Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Մարդիկ հավատում են, որ տեսիլքները կարող են հուշել փոփոխություններ կամ ուղղորդել որոշակի ճանապարհներ

Դեկտեմբեր 08,2025 12:00

Անահիտ Անանյան-Դեմիրճյանը մեկ տարի առաջ Ամերիկայից եկավ Հայաստան եւ ասաց`վերջ, բնակվում եմ այլեւս այստեղ: Անահիտը, մինչ Ամերիկա մեկնելը, աշխատել է Հանրային հեռուստատեսության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունում, որպես ռեժիսորի ասիստենտ: Նա համեստ մի բնակարան է գնել Էրեբունի համայնքի թաղամասերից մեկում: Նա Ամերիկայից իր հետ բերեց միայն իր ներկապնակը, ներկերը… իր տեսիլքները: Նա նկարում է տեսիլքներ: Նկար-տեսիլքները ուղեկցվում են գրառումներով, որոնք հասկանալն, անկեղծ ասած, մի քիչ դժվար է:

Հարցնում եմ, ինչից սկսվեց, ինչպես ստացվեց:

«Եթե մեկը ինձ ասեր, որ մի օր Ճակատագրիդ պետք է հանդիպես ու զրույցի բռնվես հետը, անմիջապես կմտածեի, որ այդ ասողը պարզապես խենթ է:

Մի՞թե ճակատագրին հանդիպել կլինի: Սակայն, արի ու տես՝ կլինի: Հա՛, հա՛, կլինի, մի զարմացեք: Դա պատահեց ինձ հետ, մոտ երեսուն տարի առաջ»,-պատմում է, ապա ներկայացնում ամառային այն երեկոն, երբ քայլում էր մայրաքաղաքի ամենասիրված Աբովյան փողոցով, հիանում երկնքով. «Մինչեւ կհիանայի լուսնի գեղեցկությամբ, անսպասելի այնտեղից տղամարդու մի դեմք դուրս եկավ, մի պահ մնաց աչքերիս առջեւ ու իսկույն անէացավ: Շփոթված, հանկարծակի եկած մարդու նման, ինձ մի պահ թափ տվեցի, աչքերս փակեցի, նորից բացեցի, աննկատ շուրջս զննեցի, ամեն ինչ սովորական էր. մարդիկ քայլում են, խոսում են: Տրամադրությունս իսկույն փոխվեց, ցանկացա, րոպե առաջ տուն հասնել: Տուն գալուս ամբողջ ճանապարհին, դեմքն աչքիս առջեւն էր»,-պատմում է ու հիշում «հետո-հանդիպումի» նրա հայերեն խոսքերը. «Եկել եմ, որ տեսնես եւ իմ չասածը՝ հասկանաս: Ես կգամ ընդամենը երեք օր, որից հետո դու այլեւս ինձ չե՛ս տեսնի, բայց իմ ուժը քո պարանոցի վրա միշտ կզգաս: Քեզ հետ այսուհետեւ շատ երեւույթներ պետք է տեղի ունենան, բայց դու երբե՛ք, ոչ ոքի չե՛ս պատմի դրանց մասին, մինչեւ թույլ չտամ: Ասաց ու ինչպես եկել էր, այնպես էլ անէացավ»:

Անահիտն ասում է, որ կրկին հանդիպեց իր «բարեկամին», ու անսպասելի սկսեց նկարել, նախ իր ասելով, ուղղակի գծեր է քաշել, հետո անցել պաստելի, որի դեպքում սովորել է գույները ճիշտ տեղադրել թղթի վրա, ապա անցել ջրաներկի, ածուխի, որով էլ նկարել է կյանքում իր առաջին նկարչական գործը՝ «այն տղամարդու» դիմանկարը: Այն իր նկարների մեջ միակ դիմանկարն է: Սկսել է նկարել յուղաներկով, նկարում է մինչեւ այսօր՝ արդեն մոտ երեսուն տարի…

Ինչ են հուշում նրա տեսիլքները:

Աշխարհը լի է բազմապիսի կարծիքներով եւ մեկնաբանություններով, տեսիլքների ու դրանց նկարող մարդկանց վերաբերյալ: Ցանկացած տեսիլք կամ նշան կարելի է տարբեր կերպ ընկալել, կապված մարդու հավատալիքներից, մշակույթից կամ նույնիսկ հոգեբանական վիճակից: Հիմնականում շատ մարդիկ, ովքեր տեսիլքներ են նկարում կամ նկարագրում, պնդում են, որ տեսիլքները որոշակի հաղորդագրություն են, ուղերձ նրանց կամ այն մարդուն, ով դրանք դիտում կամ վերլուծում է:

Մարդկանց մեծ մասը հաստատում է, որ տեսիլքները կարող են հուշել փոփոխությունների, որոշակի անցնելիք ճանապարհների մասին: Ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր նկարում են այդ տեսիլքները, հաճախ տեսնում են դրանք ոչ միայն որպես ինքնաբացահայտման գործընթաց, այլ որպես կապ նրանց ու մի այլ աշխարհի մեջ:

«- Եկա՞ր, գնա՞մ:

– Կամուրջը թողնե՞մ քեզ…

– Եկա, որ գնա՞ս…

– Իսկ ո՞ւմ թողնեմ զգեստներով լի ճամպրուկը…

– Մնա՛, որ տեսնես՝ ինչպես են հանում ճաք տված ատամները…

– Գիտե՞ս՝ ատամնատերերը բնավ ցավ չեն զգում…

– Գնացի՞ր:

