«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանն անդրադառնալով այն դիտարկմանը, թե չնայած մեր օրենսդրության համաձայն՝ ՀՀ-ում եկեղեցին եւ պետությունը բաժանված են, սակայն թե իշխանությունն է ներգրավվել եկեղեցու ներքին կարգապահական հարցերի մեջ, թե հակառակը՝ մասնավորապես ասաց. «Պարզապես ուզում եմ պատկերացնենք այլ իրականություն, երբ պետություն-եկեղեցի փոխգործակցությունը լավագույնս դրական ֆոնի վրա է կատարվում։ Արդյոք երբ եկեղեցու առաջնորդն, իր սահմանադրությամբ ստանձնած առաքելությունը իրականացնելիս, դրվատանքի խոսքեր ասեր քաղաքական իշխանությունների հասցեին, շնորհակալություն ասեր, որ օգնում են սահմանադրությամբ իրեն տրված առաքելությունը լավագույնս իրականացնելու, միջոցներ են տրամադրում, արդյոք այդ դեպքում է՞լ կդիտարկվեր, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ կամ ինչ-որ քաղաքական պրոցես է դա։ Բնականաբար՝ ոչ։ Հետևաբար՝ այն, ինչ որ հիմա կատարվում է, սահմանադրականության հետ որևէ առնչություն չունի»:
Հաղորդման մյուս հյուրը՝ սոցիոլոգ, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանն այս առնչությամբ հարց ուղղեց. «Կա՞ ինչ-որ բան, որը քաղաքականությունից դուրս է հասարակության մեջ։ Եվ ի՞նչ, մենք չե՞նք տեսել, թե ռուս ուղղափառ եկեղեցու գլուխը ինչպիսի ուղղակի, խորը եւ խիստ քննադատության է ենթարկում Վլադիմիր Պուտինին: Եվ ոչ մի խոսք։ Որովհետև նա խոսում է իր համայնքի անունից՝ համայնք, որը շատ ավելի քիչ ազդեցություն ունի այդ հասարակության վրա, քան Հայոց առաքելական եկեղեցին՝ Հայաստանի Հանրապետության հասարակության վրա։ Չմոռանանք էլի, որ Հայաստանում 80%-ից ավելին իրենց համարում են հայ քրիստոնյա»:
Այս առնչությամբ հիշեցրինք «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը «կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար»:
Հաղորդման երկու հյուրերն էլ հիշեցրին, որ մենք թե հոգեւորական պատգամավորներ ենք ունեցել, թե կուսակցության նախագահ քահանա: Ակնարկը 1992–1997 թվականներին ՀՀՇ Վարչության նախագահ, խորհրդարանի նախկին պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանի մասին էր:
Կարդացեք նաև
«Այս ամբողջը պետք է դիտարկենք հենց կոնկրետ քաղաքական շարժառիթներով հետապնդման տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ օրվա իշխանությունները փորձում են իրենց իշխանությունը տարածել նաև սահմանադրությամբ պաշտպանվող կառույցի նկատմամբ և իրենց իշխանությունը պահելու և ընդլայնելու ճանապարհին որևէ խոչընդոտի չեն ուզում հանդիպել»,- ասաց Արթուր Դանիելյանը:
Վարդան Խաչատրյանը հարցրեց. «Բացի դրանից՝ ո՞վ է տեսել, որ համաշխարհային կառույցի ղեկավարին հանի, ասենք, լոկալ իշխանությունը։ Այդպիսի բան չի լինում»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































