Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին. Արցախի թեմ

Դեկտեմբեր 08,2025 23:40

Մամուլում անցյալ շաբաթվա ընթացքում եղան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմական խորհրդին վերագրվող հրապարակումներ։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկա խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա կողմից խորհրդի անդամների նշանակմամբ, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին Վեհափառի տնօրինությամբ։ Թեմական խորհրդի որոշ անդամներ՝ ներառյալ խորհրդի ատենապետը, 2024 թվականի հունիսից հանդիսանում են նաև Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակի աշխատակիցներ։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ։ Դրանք հիմնված են իբրև Մայր Աթոռի միաբանության քառասնամյա անդամի նրա փորձառության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր առաքելության և բարոյական դիրքերում պահելու, այն ավելի ամրապնդելու համոզմունքի վրա։ Այդ մոտեցումներն արտահայտված են նաև հրապարակայնորեն։

Ցավում ենք, որ հաջորդ օրերին Թեմական խորհրդի որոշ անդամներ, ովքեր նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակիցներ են, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձևախեղված են ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձևաչափը, այլ նաև իրենց չպատշաճող վարքով վիրավորել Թեմակալ առաջնորդին, իսկ Թեմի գրասենյակի՝ իրենց իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ։

Ցավոք սրտի այդ հայտարարությունները Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացվել են իբրև Թեմական խորհրդի հայտարարություն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեմական խորհրդի ընդամենը երեք անդամների սեփական նախաձեռնությամբ Սրբազանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես թեմական խորհրդի ժողով, սակայն, ըստ թեմի կանոնադրության թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով։

Այդ առիթով հայտնում ենք մեր ափսոսանքը և համարում, որ մեր ժողովրդի հիմնարար խնդիրների չլուծվածության և անորոշությունների պատճառով առկա հասարակական դյուրագրգիռ տրամադրությունների հավելյալ բորբոքումը ոչ միայն չի նպաստում հիշյալ խնդիրների լուծմանը, այլև քաղաքական պայքարի ընթացքում Արցախի թեմի գործոնի անտեղի և հոգևոր նշանակությունից դուրս շահարկումը վնաս է հասցնում արցախահայության համար այս կարևոր հոգևոր ինստիտուտին։

Համոզված ենք, որ բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին, ինչպես նաև դրանց դերի ու նշանակության նկատմամբ ճիշտ կեցվածքով նպաստելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և նրա բաղձանքների իրականացմանը։

8-ը դեկտեմբերի, 2025 թ․:

Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031