«Պիղծ են այս մարդկանց արարքներն ու գործողությունները, որ անգամ մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացնում, ասենք 7-8 տարվա վաղեմության ժամկետներն անցած ենթադրյալ գործողություների մասով, որոնք ակնհայտորեն շինծու են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանին ներկայացված մեղադրանքին:
«Կարծում եմ, որ սա պետք է ազդակ լինի հանրությանը՝ հիմնովին, հիմնահատակ մերժելու այս այլանդակությունը, այս այլանդակությունը կրող քաղաքական իշխանությանը եւ նրա հլու-հլու հնազանդ կամակատար դատախազությանը…Վերջինիս գործողությունը ոչ այլ ինչ է, քան ծառայել նեռին, սատանային, հակահային»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
«Այս մարդկանց տակտիկան պետք է ժողովրդի համար պարզ լինի՝ սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է․ սկզբում վարկաբեկել են, որովհետև չեն մարսում այն նզովքը, որը նա արեց, այնուհետեւ փորձել են քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ տանել սահմանափակումների…Այսպիսի բան հայ ժողովրդի պատմության մեջ նույնիսկ թաթար-մոնղոլական ժամանակներում չի եղել»,-ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը դիմեց այն սրբազաններին, որոնք հրապարակային դուրս են եկել Վեհափառի դեմ՝ նշելով, որ այս իշխանությունները նրանց իբրեւ գործիք են օգտագործում. «Անգամ, եթե նույնիսկ եթե ձեր հոգեւոր եղբայրներից նեղված ու նեղացած եք, խնդիրները լուծեք ներսում, մի պառակտեք եկեղեցին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































