Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին ենթարկվել է ՔԿ քննիչն իր ողջ քննչական խմբով. AntiFake.am

Դեկտեմբեր 05,2025 17:47

AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի մասին 

Քննչական կոմիտեի կողմից մեզ վերադարձվեց AntiFake.am լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը։ Հատկանշական է, որ վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմի»-ի բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս հանցակազմ կարող էր լինել, ապա այդ դեպքում անգամ մեզ երեկ վերադարձված տեխնիկան որևէ տեսական հետաքրքրություն չէր կարող ենթադրել նախաքննական մարմնի համար։

Ինչևէ, նախաքննական մարմինը շուրջ 22 օր ուշի ուշով զննել է տեսախցիկների և խոսափողների շտատիվները, ձայնի որակի կարգավորիչները, խոսափողները, դրոններն ու տեսախցիկները, լարերն ու էներգաբանկերը և զարմանալիորեն քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չի հայտնաբերել և «մեծահոգաբար» տեխնիկայի այդ մասը վերադարձրել է։ Խմբագրությունից առգրավված համակարգիչները, անվտանգության տեսախցիկների DVR-ը, լրագրողների անձնական օգտագործման համակարգիչներն ու աշխատանքային նոթատետրերը դեռևս գտնվում են նախաքննական մարմնի մոտ։

Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ նախաքննական մարմնի կողմից մեր տեխնիկայի առգրավումը, դրա կարևոր մասի՝ մինչ այս պահը չվերադարձնելը, ինչպես նաև մեր լրատվամիջոցի առաջատար մեդիադեմքերի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումն ու ապօրինի անազատության մեջ գտնվելն ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին հլու հնազանդ ենթարկվել է ՔԿ համապատասխան քննիչն իր ողջ քննչական խմբով։ Մեր խմբագրության տեխնիկայի առգրավման ապօրինի գործողությունը հետապնդել է մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու, ավելին, ելնելով առգրավված տեխնիկայի ցանկից, մեր գործունեությունը կասեցնելու նպատակ։

Հայտնում ենք նաև, որ անկախ ամեն ինչից այս ողջ ապօրինությունների շղթայի թե՛ պատվիրատուն, թե՛ այն իրականացնող բոլոր անձինք վաղ թե ուշ կանչվելու են պատասխանատվության։

AntiFake.am-ի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031