Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ տեսարան՝ Գյումրու սրտում գտնվող զբոսայգում․ ինչպես նշեցին կամավորների միջազգային օրն այս քաղաքում

Դեկտեմբեր 06,2025 18:10

Այս տարի Գյումրիում կամավորների միջազգային օրը նշվեց յուրօրինակ ձևով․ միջոցառումները մեկնարկեցին քաղաքի սրտում գտնվող Հաղթանակի զբոսայգու մաքրման աշխատանքներով։

Մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ՝ բահերը ձեռքերին,  շտապում էին զբոսայգի՝ այսպիսով մեծ հետաքրքրություն առաջացնելով հարակից կենտրոնական շուկայում ու խանութներում աշխույժ առևտրով զբաղվող, կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց մոտ։

Կազմակերպիչը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»  հասարակական կազմակերպությունը ( ծրագիրն իրականացնում է Հայաստանում «Էրազմուս +Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների հետ համատեղ ), «Կանաչ տեսլական» խորագիրը կրող հայտարարությամբ բնապահպանական այս ակցիային միանալու կոչ էր արել․ «Մի պարզ քայլ, որը կարող է փոխել Հաղթանակի զբոսայգու տեսքը․ միացե՛ք»։

Այս նույն կառույցն ամեն տարի տարբեր թեմաներով ու ձևաչափերով, հետաքրքիր միջոցառումներով է արժևորում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից դեռ 1985 թվականի դեկտեմբերի 5-ին հռչակված կամավորների միջազգային օրը՝ այսպիսով  ձևավորելով կամավորության մշակույթը հայ հասարակության մեջ, մեծ թվով մարդկանց ոգեշնչելով՝ ընդգրկվելու մարդասիրական այս գործընթացում։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը 17 տարի շարունակ նշում է կամավորների միջազգային օրը, քանի որ կամավորական աշխատանքի խթանումը իրենց կառույցի հիմնական ուղղություններից մեկն է։

«Այս տարի բնապահպանական խնդրի վրա ենք շեշտադրում արել, քանի որ այն ներկայիս աշխարհում առաջնահերթություններից մեկն է՝ թե՛ միջազգային հարթակում, թե՛ մեր երկրի ներսում։

Իհարկե, ունենք մի քանի մասից բաղկացած միջոցառումներ, առաջինը որոշել ենք սկսել մաքրության, խնամքի աշխատանքներով։ Մեր այսօրվա միջոցառման գաղափարախոսությունն այն համոզմունքի վրա է հիմնված, որ շրջակա միջավայրի մաքրությունը, պահպանությունը, անվտանգ միջավայրը հասարակության մոտ ձևավորում է  պատասխանատու վերաբերմունք։

Մեր նպատակն է ոչ միայն կամավորական շարժումը  խթանել, այլ ներգրավել  համայնքի ընթացիկ աշխատանքներում, զարգացնել համայնքի նկատմամբ հոգածության ու խնամքի գաղափարը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանակներում»,- ասաց Մարիամ Ղարագյոզյանը։

Թե ինչ է կամավորությունը, մեզ հետ զրույցում կամավորներից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում այն։

Ի դեպ, «Երիտասարդական նախաձեռնություններ կենտրոնը» մի քանի օր է՝ «Կամավորություն անել, որովհետև․․․» խորագրով ֆոտոարշավ է իրականացնում,  շատերը, այդ թվում հայտնի դեմքեր շատ կարճ՝ ընդամենը մեկ նախադասությամբ  իրենց պատկերացումն ու բնորոշում են  տալիս կամավորական աշխատանքին։

ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ, երիտասարդության ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանն ասում է․ «Կամավորություն անել, որովհետև դա այլոց աջակցելու միջոցով սեփական անձի զորեղացման ընտրություն և հնարավորություն է»։

ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի սահմանմամբ՝  «Կամավորություն անել, որովհետև անշահախնդիր կերպով էներգիան ու ժամանակը համայնքին նվիրաբերելը օգնում է գիտակցել սեփական իրական ներուժն ու կարողությունները»։

Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան ՏերՄինասյանի բնութագրմամբ՝ «Կամավորություն անել, որովհետև ծառայելը վեր է անձնականից: Սա Ռոտարի ակումբի հիմնական նշանաբանն է»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց Տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանի խոսքերով էլ․  «Կամավորություն անել, որովհետև առանց ակնկալիքի տրվածը կվերադառնա հազարապատիկ»։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի բնութագրմամբ էլ․ «Կամավորություն անել, որովհետև դա հայրենիքը սիրելու ամենամաքուր ձևն է, որը խոսում է մարդու բարության, պատասխանատվության ու մարդկային բարձր արժեքների մասին»։

Հաղթանակի զբոսայգում մաքրման աշխատանքներ կատարող պատանիների մտքերը ևս ուշագրավ են։

Երիտասարդ կամավորներից մեկը, որ կամավորական աշխատանքով զբաղվել է նաև Լեհաստանում, մեզ հետ զրույցում նշեց՝ կամավորությունը կարևոր ու օգտակար միջոց է ինքնաբացահայտման համար, ճանապարհ է՝ նոր երկրներ այցելելու ու մշակույթ ուսումնասիրելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, շրջապատ ձեռք բերելու համար։

Հաղթանակի զբոսայգին մաքրելու էին եկել ԱՄՆ-ից ու եվրոպական տարբեր երկրներից Հայաստանում կամավորական աշխատանքներ իրականացնող երիտասարդներ։

Նրանցից մեկը՝ Մերին, որը ԱՄՆ-ի Միչիգան նահանգից է, «Խաղաղության կորպուսի» կամավոր է ու  8 ամիս է՝  ինչ գտնվում է Հայաստանում, մեզ զարմացրեց հայերենի իր բավական վարժ խոսքով։

Պարզվում է՝ երիտասարդ ամերիկացի կամավորը հասցրել է նաև հայերեն գրել ու կարդալ սովորել։

Նա ասաց, որ պատահական չի ընտրել Հայաստանը, այն նահանգում, որտեղ ինքն է բնակվում, մեծ թվով հայեր կան, հայկական եկեղեցի կա, շփվել է հայերի հետ, հասկացել, որ նրանք ջերմ մարդիկ են ու ցանկություն հայտնել բուհը ավարտելուց հետո ավելի խորությամբ ուսումնասիրել Հայաստանը։ Նա երեք տարի Հայաստանում է մնալու։

Մերին Գյումրիում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության տարբեր ծրագրերում է ընդգրկված, նաև անգլերեն ակումբ է վարում՝ միջազգային այս լեզուն հնարավորինս խորությամբ սովորեցնելով հայ պատանիներին։

Մերին բնակվում է Գյումրու հյուրընկալ ընտանիքներից մեկում։

Նա սկսել է խոսել Գյումրու բարբառով։

«Շատ եմ հավանել այս քաղաքը, սիրահարվել եմ Գյումրիին։ Հասցրել եմ անգամ հայկական խոհանոցն ուսումնասիրել ու սովորել մի քանի կերակրատեսակներ պատրաստել, օրինակ՝ տոլմա, ապուրով սպաս, խմորեղեններից մրջնաբույն, լրիվ տան աղջիկ եմ»,-գյումրեցուն հատուկ հումորով ներկայացնում է Մերին։

Հ․ Գ․ Նշենք, որ կամավորների միջազգային օրվա  շրջանակում «Շրջակա միջավայրը՝ կամավորների աչքերով» խորագրի ներքո անցկացվեց նաև «Բնապահպանություն և կամավորություն երիտասարդների համար» թեմայով վեբինար։

Տեղի ունեցավ նաև տոնակատարություն՝ «ԵՆԿ տարվա կամավոր» մրցանակաբաշխությամբ, որի ժամանակ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնվեցին 2025 թվականի ընթացքում կամավորական ակտիվ աշխատանքով աչքի ընկած երիտասարդներին։

Ամփոփվեցին նաև «Իմ պատմությունը 100 վայրկյանում»  առցանց մրցույթի արդյունքները։

Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031