Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում այսօր իր անդրանիկ Պատարագը մատուցեց Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը:
Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթաքում խոսված քարոզում, իր որդիական սերն ու երախտագիտությունն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են եղել իրեն հոգևորական դառնալու ճանապարհին:
Կարդացեք նաև
Ի մասնավորի նշելով.
«Այս նվիրական օրվան հասնելու համար, որդիական խոնարհումս, շնորհակալությունս և հավատարմությունս եմ հայտնում՝ Աստվածընտրեալ Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում անմիջական հայրական հոգածության և նախանձախնդիր ուշադրության ներքո եմ անցկացրել իմ կյանքը սկսած դեռևս 15 տարեկանից։ Աստվածհաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով։
Շնորհակալություն եմ հայտնում հոգևոր ծնողիս՝Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին՝ ում ձեռամբ ստացա քահանայական օծումս և ձեռնադրությունս։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Լուսարարապետին՝ Հոգեշնորհ Տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և լուսարարապետությանը, որտեղ երկար տարիներ իմ խոնարհ ծառայությունն եմ բերել իբրև Մայր Տաճարի լուսարար։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևե
որ-կրթականհաստատություններին՝ իբրև հոգևորական ինձ թրծելու և պատրաստելու համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏերՄկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ով արտոնեց և օրհնեց ինձ համար այս նվիրական սրբատեղիում Սուրբ Պատարագ մատուցելու համար։
Առ Աստվածաղոթքս է, որ սիրելի Սրբազան Հայրը, ով այս պահին գտնվում է ապորինի անազատության մեջ, հաղթանակած դուրս գա և շարունակի առաջնորդել մեզ՝ իր զավակներին։ Շնորհակալություն եմ հայտնում Ապարանի հովվության քահանաներին՝ Արժանապատիվ Տեր Մուշե քհն. Վահանյանին, Տեր Սարգիս քհն. Սարգսյանին, Տեր Հայկ քհն. Քոչարյանին, Տեր Նարեկ քհն. Սարգսյանին և Տեր Մաղաքիա քհն. Գևորգյանին։
Սիրելի՛ քահանա հայրեր, պարզապես բառերով աննկարագրելի է արտահայտել այն երախտագիտությունը, որը ես ունեմ, պարզապես շնորհակալ եմ, որ միշտ եղել եք և կաք իմ կողքին։
Շնորհակալություն նաև այսօր ինձ հետ խորանում սպասավորող սարկավագներին և դպիրներին:
Շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս ևընտանիքիս ողջ անդամներին, որ սնել և դաստիրակել են ինձ և առաջնորդել Աստծու Սուրբ խորանը, նաև երեցկնոջս, որ ամողջ սարկավագական ծառայությնս ընթացքում կիսել է իմ բոլոր դժվարությունները։
Ի վերջո, շնորհակալություն ձեզ, սիրելի հարազատներ, ընկերներ և բարեկամներ, սիրելի հավատացյալներ, իմ կյանքում մշտապես զգացել եմ ձեր աղոթքների զորությունը, որ առ Աստված եք բարձրացրել այս զորավոր տաճարի խնկաբույր պատերից ներս։ Աստված ավելիով հատուցի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին։ ԱՄԵՆ»։
Ապա անդրադարձավ օրվա խորհրդին և հավելեց. «Սիրելի՛ հավատացյալներ, մենք ամեն օր ունենք Աստծուց հրավեր, ոչ միայն կիրակի օրերին, այլ ամեն օր Աստված կանչում է, որպեսզի լսենք իր խոսքը, ամեն օր հրավիրված ենք կարդալու իր խոսքը Սուրբ Գրքի մեջ, որպեսզի մի օր մենք էլ չդասվենք այն հրավիրյալների շարքին, որոնց համար տան տերն ասում է, թե նրանք ովքեր իմ հրավերին ականջալուր չեղան և չեկան՝ իմ ընթիրքից չպետք է ճաշակեն։
Սիրելինե՛ր, այսօրվա առակը մեզ սովորեցնում է հետևյալը. պետք է մեր սրտի և հոգու ակաջները բացենք՝ լսելու համար Աստծո հրավերը և կանչն այնպես, ինչպես Քրիստոս ասաց «Ինձ մոտ եկեք և ես ձեզ կյանք պետք է տամ»։
Այսօրվա առակից պետք է սովորենք, թե ինչ էլ որ լինի Աստծո փրկությունը պետք է կատարվի, մեզ մնում է, թե մենք այդ փրկությանը մասնակից լինենք, թե ոչ, հրաժարվենք, անիմաստ և անարժան պաճառաբանություններով։
Սիրելիներ՛ր այսօր նաև 1988թ.-ի Գյումրու և Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է։ Եկեք այս Սրբազան արարողության ընթացքին, առ Աստված աղոթք բարձրացնենք երկրաշարժի անմեղ զոհերի համար և խնդրենք, որպեսզի նրանք Աստծո լուսեղեն օթևաններում բնակվեն»։
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հոգեհանգստի արարողություն ի հիշատակ Գյումրու և Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:
Սուրբ Պատարագին իրենց աղոթական ներկայությունն էին բերել նաև հարյուրավոր քրիստոնյաներ:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ






















































