ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ գոհունակությամբ նշելով ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. նախարար Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր ՀՀ կառավարությունը տեսնում է հենց ժողովրդավարությունն, ուստի վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը։
Արարատ Միրզոյանը և ԺՀՄԻԳ տնօրենն անդրադարձ են կատարել խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմներին՝ շեշտելով համագործակցության պատրաստակամությանը նաև այս ուղղությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն


















