– Էլ չասես, որ տանս դռան բանալին դնեմ ջրով լի գավաթի մեջ ու հաշվեմ մինչեւ իմ մահվան օրը…

– Էլ չասես, որովհետեւ հորս կոշիկի աջ աչքն էլ մնաց սպասելով…». (Տեսիլք 3)

Սա կարծես երկու մարդկանց զրույց է, մեկը գալիս է, մյուսը մտածում է գնալու մասին: Կամ գուցե երկխոսությո՞ւն «ներսում» ապրողի հետ, հիշողության…

Գալը եւ գնալը անհաստատ են, երերուն, անավարտ միաժամանակյա գործողություններ են:

Կամուրջը խորհրդանշում է անցման, փոփոխության, կյանքի երկու փուլերի միջեւ կապի մասին:

«Թողնեմ քեզ»-ը` նշանակում է, արդյոք, դու ինձնից հետո կանցնես դրա միջով:

Այսինքն` իմ անցումը քեզ ինձնից թողած ժառանգությունն է:

Զգեստներով ճամպրուկը կյանքի փորձերն ու ցավերն են, անցյալի ձայներն ու իր պատմությունը: «Ում թողնեմ»-ը`կարծես, զրուցակիցս մտածում է հեռանալու մասին, իսկ «Ճաք տված ատամներ»-ը`ցավի խոր շերտի մասին է, բայց եւ` «Գիտե՞ս՝ ատամնատերերը բնավ ցավ չեն զգում»:

Նրանք, ումից վերցնում ես ուժը, այլեւս ցավ չի զգում: Բանալին ջրի մեջ զոհաբերությունն է, ժողովրդական հավատալիքներում այն նոր դուռ բացելու խորհուրդն ունի:

Երբեմն մոլորվում եմ, մտածում՝ գուցե այնքան էլ ներկայացվածը տեսիլքներ չեն կամ` նկար-տեսիլքները նոր գեղարվեստ են, իրականության նոր ժանր:

Օրինակ`

«Թե գնում ես, թեւերդ թո՛ղ,

որ երբ տուն վերադառնամ,

նրանք՝ որպես հաց ու դանակ,

իմ մոր գրկում նստած լինեն…

Թե գնում ես,

ինչո՞ւ հանկարծ

դու ինձ համար

թույլ ու նվաղ

ծիծաղ դարձար…» (Տեսիլք 6)

Այս գրականությունը ոչ թե գրված է, այլ տեսած, ապրված:

Անահիտը չի գնում ֆիզիկապես, այլ դառնում է իր նկարագրած անհաստատ, թուլիկ ծիծաղը: Այս տողերը դիպչում են անիմանալի մի շերտի, որը չի բացահայտվում: Իմ տպավորությամբ, դրանք միաժամանակ թե երազ են, թե գեղարվեստ, թե տեսիլք:

«- Գինին լցրո՛ւ ու տան դուռը բա՛ց արա:

– Ինչո՞ւ, – զարմացած հարցրեցիր:

– Որ գինին խմեմ՝ հայացքս բաց դռանը հառած…

– Գինին լցրո՛ւ ու տան լույսը անջատի՛ր:

Չհարցրեցիր՝ իսկ ինչո՞ւ, պարզապես լուռ նայեցիր ինձ:

– Որ քո եւ իմ որդեգրած շրջազգեստն ու կոստյումը ծնկեն ու ոտքի կանգնեն հղի» (Տեսիլք 4):

Գրականությունը եւ տեսիլքը խառնված են: Ասես, մենք գործ ունենանք, նոր սկզբի հետ`«Լույսն անջատվի, բայց բանալին դուրս չգա»:

Անսպասելի եկած տողեր են, որոնք մնում է հավաքել, գրի առնել, ինչը որ անում է հեղինակը:

Հենց անսպասելի եկողն է տեսիլքայինը, առանց նախապատրաստության, առանց մտածելու, այդ տողերը գալիս են ավելի խոր շերտից: Դրանք չեն գալիս մտքով, բանականությամբ, դրանք չեն ծնվում «գրելու ցանկությունից», գալիս են անսպասելի` երազի նման, առանց ինձ կամ քեզ հարցնելու: Դրանք ձայներ են նաեւ, որ դառնում են պատկեր:

Այդպիսի պատկերները ոչ սովորական մարդկանց են այցելում: Զրուցակիցս անսովոր մեկն է, որի շնորհներին օր օրի ավելանում են նորերը, նա հիմա նաեւ երգում է, բայց մի երգ, որն, ասես, սափորի միջից դուրս գա, դեռ մեզ համար անհասկանալի բառերով…

«Խորհո՞ւմ ես…

Ե՛կ, եկ՝ գնանք:

Քամին հեռացավ…

Ե՛կ, եկ՝ գնանք:

Կիրակի օրը

իմ ու քո տան մեջ

Էն անցյալ տարվա

երկվորյակ օրը

պետք է ասմունքի

քո եւ իմ գրած

անհանգ բանաստեղծությունները…

Ե՛կ, եկ՝ գնանք:

Քանի դեռ հին պատերով հավաքած

աթոռներ կան ազատ» (Տեսիլք 5):

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031