Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Դեկտեմբեր 08,2025 22:44

Այսօր շատ խոսվեց ու գրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկների` հայոց եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցման եւ հայոց եկեղեցիներում Սբ. Պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման մասին։

Այս ուղղությամբ կուզեի արտահայտել իմ տեսակետը, որն այսօր հայտնեցի մի քանի հոգու։ Մինչ այդ մի հորդոր ունեմ ընթերցողներիս, որոնց մեջ քիչ չեն իշխանական եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ երկու կողմի համակիրները։

Իշխանության ներկայացուցիչներ եւ համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն։ Մի՜ ջանացեք, նրա ամեն արտահայտություն ամեն կերպ ու ամեն գնով պաշտպանել ու արդարացնել։ Հիշեք եւ մի՜ մոռացեք, որ նա կարող է նաեւ սխալվել։ Որքան գիտեմ` ինքն էլ մարդ։

Ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ, գիտեմ, Նիկոլն ըստ ձեզ, վերեւից ներքեւ, ոտից գլուխ սխալ է, բայց դե մի՜ բացառեք, որ նա կարող է նաեւ ճիշտ բաներ ասել ու առաջարկներ անել։ Ինչպես մեկ֊երկու օր առաջ գրեցի, մեզ համակրելի անձերը կարող են նաեւ երբեմն սխալվել, իսկ մեզ ոչ այնքան համակրելի անձերն էլ հաճախ կարող են ճիշտ լինել։ Այնպես որ, մի՜ փորձեք Փաշինյանի ցանկացած խոսք ու առաջարկ մերժել, փնովել կամ ծաղրել։

Հիմա գամ Փաշինյանի երկու առաջարկներին.

1. Եկեղեցիների բակում կամ մուտքերի մոտ ՀՀ դրոշի կանգնեցման հնարավորությունը։
Պարոն Փաշինյանի աչքից վրիպած չի լինի, որ Մայր Աթոռի մուտքին, հայրապետական դրոշի կողքին, ծածանվում է մեր նվիրական եռագույնը։

Իսկ աշխարհի չորս կողմերում, այնտեղ, որտեղ հնարավոր է, մեր եկեղեցիների բակերում, իսկ որտեղ հնարավոր չէ, համայնքային սրահներում տվյալ երկրի եւ հայրապետական դրոշի հետ համահավասար հաճախ տեղադրված է նաեւ ՀՀ պետական դրոշը։ Կան ցավոք երկրներ, որտեղ դա հնարավոր չէ կամ խնդրահարույց է։

Հայ Եկեղեցու թեմերի կամ ծուխերի ու համայնքների տարածքում ՀՀ պետական դրոշի կամավոր տեղադրմամբ սփյուռքահայերս ցույց ենք տալիս մեր հարգանքն ու ակնածանքը հայոց պետականության եւ նրա խորհրդանիշ դրոշի նկատմամբ։

Տեսականորեն կարելի է ՀՀ դրոշներ ունենալ նաեւ Հայաստանում գտնվող եկեղեցիների բակերում։

Անձնապես որեւէ խնդիր չեմ տեսնում, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում։

2. Եկեղեցիներում Սբ. Պատարագից անմիջապես առաջ ՀՀ պետական օրհներգի հնչեցման հնարավորությունը։

Այս առաջարկն իմ տեսակետով շատ խնդրահարույց է։ Նախ` Եկեղեցին ամեն բանից առաջ Աստծո տունն է եւ աղոթավայր։ Յուրաքանչյուր հավատացյալ գալիս է եկեղեցի աղոթքի, Աստծուն փնտրելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար։ ՀՀ պետական օրհներգը նա կարող է լսել այլուր, բայց ոչ անպայման Եկեղեցում։

Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից եւ նման վարվելակերպը խնդրահարույց է նաեւ օրենքի տեսակետից։

Տեղին կլինի նշել ու հիշեցնել, որ Հայ Եկեղեցին դեռեւս Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերից գտել է լավագույն ձեւը եւ սուրբ պատարագների ընթացքում միշտ աղոթում է նաեւ մեր պետության ու պետականության անսասանության ու հարատեւության համար։

Ահա այդ աղոթքը` «Այլ եւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զհամայն ժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր աջոյ քո` ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։

Բացի այս աղոթքից, հայոց եկեղեցիներում տարին առնվազն երկու անգամ (մայիս 28-ին եւ սեպտեմբեր 21-ին) կատարվում է հատուկ Հանրապետական Մաղթանք, ուր կրկին աղոթում ենք մեր պետության ու պետականության խաղաղության ու անսասանության համար։

Կարծում եմ, ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար, քանի որ Հայաստանի անկախ պետության գոյությունը մեր հայկական լինելիության ամենակարեւոր գրավականն է։

Վերոշարադրյալից ելնելով կարծում եմ, թե ամեն կիրակի, Սբ. Պատարագից անմիջապես առաջ, հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի հնչեցումն անտեղի է։

 

Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031