Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ փաստաթուղթ դատախազությունը պաշտպանական կողմին չի ներկայացրել․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Դալլաքյանը։
Այս գործով հայցի հիմքի փոփոխություն դատախազությունը պետք է ներկայացներ դեռ հուլիս ամսին։ Նման անհրաժեշտություն այս եւ մի շարք այլ գործերով՝ ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ, առաջացել էր ՍԴ հայտնի որոշումից հետո։
Տեւական ձգձգումներից հետո, հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Գործով նոր դատախազը ժամանակ էր խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար։ Այսօր նշանակված նիստն էլ, որտեղ ակնկալվում էր, որ դատախազությունը վերջապես կներկայացնի հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ դիրքորոշում, չկայացավ․ դատավորը վերապատրաստման դասընթացների է մասնակցում։ Ամեն դեպքում, հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը այդ մասին փաստաթղթեր չի ստացել։
Պաշտպանական կողմի ակնկալիքը շարունակում է նույնը մնալ՝ դատախազությունը պետք է ընդհանրապես հրաժարվի հայցից՝ հիմքերի բացակայության պատճառով․ «Կարող եմ ենթադրել, որ չեն կողմնորոշվում, թե ՍԴ որոշման համատեքստում ինչպիսի՞ դիրքորոշումների մեջ կկարողանան տեղավորել իրենց պահանջը։ Մեր համոզմամբ, պետք է լինի հայցից հրաժարում, իրենք, բնականաբար, չեն ուզում հայցից հրաժարվել, բայց չեն էլ կարողանում հասկանալ, ինչպե՞ս տեղավորեն իրենց պահանջը»։
Կարդացեք նաև
Վահագն Դալլաքյանը նաեւ հավելեց, որ նման պայմաններում պաշտպանական կողմն էլ երկար սպասել չի կարող, քանի որ երկար ժամանակ է Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ հայցի ապահովումներ են կիրառված՝ գույքը եւ հաշիվները կալանքի տակ են․ «Հայցվորի՝ նման անգործության պարագայում, կարծում են հայցի ապահովման իրենց հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Մենք կարող ենք համապատասխան միջնորդություններ ներկայացնել դատարան՝ հայցի ապահովման միջոցի ամբողջական կամ գոնե մասնակի վերացման մասով։ Մեր վստահորդների հետ դեռ կքննարկենք այդ հարցը»։
Հայրապետյանների գործով նախկին դատախազը Ռուզաննա Խուդավերդյանը նոր պաշտոն է ստացել դատախազությունում։ Հարցին՝ իր մատուցած ծառայությունների համա՞ր էր «պարգեւատրվել» նախկին դատախազը, Վահագն Դալլաքյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Ամեն դեպքում արդարադատության համակարգում է եւ նախարարի անձով պայմանավորված նշանակում կարող է լինել։ Չեմ մեկնաբանի։ Իր անձով պայմանավորված որեւէ խնդիր չունենք, կարող եմ հաջողություններ մաղթել իրեն՝ իր նոր աշխատանքում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































