Ինչ խնդիրների են բախվում արցախցիները
Գալինա Սարգսյանի ընտանիքը երկու անգամ է բռնի տեղահանվել՝ նախ Բաքվից, ապա՝ Արցախից։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրային բաժանմունքներից մեկում Գալինա Սարգսյանի ընտանիքը փորձում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել, որպեսզի կարողանան օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, սակայն պարզվեց, որ նրանց անձնագրերում տառասխալներ կան, եւ դիմումը չընդունեցին։ Հայտնի է, որ այս ծրագրից օգտվելու պարտադիր պահանջներից մեկն այն է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանան, թեպետ նրանք պնդում են, որ վաղուց ՀՀ քաղաքացի են՝ ցույց տալով իրենց կապույտ անձնագրերը։ Իրավական այս խառնաշփոթի մեջ արցախցիները մոլորվել են։ Գալինա Սարգսյանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ իրենք անհարկի քաշքշուկի մեջ են հայտնվել. անձնագրերում շտկումներ անելու համար պետք է գնան Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալություն։
«Չարչարում են մեզ, տանջում են, ամեն տառի համար ասում են՝ գնացեք-եկեք։ Հիմա պարզվեց՝ մեր անձնագրերում տառասխալ կա, պետք է փորձենք շտկել։ Պիտի դրա համար հասնենք ԶԱԳՍ, 5 հազար դրամ պիտի վճարենք, որ փոխեն, որտեղի՞ց վճարենք»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց նա։
Գալինայի ընտանիքը բաղկացած է 3 անձից, իսկ դստեր ընտանիքը՝ 5 անձից։ Նրանք մտադիր են ՀՀ քաղաքացիություն ստանալ ու տուն գնել Հայաստանում, չնայած ասում են, որ չգիտեն՝ նախատեսված գումարով հնարավո՞ր է տուն գնել, թե՞ ոչ։ Որոշել են տուն գնել երեւանամերձ մարզերից մեկում՝ գյուղում, քանի որ սիրում են գյուղը։ «Բայց եթե նույնիսկ ամեն անձին 4 մլն դրամ տան, 12 մլն դրամով ես ի՞նչ տուն պիտի վերցնեմ։ Մեր Ղարաբաղի տունը մեծ էր, լավ էլ ապրում էինք։ Փաստաթղթերը սարքենք, տեսնենք՝ կկարողանա՞նք գնել։ Գոնե մի բան փոխվի էս ծրագրում, մեզ համար շատ դժվար է, էս ապրել չի, որ ապրում ենք»,-նշում է Գալինա Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նրա դստեր՝ Իզաբելլա Վանյանի ընտանիքը վարձով բնակվում է Երեւանում, բաղկացած է 5 անձից։ Նրանք եւս ցանկանում են տուն գնել երեւանամերձ գյուղերից մեկում։ «Մենք սիրում ենք գյուղի կյանքը։ Եթե երեւանամերձ համայնքներում վերցնենք, 3 մլն դրամ են տալու յուրաքանչյուր անձի, էլի հերիք չի անի, որ թեկուզ գյուղերում տուն վերցնենք, քանի որ տները շատ են թանկացել»,-ասում է Իզաբելլան։
Մյուս խնդիրն այն է, որ արցախցիները բնակապահովման ծրագրից օգտվելու դեպքում լրացուցիչ վարկ վերցնելու խնդիրների առաջ են կանգնում, քանի որ գրանցված աշխատանքի եւ բավարար եկամտի խնդիր ունեն։ Բացի այդ, նրանց մեծ մասը, հայտնի հանգամանքներով պայմանավորված, հայտնվել է բանկերի «սեւ ցուցակներում»։ Իզաբելլա Վանյանն ասում է, որ թեպետ ինքն ու ամուսինն ունեն գրանցված աշխատավարձ, բայց չգիտեն՝ անհրաժեշտության դեպքում կկարողանա՞ն լրացուցիչ վարկ վերցնել։ «Աշխատավարձը պետք է հերիքի, որ ուտենք, հագնենք, վարկ փակենք։ Տան վարձ ենք տալիս, կոմունալներ, չի հերիքում»,-նշեց նա։
Այս ընտանիքի համար Արցախ վերադարձի հարցը փակ չէ։ Գալինա Սարգսյանն ասում է. «Չի փակվել վերադարձի հարցը, մենք սպասում ենք, որ վերադառնանք, տեսնենք՝ 2026 թվին ինչ կլինի մեզ համար»։
