Խեչոյենց տոհմը արևաշխարհի վրա հաստատել է իրենց նախատատ Շուշանը՝ սպիտակ հրեղեն ձիու վրա նստած, Խեչոյի բարուրը կրծքին սեղմած: Ու հաստատել է պինդ, ջղուտ տղամարդու նման զինավառված, հզոր, համարձակ՝ իրենով անելով էդ տարածքի ամենակարգին հողակտորը:
Երբ Խեչոն այնքան է մեծացել, որ ձեռքը բերանին է հասել, Շուշան նախատատը հրեղեն ձիով պատռել է գիշերվա մութը ու վարգել դեպի անդարձություն:
Խեչոյենց տոհմը բնակեցրել է այդ հողակտորը, բերրի ու պտղաբեր է դարձրել, խնկի ծառեր է տնկել այդ հողում, ջրաղաց ու եկեղեցի է կառուցել՝ կարևորելով «հացիվ»-ը և «բանիվ»-ը: Խեչոն իր գերդաստանի համար տներ է կառուցել՝ կաղնուց ու քարից« «ու մեծ տան ճակատին բարձր, խոշոր ու տեսանելի, չջնջվող, կարծր շաղախով գրել է.
«ԱՅՆ ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ
Կարդացեք նաև
ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ` ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ»:
Խեչո պապի ծոռնեծոռ Լևոն Խեչոյանը ապրեց իր ապուպապի նշանաբանին հավատարիմ. երբեք սուտ չխոսեց, ոչ էլ որևէ մեկին վատաբանեց չարակամորեն՝ ո՛չ հյուրին, ո՛չ ընկերոջը, ո՛չ էլ անծանոթին չխարդախեց: Նա էլ Խեչո պապի նման իր տունը, իր գրական տունը կարծր ու ամուր շաղախից սարքեց. մի մեծ տարածք իրենով արեց գրական անտառից, մաքրեց փուշ ու տատասկից և խնկի ծառեր տնկեց իր տարածքում, որոնց զգլխիչ բույրը տարածվեց երկրով ու երկնքով մեկ ու երկրից էլ շատ հեռու ու բացել տվեց իր գրական տան դռները՝ գրականասեր ու գրականագետ ընթերցողների առաջ՝ պատճառելով գեղագիտական աննախադեպ հաճույք:
Իր պապերին հատուկ մշակի ազնիվ տքնությամբ արարեց իրենը ու ստեղծեց մաքուր, արդար, շիտակ ու ճշմարիտ գրականություն, որոնց մեջ միշտ թագավորում էր բարդագույն ժամանակների մարդը՝ իր վայրիվերող ներաշխարհով, իր տվածով ու ապրածով, իր լավ ու վատ կողմերով: Լևոն Խեչոյանը նկատեց աննկատը, տեսավ անտեսանելին, փորձեց վերափոխել աշխարհը՝ արմատախիլ անել չարիքը ու սերմանել բարին: Գրում էր պարզ ու շիտակ, նկարագրում լուսանկարելու նման ճշգրիտ ու հավաստի, նույնքան պարզ ու շիտակ էլ ապրում էր՝ միշտ ժամանակին հասնելով այնտեղ, որտեղ զգացվում էր Մարդու կարիքը: Ապրում էր աննախադեպ լավատեսությամբ, ամենածանր պահերին անգամ չչարանալով, չտրտնջալով ու չբողոքելով: Ապրում էր, ու իր շուրջը սփռում հույս, հավատ ու սեր՝ թե՛ իր ստեղծածով, թե՛ մարդկային նկարագրով:
Եվ հեռացավ այս աշխարհից իր ծննդից մեկ ամիս անց՝ ճիշտ և ճիշտ նույն օրը, որ աշխարհ էր եկել՝ ծննդից մինչև ետդարձի օրը թողնելով անջնջելի լուսավոր հետագիծ:
Հեռացավ հրեղեն ձիու տարում. իր նախատատի նման սպիտակ հրեղեն ձիով ճեղքեց գիշերվա մութը և վարգեց դեպի… դեպի անմահություն, և երկրի վրա պակասեց լույսն ու բարությունը:
Նելլի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


















































