Aravot.am-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
– Տիկին Ասատրյան, դեկտեմբերի 18-ին և 19-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը, ինչն ակնկալում է մեծամասշտաբ բեմադրություն: Խնդրում ենք կիսվել ձեր մտորումներով, մասնագիտական խոսքով ու դիտարկումներով:
– Ըստ էության՝ այս աննախադեպ ու մասշտաբային նախագիծը, որի իրականացման աշխատանքներում ներգրավված է շուրջ 600 նվիրյալ, Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող բալիկների հանդեպ քաղաքապետարանի ուշադրության դրսևորումներից մեկն է: 2024-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների հավաքական երգչախումբը: Իսկ քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի մտահղացմամբ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը մանկապատանեկան երգչախմբի համար ստեղծեց «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որի պրեմիերան տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգի ժամանակ, 2024 թվականի հունիսին, 250 բալիկներից բաղկացած հավաքական երգչախմբի կատարմամբ: Համերգի ընթացքում կայացավ «Կոմիտասականի» կլավիրի շնորհանդեսը:
Կարդացեք նաև
Ապա Երևանի քաղաքապետարանի պատվերով Տիգրան Մանսուրյանը մանկապատանեկան երգչախմբի համար ստեղծեց «Խաղիկներ» խմբերգաշար-սյուիտը, որի պրեմիերան 300 հոգուց բաղկացած երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ Երևանի օպերային թատրոնում՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգի ընթացքում՝ 2025 թվականի հունիսի 7-ին: Համերգի ընթացքում կայացավ «Խաղիկների» կլավիրի շնորհանդեսը:
Եվ ահա Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետի նոր նախաձեռնությունը. այս անգամ անդրադարձ հայ ժողովրդական «Սասունցի Դավիթ» էպոսին: Սասունցի Դավիթը յուրաքանչյուր հայի ամենահոգեհարազատ կերպարներից է: Իսկ շնորհիվ Երևանի կայարանամերձ հրապարակում կանգնեցված Երվանդ Քոչարի հրաշալի արձանի՝ Սասունցի Դավիթը դարձել է Երևան քաղաքի խորհրդանիշներից ու այցեքարտերից մեկը:
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան աննախադեպ է մի քանի առումներով: Նախ՝ մեր ազգային էպոսը ներկայացվում է ժամանակակից լեզվով՝ այսինքն` համադրվել է ավանդույթն ու արդիականությունը:
Պատանիները ծանոթանում են էպոսի բովանդակությանն ու հերոսներին, յուրացնում էպոսի գաղափարական կարևորագույն ու հավերժական ուղերձները՝ ազնվություն, հայրենասիրություն, արդարություն, խիզախություն, ուժ, նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին, հավատ սեփական ուժերի նկատմամբ: Ակնհայտ է նախագծի կրթական ու դաստիարակչական նշանակությունը:
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի պրեմիերային ընդառաջ լույս կտեսնի կլավիրը, ինչի շնորհիվ այն հասանելի կլինի բոլորին՝ կհատկացվի Երևան քաղաքի ու հանրապետության բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցներին, և դպրոցական երգչախմբերը հնարավորություն կունենան իրենց երգացանկում ունենալ այս ստեղծագործությունը:
Եվս մի կարևոր հանգամանք՝ դեկտեմբերի 18-ից արտադրվելու և վաճառքի մեջ են դրվելու էպոսի հերոսների՝ Սասունցի Դավթի, Քուռկիկ Ջալալիի և Ծովինարի պատկերներով շապիկներ, հուդիներ և այլ պարագաներ, որոնց վաճառքից հասույթի շուրջ 10%-ն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը:
«Սասունցի Դավթի» հիմքում էպոսի՝ էպոսագետ-գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանի գրական մշակումն է: Ընդգրկված ավելի քան 50 երգերում արտահայտվում է էպոսի բովանդակությունը: Երգերը կազմելիս ընտրվել են այն մոտիվներն ու սյուժեները, որոնք համապատասխանում են հիմնական նպատակին՝ մանկապատանեկան երգչախմբի կատարմանը: Երաժշտությունը, ժամանակակից էլեկտրոնային մոտեցմամբ, ստեղծել է «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը՝ ազգային մեղեդիների ինտոնացիոն առանձնահատկությունների ու նոր տեխնոլոգիական հնարների համադրությամբ։ Հնամենի էպոսը «պատմվելու» է ժամանակակից լեզվով:
«Սասունցի Դավիթը» կկատարի 400 աշակերտներից բաղկացած հավաքական երգչախումբը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, և Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը՝ բալետմայստեր Մարիամ Ասլանյանի ղեկավարությամբ: 500 քմ մակերեսով 80 կտորից բաղկացած հսկայածավալ դեկորացիաների հեղինակն է նկարիչ-քանդակագործ Արթուր Դուրգարյանը:
Հատկապես ուզում եմ ընդգծել, որ նախագծի համակարգման աշխատանքներով անձամբ, մեծ նվիրումով ու ոգևորությամբ զբաղվում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Ինձ մնում է հաջողություն մաղթել ստեղծագործական ողջ խմբին՝ ինչպես պրոֆեսիոնալ արտիստներին, այնպես էլ մանկապատանեկան երգչախմբի բալիկներին: «Առավոտի» ընթերցողներին խորհուրդ կտամ անպայման ներկա գտնվել «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի պրեմիերային՝ դեկտեմբերի 18-ին և 19-ին: Իսկ այն երևանցիները, ովքեր չեն կարողանա այդ օրերին այցելել օպերային թատրոն, ապա կարող են բալետ-օրատորիան դիտել նաև 2026 թվականին, քանի որ հունվարից այն իր հաստատուն տեղն է գրավելու մեր ազգային օպերային թատրոնի խաղացանկում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ



















