Չնայած ՀՀ կառավարության անդամները հայտարարում են, թե բնակապահովման ծրագրից օգտվող արցախցիների թիվը գնալով աճում է, սակայն թվերը հուսադրող չեն։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս տարվա նոյեմբերի 10-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված շուրջ 23 հազար անձ էր ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 10-ի դրությամբ բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն տուն էր ձեռք բերել 1264 արցախցի ընտանիք, իսկ ծրագրին դիմողների թիվն անցել է 3500-ից։ Տուն ձեռք բերածներից 254-ը մինչեւ 3 անձից բաղկացած՝ փոքր կազմով ընտանիքներն են, որոնք առավել մեծ խնդիրների են բախվում այս ծրագրից օգտվելիս։ Հիմա ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով փորձում է լուծում տալ փոքր կազմով ընտանիքների բնակարանային խնդիրներին, բայց արցախցիներն ասում են, որ առաջարկվող մեխանիզմն ամբողջությամբ չի լուծում առկա խնդիրները։
«Տոկուն համայնք» ծրագրի պատասխանատու Որոնիկ Պողոսյանը Մասիս համայնքում ամեն օր աշխատում է արցախցիների հետ եւ նրանցից բազմաթիվ բողոքներ է լսում։ Ասում է՝ բնակապահովման ծրագրից օգտվելու ճանապարհին արցախցիները շատ խնդիրների են բախվում։ Օրինակ՝ Մասիս համայնքում շատ արցախցիներ են տեղակայված, ցանկանում են հենց այնտեղ էլ բնակարան գնել, բայց տները թանկացել են։ Մասիսում, որպես երեւանամերձ համայնք, բնակարան ձեռք բերելու համար յուրաքանչյուր արցախցու հատկացվում է 3 մլն դրամ։ «Բայց քանի որ Երեւանին շատ մոտ է, տների գները շատ բարձր են։ 2-4 հոգանոց փոքր ընտանիքներ էլ կան, այդ գումարով չեն կարող Մասիսում թեկուզ հող գնել։ Եթե 4 հոգով 3-ական մլն դրամ ստանան, կազմում է 12 մլն դրամ. այդ 12 մլն-ով ոչ մի բան չեն կարող առնել։ 20 հազար դոլարով անգամ հող չես գնի, եթե հողն էլ վերցնես, ինչքա՞ն պետք է վրան դնես, որ տուն կառուցես։ Բայց քանի որ մարդիկ Մասիսում շատ լավն են, ոչ մի արցախցի չի ուզում տեղափոխվել ուրիշ համայնք։ Մյուս խնդիրն այն է, որ մարդիկ փաստաթղթերի խնդիրներ ունեն՝ մահվան թղթեր են ուզում, այլ փաստաթղթեր, բայց մարդիկ անտառներով փախել եկել են, ինչի՞ մասին է խոսքը»,-«Առավոտին» ասում է Որոնիկ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթային խնդիրների ու հերթերի պատճառով մարդիկ խուսափում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Անձնագրային գնում են՝ հերթեր են, ԶԱԳՍ գնում են՝ հերթեր են, մարդիկ հոգնում են այդ քաշքշուկից։ Եթե հնարավոր լինի քաղաքացիությունը հեշտությամբ ստանալ եւ գոնե քաղաքին մոտ համայնքներում յուրաքանչյուր անձի 5 մլն դրամ տան բնակապահովման ծրագրով, մարդիկ ավելի ակտիվ կդիմեն ծրագրից օգտվելու համար։ Բայց հենց գումարը շատացնում են, դրան զուգահեռ տների գները միանգամից թանկացնում են»։
Որոնիկ Պողոսյանն առանձնացնում է նաեւ այն խնդիրը, որ բնակապահովման ծրագրից օգտվող արցախցիների մեծ մասին բանկերը լրացուցիչ վարկեր չեն տալիս։ «Պատերազմի հետեւանքով մարդիկ կան, որ իրենց վարկերը չեն մարել, սեւ ցուցակ են գցվել, չեն կարողանում բանկից վարկ վերցնել։ Բայց մյուս կողմից էլ՝ ինչքա՞ն վարկ վերցնեն։ Տատիկ-պապիկ են, զոհվածի ընտանիք են, վիրավորի ընտանիք են, ո՞նց փակեն այդ վարկերը։ Իրենց աշխատավարձը հազիվ հերիքում է, որ ապրելու հարց լուծեն»,-նշում է նա։
Թեպետ ՀՀ կառավարության անդամները հայտարարում են, թե պարբերաբար լավարկում են բնակապահովման ծրագրի պայմանները, սակայն արցախցիները դեռ մի շարք առաջարկություններ ունեն եւ ցանկանում են, որ դրանք եւս ներառվեն ծրագրում։ Ընդհանրապես արցախցիները մշտապես նշել են, որ ցանկալի կլիներ ծրագրի մշակման հենց նախնական փուլում իրենց ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացվեին։ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» բողոքի գործողությունների եւ հանրահավաքների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշակի զիջումների գնաց եւ փոփոխություններ արեց ծրագրում, սակայն շատերի համար այն դեռ մատչելի չէ։
