018 թվականը, եւ 2018 թվականից հետո խեղաթյուրել են ողջ գործընթացի էությունը։ Եվ այդ փաստաթղթերի հանրայնացումը հնարավորություն է տվել հասարակությանը, դրանով հետաքրքրված քաղաքացիներին, փորձագիտական շրջանակներին ծանոթանալու բանակցային գործընթացի դինամիկային վերջին երեք տասնամյակի ընթացքում»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի վերաբերյալ ներկայացված են երեք փաստաթղթեր, որոնք հստակ ցույց են տալիս, թե Արցախի հարցի կարգավորման մասով ինչպիսին է եղել ՀՀԿ-ի եւ համանախագահ երկրների մոտեցումը։ «Այդ փաստաթղթերի պարագայում նաեւ մարդկանց մոտ այլ հարցեր են առաջացել, հատկապես այդ փուլում Նիկոլ Փաշինյանի զրոյական կետից սկսելու, այսպես կոչված, Մյունխենյան սկզբունքներն առաջին պլան բերելու հարցով։ Դեռ չեմ ասում, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների անընդհատ արմատական փոփոխությունների մասին, որոնք ի վերջո բերեցին Արցախի հանձնմանը»,- նշեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ անդրադարձավ Սերժ Սարգսյանի նամակին ՝ուղված ՌԴ նախագահին։ Հարցին, թե այդ նամակին եղե՞լ է պատասխան ՌԴ նախագահի կողմից, Մամիջանյանը պատասխանեց․ «Այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել, թե դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, որ հետագա փաստաթղթերում ամրագրվեց միջանկյալ կարգավիճակը՝ իր բոլոր երաշխիքներով, հանրաքվեն, որը հիմա որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանի ողջ տարածքում էր լինելու։ Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում եւ Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, թե ինչ էր լինելու արդյունքը։ Եթե Ադրբեջանը երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայներ, Լաչինն ու Քարվաճառը կմանային հավերժ հայկական, ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, երբ Փաշինյանի դավաճանության եւ հանձնման հետեւանքով առաջին անգամ ոտք դրեց այդ տարածքներ։ Այդ նամակի պատասխանն էր այն երաշխիքները, որոնք ստանալու էր Արցախը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































