Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, օրհնությամբ Արևմտյան Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում կայացավ հայկական ամանօրյա դպրոցների հանդեսը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս՝ Թեմակալ Առաջնորդ Հովնան Սրբազանի նախաձեռնությամբ, հայկական ամենօրյա դպրոցների սաները միասնաբար տոնում են Սուրբ Ծննդյան և Ամանորի բերկրալից տոները։ Սա եզակի առիթ է հայկական դպրոցների սաների համար՝ մեկտեղվելու, իրար հետ մտերմություն հաստատելու և ընկերանալու համար։
Այս տարի ևս ներկա էին Մանուկյան-Դեմիրճյան, Հովսեփյան, Սահակ-Մեսրոպ և Մերդինյան դպրոցների ավելի քան 350 աշակերտներ, ուսուցիչներ և տնօրեններ։ Առաջնորդ Սրբազանին ուղեկցում էին Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը և Արժանապատիվ Տեր Գևորգ Քահանա Աբյանը։ Հանդիսությունն սկսվեց աղոթքով։ Այս տարի հանդիսության գեղարվեստական մասի պատասխանատուն Մանուկյան-Դեմիրճյան դպրոցն էր։ Սաները ներկայացրեցին սուրբգրային գեղեցիկ պատմություններ, կատարեցին հոգևոր և աշխարհիկ հրաշալի կատարումներ։
Ապա տարբեր կատարումներով հանդես եկան նաև մյուս դպրոցների աշակերտները։ Հանդիսությունը լի էր տոնական գեղեցիկ տրամադրությամբ։ Հանդիսության ավարտին, օրհնության խոսքի համար հրավիրվեց Առաջնորդ Սրբազան Հայրը։ Իր խոսքում՝ Հովնան Սրբազանը գնահատանքի և օրհնության արժանացրեց նախ Մանուկյան-Դեմիրճյան, ապա նաև Մերդինյան, Սահակ-Մեսրոպ և Հովսեփյան դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և սիրելի աշակերտներին։ Սրբազան Հայրը շնորհավորեց նաև բոլոր ներկաներին՝ գալիք տոների առիթով։ Ապա, Սրբազան Հոր առաջնորդությամբ, բոլորը սրտաբուխ աղոթք բարձրացրեցին առ Աստված։ Հավարտ հանդիսության՝ կազմակերպված էին հյուրասիրություն և նվերներ բոլոր ներկաների համար։
ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ


















