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, ով զբաղվում է արցախցիների բարձրաձայնած խնդիրներով, մեզ հետ զրույցում նշում է, որ արցախցիների բնակապահովման ծրագրի լավարկման վերաբերյալ վերջին առաջարկությունների փաթեթը ՀՀ կառավարությանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերի վերջին։ Այդ առաջարկներից որոշներն արդեն ընդունվել են, որոնք տարածվում են մասնավորապես՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած ու ծրագրին դիմելու պահին չափահաս անձանց վրա, դատարանի վճռի հիման վրա անհայտ բացակայող ճանաչված ընտանիքի անդամ ունեցող ընտանիքների վրա։
«Բայց բնակապահովման ծրագրում մի շարք առաջարկություններ դեռեւս ունենք՝ բազային գումարի, 2025թ. ծնված երեխաների պարագայում ծրագրին դիմելու եւ հավաստագիր ստանալու վերջնաժամկետի վերանայում, փոքր կազմով ընտանիքների՝ ծրագրից լիարժեք օգտվելու հնարավորություն եւ այլն։ Այս առաջարկությունների վերաբերյալ որոշումներ դեռ չկան։ Ինչ վերաբերում է փոքր կազմով ընտանիքների համար օրերս հանրային քննարկման դրված նախագծին՝ ուսումնասիրելով տեղահանվածների կարծիքները, ինչպես նաեւ ստացված արձագանքները, գալիս ենք այն եզրակացության, որ ներկայացված նախագիծը չի արդարացնում փոքր կազմով ընտանիքների սպասելիքները. նախատեսվող աջակցության շահառուների շրջանակը շատ նեղ է, այն տրվում է 10 տարով՝ կոնկրետ պահանջների համապատասխանելու դեպքում, իսկ նախատեսվող գումարով վարձու բնակարան գտնելը գործնականում անհնար է, հատկապես խոցելի խմբերի համար։ Ես առաջարկել էի ավելի կայուն լուծումներ՝ սեփական բնակարան ունենալու հնարավորությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Լիաննա Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ զուգահեռաբար կառավարությանը ներկայացրել են բնակվարձի շարունակականության անհրաժեշտության վերաբերյալ առաջարկ՝ ոչ միայն խոցելի խմբերի, այլ ընդհանրապես բոլոր՝ նախկինում շահառու հանդիսացած արցախցիներին այդ գումարը հատկացնելու համար։
Նա նշեց, որ բնակապահովման ծրագրից օգտվելու դեպքում լրացուցիչ վարկի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ չլուծված, որովհետեւ ֆինանսների նախարարությունը Կենտրոնական բանկի հետ ընդամենը մեկ բաղադրիչով է այդ խնդրին լուծում տվել։
«Այսինքն՝ եթե հավաստագրի գումարը բավարարում է, որպեսզի ընտանիքն իրացնի այն, այդ ժամանակ վարկունակությունը եւ «սեւ ցուցակում» լինելը հաշվի չեն առնվում (չնայած՝ նույնիսկ այս դեպքում բանկը երբեմն հրաժարվում է գործարք կատարելուց)։ Բայց, եթե հավաստագրի գումարը չի բավարարում, եւ ընտանիքը պետք է լրացուցիչ վարկ ձեւակերպի, այս դեպքում որեւէ փոփոխություն չի եղել։ Եվ եթե անձն ունի վարկային վատ պատմություն, կա «սեւ ցուցակում» գտնվելու հանգամանք, իրենք խնդրի առաջ են կանգնում։ Դրան գումարվում է զբաղվածության հարցը, ոչ բավարար եկամուտ ունենալը, որպեսզի կարողանան այդ լրացուցիչ վարկը ձեւակերպել։ Սրանք փոխկապակցված խնդիրներ են, քանի որ, եթե բազային գումարի վերանայում լինի, գուցե այս խնդրին մասնակի լուծում տրվի, բայց էլի հիմնական լուծում չի լինելու, որովհետեւ դրան զուգահեռ նորից շուկայում անշարժ գույքի գներն են փոփոխվելու։ Այսինքն՝ որքան բազային գումարը փոփոխվում է ի շահ տեղահանվածի, այնքան անշարժ գույքի շուկայում գները բարձրանում են։ Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է այլ մոտեցում եւ խնդրի լուծման այլ տարբերակներ»,- նշեց Լիաննա Պետրոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.12.2025




















































