ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը և ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին ակտիվ ներգրավվածության, կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու մարզական մշակույթի զարգացումը համընդհանուր առաջնահերթություն են։
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով. մասնակցել է շուրջ 23360 աշակերտ: Սպարտակիադային 1-ից 3-րդ տեղեր գրաված մարզերը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով, իսկ 4-ից 11-րդ տեղեր գրաված մարզերը՝ շնորհակալագրերով և մարզագույքով:
Կարդացեք նաև
Սպարտակիադայում առաջին տեղը գրավել է Երևան քաղաքը (830 միավոր, 450 հազար դրամի մարզագույք), երկրորդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը (610 միավոր, 350 հազար դրամի մարզագույք), լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզը (610 միավոր, 250 հազար դրամի մարզագույք):
Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են նաև 4-ից 11-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերը՝ սպարտակիդային լավագույնս մասնակցելու համար:
Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել նաև մարզաձևերի ֆեդերացիաների աջակցությունը, որոնք զգալի ներդրում են ունեցել մրցումների կայացման գործում։ Սպարտակիադայի ծրագրում ներգրավված են եղել բասկետբոլի, վոլեյբոլի, աթլետիկայի, բազկամարտի, հրաձգության, շախմատի և սեղանի թենիսի ֆեդերացիաները։
Հաջորդիվ կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարի համայնքային փուլին երկու տարիքային խմբում 4850 աշակերտ է մասնակցել: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ են անցնել առաջին տեղեր գրաված թիմերը: Եզրափակիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 20-25-ը Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև կանոնակարգին առնչվող հարցեր:
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝
- 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ),
- 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):
Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի մեկ ուսուցիչը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Մրցաշարի հաղթող դպրոցները պարգևատրվում են՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 2,5 մլն ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 1,5 մլն ՀՀ դրամ
Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ 300 հազար ՀՀ դրամ
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (9 աշակերտ) 150 հազարական ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ (9 աշակերտ) 100 հազարական ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ (9 աշակերտ) 75 հազարական ՀՀ դրամ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































