Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի հոգևորականները «մաքրագործեցին» Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցին՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգով մատուցված պատարագից հետո

Դեկտեմբեր 08,2025 22:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով ու իշխանական ողջ վերնախավի մասնակցությամբ Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ տեղի ունեցած պատարագից անմիջապես հետո Շիրակի թեմի հոգևորականները Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կատարեցին հայրապետական մաղթանք, թեև հավատացյալների ընկալմամբ՝ այն մաքրագործման արարողակարգ էր։

Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կատարվում է օրհնություն՝ եկեղեցու անդորրը վերականգնելու համար։ Նա այս ծիսակարգը նմանեցրեց տնօրհնեքին։

«Տունը քանդված չէր, հոգևորականը եկավ ու տունը օրհնեց, այլ օրհնում է այն դրությունը, որն այդ տան մեջ խախտված է եղել, և այդ դրությունը վերականգնելու համար է օրհնությունը կատարվում։ Եվ դրա համար օրհնվում են նաև տան տարրերը՝ աղը, հացը, ջուրը։

Այդ իմաստով նաև խաղաղություն բերելու որոշակի դրություն կա, և մենք մեր հոգևորականց դասի հիմնական մասով որոշեցինք, որ այս ամենին անդրադարձ ունենանք։

Մի իրադարձության մեջ էինք հայտնվել, որը մեր կամքից անկախ էր, այսինքն՝ մեր կամքից անկախ դրություն էր տեղի ունեցել, հետևաբար և այդ դրությունը որպեսզի կարողանանք փոխել, այդ հոգեվիճակից դուրս գալ, աղոթք է պետք, օրհնանք է պետք, դրա համար այսօր եկեղեցում տեղի է ունենում այդ ծիսական մասը»,- պարզաբանեց հոգևորականը։

Արարողակարգն անցկացնելուց հետո հոգևորականները հավատացյալներին ևս հարկ համարեցին պարզաբանել, թե ինչու հայրապետական մաղթանք կատարեցին։

«Հարկ ենք համարում ասել, թե ինչ կատարվեց հիմա և ինչու, մեր հավատացյալների շրջանակում բավականին հարցականներ են մնացել վերջին օրերի իրադարձությունների հետ կապված․ տարաբնույթ ընկալումներ ու մեկնաբանություններ կան, և դրանցից մեկն այն էր, թե արդյոք երեկվա կատարված դեպքերից ու իրադարձություններից հետո եկեղեցին սրբագործվելու կարիք ունի՞, թե՞ չունի։

Այն, ինչ-որ կատարեցինք, կոչվում է հայրապետական մաղթանք՝ հատուկ շեշտելու և հայտարարելու համար, որ երեկվա կատարվածը, ինչը որ մեր բոլորի կամքին հակառակն էր և ինչը մենք որակավորում ենք ոչ միայն մեր կամքին, այլ գործող կանոնին հակառակ, կարելի է ասել հակառակության ոգով։

Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։

Հիմա այդ ոգով կատարվեց երեկ Սուրբ Յոթ վերքում՝ ըստ մեր մեկնաբանության և ընկալումների, պատարագ անվամբ արարողություն։

Ավելին չվերցնեմ իմ վրա ասելու համար, թե պատարագ էր, թե ոչ, յուրաքանչյուր մեկը կիմանա, եթե կանոնական շեղում կա, ինչ է իրենից ներկայացնում։

Բայց քանի որ դա այն շեղումն էր, որտեղ նպատակային ու դիտավորյալ կերպով զեղչվում էր Հայրապետի անունը, որը պատարագի տեքստի կանոնական ձևակերպում է, հետևաբար եթե զեղչվում է, տեքստն էլ կանոնակարգությունից շեղվում, թերանում է։

Եվ միևնույն ժամանակ զեղչվում է նաև մեր շատ սիրելի առաջնորդի՝ Միքայել Սրբազանի անունը, որը նույնպես կանոնական շեղում է։

Այսինքն մեր եկեղեցում՝ անկախ մեզանից և մեր կամքին հակառակ՝ կանոնական շեղմամբ արարողություն է կատարվել, մենք փորձեցինք վերականգնել այս կանոնականությունը՝ միասնականորեն։

Եվս մեկ անգամ հայտարարելու, որ մեր թեմը, մեր թեմի հոգևորականությունը, հավատացյալ համայնքը, շեշտում եմ հավատացյալ համայնքը, իրեն հավատացյալ երևակայող չէ, մնում են հավատարիմ Հայոց Հայրապետությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց եկեղեցում գործող կանոնին՝ անկախ նրանից, թե իր դեմ ինչ է կիրառվելու թե՛ այսօր, թե՛ վաղը և թե՛ ընդհանրապես։ Սա մեր հավատարմության հավաստագրումն էր՝ վերականգնելով մեր եկեղեցու կանոնական արարողությունների ընթացքը», -պարզաբանեցին հավատացյալներին։

«Չտա Աստված, որ էլ երբևէ Հայոց որևէ եկեղեցում կանոնական շեղումներով արարողություններ կատարվեն՝ ուժային կիրառումներով։

Միևնույնն է՝ այդ արարողությունները կատարելու ընթացքում եկեղեցին չի վնասվում, այլ վնասվում են կատարողները, որոնց խղճում ենք՝ կարեկցելով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031