«Ես ինքս էլ եմ այցելել, աշխատակազմն էլ է մի քանի անգամ այցելություն իրականացրել։ Միայն այցերով չէ, որ այս հարցերը հասցեավորվում են»,- լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ եք այցելել սրբազաններին, քանի որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգեց, որ Միքայել սրբազանն ունի հրատապ վիրահատության կարիք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։
Հարցին՝ Արշակ սրբազանի՞ն էլ է այցելել, Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ դեռ ոչ․ «Ազատությունից զրկման վայրեր այցերն անընդհատ են, անձանց թիվն է մեծ, անընդհատ փորձում եմ նաև ինքս այցերին ներգրավվել։ Մեկ հոգուն դժվար է անընդհատ այցերի միջոցով բանտային բնակչության խնդիրների հասցեավորում իրականացնել անձնապես»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին նո՞ր է տեղեկացել, թե ավելի վաղ, ՄԻՊ-ը պատասխանեց․ «Մենք պարոն Դանիելյանի հետ նախապես այս հարցով հաղորդակցություն չենք ունեցել։ Բազմաթիվ հարցեր կան, որ ինքն էլ բարձրացրել է, և համատեղ աշխատում ենք այդ խնդիրների ուղղությամբ։ Կարևոր է, որ ոչ թե միայն բարձրաձայնելու միջոցով պատգամավորները խնդիրներին առնչվեն, այլ լինեն կառուցողական։ Այս հարցերի հետ կապված շատ կառուցողական համագործակցություն ունենք»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ եք անելու, որ Միքայել սրբազանն անհապաղ ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ճշտումներից հետո պարտադիր նաև ձեզ կհաղորդակցենք»։
Անահիտ Մանասյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































