ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 301 թվականին պետության կողմից, պետության որոշմամբ։
Փաշինյանի այս գրառումը բուռն քննարկումների առարկա է դարձել սոցիալական մեդիայում, մասնավորապես, բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ վերջինս սխալ է ներկայացնում ՀԱԵ-ի հիմնադիրներին ու հիմնադրման տարեթիվը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վարչապետի գրառումն ու պատմական փաստերը։
Ինչ են ասում պատմագիրները
Կարդացեք նաև
Այսպես, չնայած Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին՝ Տրդատ Մեծի կառավարման տարիներին, Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ, այնուամենայնիվ, եկեղեցու հիմքերը դրվել են ավելի վաղ՝ 1-ին դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից։
Հայ պատմիչների՝ Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի աշխատություններում նկարագրվում է Թադեոսի ու Բարդուղիմեոսի Հայաստան գալը, Քրիստոսի ուսմունքի տարածումը, առաջին հայկական քրիստոնյա համայնքների ստեղծումը և նրանց մահը։
Այսպես, պատմագիտորեն հաստատված հիմնական ճշգրտումների համաձայն՝ քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է դեռևս 1-ին դարում տարբեր համայնքներում։ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ ձևավորվել է կենտրոնացված եկեղեցական ինստիտուտ, որը ստացել է պետական հովանավորություն Տրդատ Մեծի կողմից։
Այսպիսով, եկեղեցին հիմնադրվել է որպես հոգևոր ինստիտուտ, որը հետո դարձել է պետականորեն ճանաչված կառույց։ Հայոց եկեղեցին չի «հիմնվել պետության կողմից», այլ ձևավորվել է որպես հոգևոր կառույց՝ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ, որի գործունեությունը հովանավորել է ժամանակի պետական իշխանությունը։
Մայր Աթոռի հիմնադրման մասին
Հայոց եկեղեցին կոչվում է առաքելական, քանի որ հիմնադրվել է Քրիստոսի երկու առաքյալների կողմից։ Հայ առաքելական եկեղեցու կայքում նշված է, որ «Հայոց Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին՝ հիմնադրված Ա դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների`Ս․ Թադեոսի և Ս․ Բարդուղիմեոսի քարոզչությամբ»:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Հայոց Եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հիմնադրվել է 301-303 թթ․ Վաղարշապատում։
Այսպիսով, Փաշինյանը սխալվում է, Հայոց եկեղեցին հիմնադրել են Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ Մայր Աթոռի հիմնադրումը՝ որպես եկեղեցու վարչական ու հոգևոր կենտրոն, եղել է 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու տարեթվին։
Նանե Մանասյան



















































