Այսօր, ինչպես տեղեկացրել էինք, մահացել է ականավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը, որին նաև որպես մարմնի ճարտարապետ էին բնորոշում։ Բժշկի մասին բազմաթիվ են գրառումները սոցիալական ցանցերում․ մենք անանձնացրել ենք մի քանիսը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․
Մեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։
Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։
Կարդացեք նաև
Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար։
Խորապես ցավում եմ իմ լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։
Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։
Հավերժ խոնարհում ու պատիվ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
Արտոյին վերջին անգամ երևի մեկ ամիս առաջ եմ տեսել։ Հերթապահության էր։ Հրավիրեց ժենգյալով հաց ուտելու։ Ուշ էր, ինքն էլ վիրահատության պիտի մտներ։ Ազգականիս մատն էր վիրահատելու, որ հեռացնելու հարց չառաջանար։ Ասացի՝ մի ուրիշ անգամ։ Սուրճ խմեցինք ուղղակի։ Անտրամադիր էր, վիրավորված։ Առավոտյան քննչական էին կանչել՝ Արծրուն Մարգարյանի գործով։ Հնարավոր արտաշիրիմավորման մասին էր խոսում։
Պարբերաբար հիշատակում էր բեղավոր մեկի անունը (չասեմ ում), որը հիշատակվում էր Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունից հետո։ Մի տեսակ շատ հոգնած երևաց․․․ Այդքան մարդու կյանք էր փրկել։ Մահացավ ընդամենը 72 տարեկանում։ Լույսերի մեջ մնաս, ընկեր ջան․․․
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանը գրում է
Էսօր հանկարծամահ ա եղել եզակի, ականավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Քչերը գիտեն, որ մենք բարեկամներ էինք, միևնույն նախնին ունեինք։ Վերջերս ամեն հանդիպելիս շրջակայքում գտնվող բոլորին հուշում էր դա, ասում էր․ «Նայե՛ք, զարմիկս ա»։ Ամառը դա արեց հենց հիվանդանոցի լեփ-լեցուն միջանցքում՝ հնարավորինս կարմրացնելով դեմքս։
Իսկ երբ երկրորդ նախադասությունը ասելու պատեհություն էր լինում, պատմում էր, թե ոնց ա ընտրություններին հենց ինձ ընտրել։ Դա մեր հանդիպումների պարտադիր բաղադրիչն էր դարձել, ինչը նաև ինձ համար պատասխանատվություն էր ենթադրում և լրացուցիչ ուժ էր տալիս շարունակել հանրային գործունեությունս։
Բժիշկներն ասել էին, որ սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն կա։ Չէր համաձայնել։ Ասել էր, որ կապրի էնքան, ինչքան եղածը հնարավորություն կտա։ Էդ դեպքից հետո սկսեցինք հաճախ շփվել։ Կամ ես էի զանգում՝ որպիսությունն իմանալու, կամ ինքը՝ իմը։ Նախախնամությունը մեծ շնորհ էր պարգևել ինձ՝ առընչվելու նման մեկի հետ, հպարտանալու մեր բարեկամությամբ։
Հուսով եմ ու կարծում եմ՝ նրա հիշատակը երկար վառ կմնա իրեն ճանաչող տասնյակ հազարավոր մարդկանց ու հիվանդների մտքերում ու սրտերում։
Լուսանկարը՝ Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































