Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված է Հայաստանում գործող բոլոր արքեպիսկոպոսների մեկ երրորդը․ նամակ Մերցին՝ Փաշինյանի այցին ընդառաջ

Դեկտեմբեր 08,2025 22:22

Համատեղ դիմում կանցլեր Մերցին՝ Սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդների ընկերակցության, Ընդդեմ ցեղասպանության և միջազգային փոխըմբռնման համար աշխատանքային «Ճանաչում» խմբի, Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության կողմից՝ վարչապետ Փաշինյանի՝ Բեռլին կատարելիք այցի և Մերցի հետ վաղվա հանդիպման հետ կապված։

Պարո՛ն դաշնային կանցլեր Մերց,

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դաշնային կանցլերի նստավայրում ընդունելու կապակցությամբ ցանկանում ենք արտահայտել մեր հորդորն ու ակնկալիքը, որպեսզի Ձեր զրույցում Հայաստանի կառավարության ղեկավարի հետ տարածաշրջանում առկա մարդու իրավունքների և մարդասիրական հրատապ հարցերը չմնան երկրորդական՝ երկկողմ համագործակցության և տնտեսական քաղաքականության համեմատ, այլ արժանան համապատասխան ուշադրության։ Այդ կապակցությամբ մենք հատուկ հղում ենք կատարում 2025թ. օգոստոսի 21-ի այն համատեղ դիմումին, որը հրապարակվել էր մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից (Սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդների ընկերակցություն, Մարդու իրավունքների համար միջազգային ընկերակցություն, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն, Հալածված քրիստոնյաների «Ստեփանոս» հիմնադրամ, Ընդդեմ ցեղասպանության և միջազգային փոխըմբռնման համար աշխատանքային «Ճանաչում» խումբ եւ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդ)։

Այս դիմումով մենք դիմել էինք արտաքին գործերի նախարարին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությանը։ Այս գործընթացի համար կենսական վստահություն հաստատող քայլերից է Ադրբեջանում պահվող ռազմագերիների ինչպես նաև նախկին դե ֆակտո Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) քաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը։ Կալանավորումները անօրինական է որակել նաեւ Եվրոպական խորհրդարանը։ Նրանց անհապաղ ազատ արձակումը վստահելի խաղաղ ցանկացած գործընթացի անբաժանելի նախապայման է։

Պետք է նաև ապահովվի, որ Ադրբեջանի կողմից պահվող հայերին նախատեսված կալանքի պայմանները խստորեն համապատասխանեն միջազգային չափանիշներին ու համաձայնագրերին, հատկապես՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի կողմից սահմանված չափանիշներին։ Օրինակ՝ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը Ադրբեջանին մեղադրում է անհրաժեշտ բժշկական խնամքն ապահովելուց հրաժարվելու համար, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը Բաքվի բանտում շարունակաբար վատթարանում է։ Նրա ընտանիքի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները ամիսներով չեն ապահովել պատշաճ բուժում, և նա այլևս չի կարողանում քայլել։

Միաժամանակ կա լուրջ մտահոգություն, որ Հայաստանի կառավարությունը բավարար և համակողմանի ջանքեր չի գործադրում Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինաբար տեղահանված արցախահայ բնակչության իրավական, քաղաքական և սոցիալական շահերի պաշտպանության համար։ Վարչապետ Փաշինյանը, կարծես, նրանց ընկալում է որպես ներքին և արտաքին քաղաքականությանը խանգարող գործոն։

Փաշինյանի այցի առթիվ մեզ համար հատկապես կարևոր է խոսել նաև Հայաստանի ներսում ծայրահեղ մտահոգիչ զարգացումների մասին, որոնք ապակայունացնում են այս փոքր երկրի արդեն իսկ լարված վիճակը՝ խոսքի ազատության սահմանափակում, այլախոհների և կառավարության քննադատների քաղաքական դրդապատճառներով բանտարկություններ, ինչպես նաև արդեն չորս արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչը կազմում է Հայաստանում գործող բոլոր արքեպիսկոպոսների մեկ երրորդը։ Սա լուրջ հարցեր է առաջացնում իրավական պետության սկզբունքների, ինչպես նաև կրոնական և քաղաքացիական ազատությունների ապահովման վերաբերյալ։

Չնայած նրան, որ Հայաստանի Սահմանադրությունը Հայ առաքելական եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ՝ նրա պատմական դերի պատճառով, Փաշինյանի վերջին գործողությունները ստեղծում են տպավորություն, թե նա փորձում է պառակտել եկեղեցին կամ բերել պետական վերահսկողության ներքո։ Եվրոպայի խորհրդի նման միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, թեև «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը հաճախ վիճարկվում է, քանի որ կառավարությունը առաջադրում է ահաբեկչության կամ հեղաշրջման մեղադրանքներ։

Տագնապալի է նաև այն հանգամանքը, որ Գերմանիայում բնակվող հայերը, որոնք հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական պետության քայքայումը, աճող մտավախություն ունեն, որ նրանց այլեւս թույլ չի տրվի մուտք գործել Հայաստան։

Հարգանքով՝ կանխավ շնորհակալ ենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031