«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարել էր Հայաստանում կենսաթոշակները երկու տարվա ընթացքում 50 տոկոսով բարձրացնելու իր ծրագրի մասին եւ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ ներկայացնելով ծրագիրը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից ստացել են պատասխան՝ բյուջեում միջոցներ չկան։ Այս պատասխանը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը «ցինիկ» է համարում։
Այսօր հրավիրված ասուլիսում, Ավետիք Չալաբյանը ներկայացրեց բյուջետային այն միջոցները, որոնք հնարավոր է ուղղել կենսաթոշակների բարձրացմանը․ «2026-ին 187 միլիարդով աճում է պետբյուջեի ծախսային մասը եւ եթե հաշվի առնենք, որ պաշտպանական ծախսերը նվազում են 100 միլիարդով՝ շատ վիճելի կերպով, կստացվի, որ փաստացի բաշխման ենթակա բյուջետային միջոցները կազմում են 287 միլիարդ դրամ։ Այս միջոցների ընդամենը 30 տոկոսը եթե հատկացվեր կենսաթոշակների բարձրացմանը, մեր առաջադրած խնդիրն առաջին փուլով լուծելը՝ 25 տոկոսով բարձրացնելը, միանգամայն իրատեսական կլիներ։ Դրա փոխարեն, միջոցները հատկացվում են կասկածելի ուղղությունների։ Օրինակ, հաջորդ տարի 28 միլիարդ դրամով ավելանում է պետական պարտքի սպասարկման գումարը, 29 միլիարդով ավելանում են ճանապարհաշինարարության վրա ծախսերը, որոնց հիմնավորումը չկա, հիմա էլ տեսնում ենք կրկնակի, եռակի ասֆալտապատում եւ հսկայական ծախսեր, 5 միլիարդով ավելանում են հարկային եւ մաքսային ծառայությունների ծախսերը, որոնք նախորդ տարիներին էլ անհամամասնորեն աճել են եւ 111 միլիարդ դրամ նախատեսվում է շատ քննադատված եւ ծայրահեղ վիճելի առողջապահական ապահովագրությանը»։
«ՀայաՔվեն», հիշեցնենք, առաջարկել էր երկու տարվա ընթացքում 50 տոկոսով կենսաթոշակները բարձրացնելու տարբերակը։ Խոսքը նվազագույն՝ 36 հազար դրամ եւ միջին՝ 48 հազար դրամ կամ դրան մոտ թոշակ ստացողներին է վերաբերվում։ Այս մարդիկ Հայաստանի թոշակային տարիքի բնակչության 90 տոկոսն են կազմում։ Համեմատության համար հավելենք, որ սպառողական նվազագույն զամբյուղը մեր երկրում 80 հազար դրամ է։
Նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը համեմատության կարգով նշեց՝ նվազագույն թոշակի մասով Հայաստանը Ադրբեջանին զիջում է երկու անգամ, Վրաստանին՝ 1,5, Թուրքիայի՝ երեք անգամ։
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանն էլ նկատեց՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում իրավապահ համակարգում աշխատավարձերը երեք անգամ բարձրացել են․ «Իշխանությունը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով թոշակառուներին։ Թոշակառուները մեկ բան հստակ պետք է գիտակցեն՝ իրենց փորը դատարկ է, որովհետեւ դատախազի փորը լիքն է»։
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց այն մասին, թե ինչո՞ւ կենսաթոշակները չեն բարձրացնում՝ ասելով, որ կենսաթոշակառուները դա չեն կարողանալու ողջամիտ ծախսել։ Ավետիք Չալաբյանը սա աբսուրդի ժանրից է համարում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին կենսաթոշակն ընդամենը 22 տոկոսով է աճել։
Հայաստանում կես միլիոն մարդ ապրում է բացարձակ աղքատության մեջ։ Հայաստանում կա մոտ 502 հազար թոշակառու եւ մոտ 160 հազար նպաստառու։ Կան մարդիկ, որոնց եկամուտի համաձայն՝ օրական 600 դրամ են ծախսում։
«ՀայաՔվեն» դեկտեմբերի 1-ից ստորագրահավաք է սկսել՝ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու հարցով։ Այն առնվազն երեք ամիս կշարունակվի։ 5 հազարից ավել ստորագրություն արդեն կա։ Նախաձեռնության անդամները հույս ունեն, որ կառավարությունը չի կարողանա անտեսել ստորագրահավաքի արդյունքները։
Ավետիք Չալաբյանը նաեւ ասում է՝ առաջիկայում ընտրություններ են եւ յուրաքանչյուր ստորագրություն գործող իշխանությանը դեմ կամ կողմ քվե է դառնալու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































