Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում հայկական եկեղեցիներում պատարագները լեփ-լեցուն են անցնում, բայց հոգեւոր սնունդը չէ միայն, որ հայերին եկեղեցի է բերում

Դեկտեմբեր 08,2025 15:53

Շաբաթ օրը Վան Նայսի (Van Nuys) Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում նորածինների հերթ էր։ Անգամ բնական լույսից դեմքերը խոժոռող ու ծնողների բռի մեջ տեղավորվող մանուկները, որոնց գործն այդ տարիքում միայն ուտելն ու քնելն է, անխռով սպասում էին Տեր Շնորհքին՝ մինչեւ որ կավարտեր իրենց պես մի նորածնի արարողությունը։ Նրանք բոլորը ճիշտ նույն տարիքի էին, եկեղեցի էին եկել, այսպես ասած՝ «քառասունքից դուրս գալու»։ Հերթում էին Ալեքսը, Մոնթեն, Դայանան եւ այլ բալիկներ։

Չնայած, որ «քառասունքից դուրս գալու» արարողությունը կարճ է տեւում՝ համեմատած մկրտության, ամուսնության պսակի եւ եկեղեցական այլ արարողությունների եւ ընդամենը մի քանի րոպե է, բայց նորածինների պատվին ծնողներից, տատիկ-պապիկներից ու մոտ հարազատներից բացի եկեղեցի են գալիս նաեւ բարեկամներ, ընկերներ։ Այստեղ երեխային եկեղեցով «քառասունքից հանելը» հայկական ընտանիքների մեծ մասում պարտադիր է։

Վան Նայսը Լոս Անջելեսի մեծ թաղամասերից մեկն է եւ համարվում է Կալիֆոռնիայի այն տարածքներից, որտեղ կա հայկական մեծ համայնք։ Մոտակայքում են գտնվում Գլենդեյլ (Glendale) եւ Բըրբենք (Burbank) քաղաքները, որոնք նույնպես աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքի կենտրոններից են։ Այս բնակավայրերում հայերի մեծաթիվ ներկայության մասին են վկայում նաեւ հայկական եկեղեցիները, դպրոցները եւ բիզնեսները:

Տեր Շնորհք Քահանա Գասպարյանը Սուրբ Պետրոս եկեղեցու հոգեւոր հովիվն է։ Ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունի․ գրեթե ամեն օր ժամերգություններ, ամուսնության պսակ, մկրտություն, հոգեհանգստի արարողություն, Սուրբ Պատարագ եւ այլ արարողություններ են տեղի ունենում։ Այս եւ հայկական մյուս եկեղեցիները լեփ-լեցուն են, հատկապես, կիրակի՝ Սուրբ Պատարագի օրերին։ Հայկական եկեղեցիներն այնքան մարդաշատ են լինում, որ երբեմն ներսում տեղ չի լինում եւ մարդիկ ստիպված են լինում Պատարագին դրսից մասնակցել։

Պատարագի արարողության այսպիսի տեսարանի Հայաստանի եկեղեցիներում, բացառությամբ մի քանիսի, օրինակ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, ականատես չես լինում։ Կալիֆոռնիայում հայերն ամենաչնչին առիթն անգամ բաց չեն թողնում եկեղեցով «օծելու»։ Ալեքսը, Մոնթեն, Դայանան եւ այլ բալիկներ, որոնք, գուցե, իրենց կյանքում առաջին անգամ էին տանից դուրս գալիս եւ որոնց աչքերը, կարելի է ասել, եկեղեցում «բացվեցին», դեռ շատ անգամներ են Հայ Առաքելական Եկեղեցի գալու՝ իրենց պես բալիկների քառասունօրյա արարողությունների, հարսանիքների, մկրտությունների, պատարագների եւ եկեղեցական այլ ծեսերի ու արարողությունների մասնակցելու։ Այստեղ այս սովորությունը փոխանցվում է սերնդեսերունդ։

Բայց հոգեւոր սնունդը չի միայն, որ մեր հայրենակիցներին եկեղեցի է բերում․ Սփյուռքում եկեղեցիները բառի ուղիղ իմաստով հանդիսանում են սոցիալական ցանց։ Մարդիկ գալիս են այստեղ նաեւ շփումների համար։ Պատարագից կամ որեւէ արարողությունից հետո էլ այցելուները ժամերով չեն հեռանում․ զրուցում են, մտքեր ու կարծիքներ փոխանակում։

Եկեղեցիներին կից էլ գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ, որտեղ երեխաները սովորում են հայոց լեզուն, պատմությունը եւ մշակույթը։ Այստեղ կազմակերպվում են նաեւ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, տոնակատարություններ։ Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցին այստեղ, միայն աղոթատեղի չէ, այլ՝ համայնքային կյանքի անբաժանելի մասը եւ, հետեւաբար, նրա դիրքերի թուլացումը կխաթարի համայնքի ամբողջականությունը։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական բուռն իրադարձությունները, մասնավորապես՝ եկեղեցու եւ իշխանության միջեւ լարվածությունը, բարդ հետեւանքներ են թողնում նաեւ Սփյուռքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հայ համայնքի եւ տեղի եկեղեցիների վրա։ Այստեղ ապրող հայերը, որոնք արդեն իսկ բաժանված են Հայաստանի իշխանություններին աջակցողների եւ ընդդիմադիրների միջեւ, այժմ տեսնում են, որ եկեղեցին դառնում է այս պայքարի մի մաս։

Վտանգն այն է, որ մարդիկ սկսել են ընտրություն կատարել՝ աջակցե՞լ եկեղեցուն, որպես ազգային կառույցի, թե՝ ՀՀ իշխանություններին, այս հողի վրա էլ մարդկանց միջեւ արդեն իսկ վեճեր ու տարաձայնություններ են առաջանում։ Ինչն էլ իր հերթին խախտում է համայնքային միասնությունն ու ամբողջականությունը։

Սփյուռքում, որտեղ չկան հայկական պետական կառույցներ, որոնք կստանձնեն այս դերը, Հայ Առաքելական Եկեղեցին միակ ամենաակտիվ եւ արդյունավետ ուժն է՝ պահպանելու հայ մշակույթը, լեզուն, պատմությունը եւ նաեւ Սփյուռքի ազգային դիմադրողականությունը բարձրացնողն ասիմիլյացիայի (ձուլվել) դեմ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031