Դեկտեմբերի 7-ը ՀՀ Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում չի դադարում մարդկանց հոսքը: Մարդիկ գալիս են գլխահակ, տխուր հայացքով, սրտի տրտմությամբ: Ու թեև ցավը մի քանի տասնամյակի վաղեմություն ունի, բայց միշտ էլ հիշվում է սրտի ցավով, կորստի մորմոքով և պատասխանի սպասող հարցով՝ ինչի համար: Ու գալիս է մարդկանց հոսքը հիշատակի մոմ վառելու և ողորմություն հայցելու աղոթքով…
Վիրահայոց թեմի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում հիշատակի օրը նշվեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի մատուցած Սրբազան Պատարագով:
Կարդացեք նաև
Ուշագրավ էր, որ բազում թբիլիսահայերի կողքին Սբ. Պատարագին իր ներկայությունն էր բերել 1988 թվականին Վրացական ԽՍՀ կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլին:
Վերջինս երկրաշարժի մասին լուրը լսելուն պես առաջիններից մեկն էր ականատես դարձել բնական աղետի բերած արհավիրքին ու օգնության ձեռք մեկնել խելակորույս հայ ժողովրդին: Ու թեև անցել է 37 տարի, պարոն Պատիաշվիլին անցած տարիների նման, այս տարի նույնպես եկել էր իր հարգանքը մատուցելու զոհերի հիշատակին և աղոթելու բոլոր ժողովուրդներին նման աղետներից զերծ պահելու աղերսով:
Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:
Սբ. Պատարագի վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը ներկաներին ուղղված իր քարոզում հորդորեց չմոռանալ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, ապրել Աստծով, մեր Եկեղեցով և մեր ազգի նկատմամբ մեծ սիրով:
Հավատացյալները թեմի «Հայարտուն» կենտրոնում դիտեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ վեց տարեկան հասակում մորը կորցրած Արուսյակ Սիմոնյանի «ԻՄ ՆՈՐ ՏԱՐԻՆ» ֆիլմը, որը նվիրված էր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Օրը, որ հագեցած էր բնական աղետի սարսափելի արհավիրքների հուշերով, դարձավ նաև սիրով, հավատքով և միասնաբար ապրելու հորդոր:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ























































