-Այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության եւ պետական մտածողության մարմնավորումը։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով ու երդումով՝ հանուն հայի, հանուն պետության։ Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչեւ բոլշևիկ իշխանություններ, մինչեւ Հայաստանի այսօրվա վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցության արժեքներն անժամանցելի են, որովհետեւ Դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է,- այսօր ՀՅԴ 135 ամյակի առիթով հանդիսության ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանի խոսքով՝ իրենց գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջեւ է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից. «Եվ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գործունեությունը։ Դաշնակցության արեւը մայրամուտ չունի»: Անդրադառնալով ներկայիս քաղաքական զարգացումներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր եւ վճռորոշ ժամանակահատվածներից մեկը: Ալիեւը եւ Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։
Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները եւ վերականգնվելու հնարավորությունները հետեւողականորեն ոչնչացվում են: Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբեւէ կարող է լինել ուժեղ:
Կարդացեք նաև
Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։
Ահա սա է Ալիեւի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































