Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Եթե կաթողիկոսը զիջի Արշակ սրբազանի հարցում՝ հաջորդն ինքն է. Վարդան Խաչատրյան

Դեկտեմբեր 07,2025 18:00

Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել. անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք՝ 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին News.am–ին ասել էր Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը. «Դրանից հետո կաթողիկոսը հանձնախումբ է ստեղծել, ասել է՝ դուք զբաղվեք էդ հարցով։ Փորձաքննություն էլ եկել է, ու երբ տարել են, կաթողիկոսն ասել է՝ այդ հետազոտության արդյունքը ինձ համար առ ոչինչ է, ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել՝ նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Է, եթե եկեղեցին մեկ Արշակով պիտի կործանվի, ուրեմն թող կործանվի։ Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուրը չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերից մեկը՝ սոցիոլոգ, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը մեր խնդրանքով անդրադառնալով Կոտայքի թեմի առաջնորդի այդ փաստարկին՝ մասնավորապես ասաց. «Ներկայիս կաթողիկոսը կաթողիկոսական գործունեության շատ լուրջ փորձ ունի և ինքը եզակի անձ է, որն ամբողջովին պատկերացնում է գոյություն ունեցող իրավիճակը մեր եկեղեցում: Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, ինչից ելնելով՝ ինքը գիտի, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի, ինչը այս պահին կվնասի եկեղեցուն և չի վնասի եկեղեցուն»:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ կա նաեւ Արշակ սրբազանի վաստակի խնդիրը. «Շատ կարճ կպատմեմ. օրինակի համար՝ Իսրայելում նույն Արշակ սրբազանը, երբ որ սրբազան էլ չէր, երբ Երուսաղեմում մեր պարսպին մոտեցել է Իսրայելի հատուկ ծառայությունների զորամիավորումը՝ միայնակ դուրս է եկել՝ խաչը ձեռքին, և բոլորին քշել այնտեղից։ Ոչ մեկը ռիսկ չի արել դուրս գալ… Ես իր հետ էլ չունեմ հարաբերություններ, կաթողիկոսի հետ էլ չունեմ ուղղակի հարաբերություններ, որպես այդպիսին: Բայց կարդացել եմ, գիտեմ, թե ինչ է եղել.. Դու չես կարող այդ ամեն ինչի վրայից հենց այնպես անցնել և համարել, որ՝ չէ, դու ճիշտ ես, այս մարդիկ եկան, բողոքեցին, ասացին..»:

Վարդան Խաչատրյանը նաեւ հավելեց. «Եվ ոչ մեկի համար էլ այդտեղ գաղտնիք չի էլի, որ եթե զիջեցիր և եթե սրվել են հարաբերությունները, ուրեմն հաջորդը դու ես դուրս գալու էլի»: Հաղորդման մյուս հյուրը՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանը հավելեց. «Ոչ թե հաջորդ նշանակետն է ուղղված Վեհափառին, այլ կարծում եմ՝ հենց ի սկզբանե է թիրախավորումը կաթողիկոսի միջոցով է կատարվել եկեղեցուն»:

 

Հաղորդումն ամբողջությամբ

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031