Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի նախկին թիկնազորի պետին ոչ միայն Վահրամ Խորխոռունու, այլ նաեւ հանցակցի սպանության մեջ են մեղադրում․ «Փաստինֆո»

Դեկտեմբեր 06,2025 22:35

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց մեղադրյալի աթոռին հայտնված Սասուն Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանի մասով գործն ուղարկվել է դատարան։ Նշենք, որ սպանության գործով շոշափվում են նաև Հրայր Նարիմանյանի, Արմեն Առաքելյանի անունները և դատարան ուղարկված գործից պարզ է դառնում, որ Սասուն Առուշանյանին մեղադրում են ոչ միայն Խորխոռունու սպանությունը կատարելու մեջ, այլև՝ Խորխոռունու սպանության հանգամանքները թաքցնելու նպատակով Հրայր Նարիմանյանի կատարմամբ Արմեն Առաքելյանի սպանությունը կազմակերպելու մեջ։

Մասնավորապես, ըստ գործի, 1998 թ․ դեկտեմբերի 10-ի գիշերը՝ Վահրամ Խորխոռունու սպանությունն ավարտելուց հետո, Հրայր Նարիմանյանը՝ Սասուն Առուշանյանի կազմակերպմամբ, ժամը 01-ից 03-ի սահմաններում Արմեն Առաքելյանին խաբեությամբ տարել է Երևան-Վաղարշապատ մայրուղու Փարաքար գյուղից Մուսալեռ տանող հատվածի մոտ եղած խաղողի այգիներ, որտեղ ավտոմեքենայի անվադողը փոխելու պատրվակով բացել է ավտոմեքենայի բեռնախցիկը և այնտեղից հանելով իր մոտ ապօրինի պահվող «AK-74» մակնիշի, 4629489 համարի ինքնաձիգը կրակահերթով սպանել է օգնելու նպատակով ավտոմեքենայից դուրս եկած Արմեն Առաքելյանին:

Այնուհետև ևս մեկ ստուգողական կրակոց արձակելով Արմեն Առաքելյանի գլխի շրջանում և համոզվելով, որ նա մահացած է, վերջինիս դիակը չհայտնաբերելու նպատակով, իր կողմից վարած «BMW» մակնիշի HKP 006 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել է Վաղարշապատ-Բաղրամյան մայրուղու 1-ին կիլոմետրի հատված, գցել է ճանապարհի եզրին, որտեղ, ստուգելով Արմեն Առաքելյանի գրպանները, վերցրել է Վահրամ Խորխոռունու սպանության գործիք հանդիսացող ատրճանակը և խլացուցիչը ու հեռացել դեպքի վայրից: Վերադառնալով Երևան քաղաք՝ հանդիպել է Սասուն Առուշանյանին, ում փոխանցել է Արմեն Առաքելյանի մոտից վերցրած և Վահրամ Խորխոռունու սպանության գործիք հանդիսացող ատրճանակը և խլացուցիչը: Արմեն Առաքելյանի որդին՝ Արտեմ Առաքելյանը, տուժողի կարգավիճակ ունի։

Նշենք, որ Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի նախկին թիկնազորի պետը։ Թե վերջինս անձնապես ինչ առնչություն է ունեցել Խորխոռունու հետ, ՔԿ-ն չի մանրամասնել։

Հեղինակ՝ Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարում՝ Վահրամ Խորխոռունին

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031