Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 40. «Մեծ քանակի վարկեր կզրոյացնենք»

Դեկտեմբեր 09,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը, այս անգամ բանկային համակարգի քողի տակ։ 2018-ին հնչեցվեց հզոր, հուզական, ժողովրդի սրտից բխող խոսք։

«Մեծ քանակի վարկերը կզրոյացվեն։ Գյուղացին այլեւս վարկ մուծելու խնդիր չի ունենա։ Մենք սկսելու ենք գյուղացու կողքին կանգնելու նոր դարաշրջան»։ Այս խոստումը դարձավ ամենաազդեցիկ նախընտրական մանիպուլյացիաներից մեկը։ Գյուղացուն տրվեց հավատ՝ որ վերջապես իր ամենածանր խնդիրներից մեկը՝ վարկային բեռը, հեռանալու է։ Սակայն ինչ եղավ իրականում. ոչ միայն վարկերը չզրոյացվեցին, այլ գյուղացին հայտնվեց ավելի խորը վարկային թակարդում, քան երբեւէ։

Կարճ ժամանակ անց, երբ երկրի ղեկավարին հիշեցրի իր խոստումի մասին, շատ հանգիստ տոնով պատասխանեց. «Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է պետությունը մարի քաղաքացու վարկերը»։

Վերջին տարիներին բանկերը գրանցել են պատմական շահույթներ։ Տասնյակ միլիարդավոր դրամների մաքուր եկամուտներ, որոնք աճում են ամեն տարի։

Որտեղի՞ց է այդ շահույթի աղբյուրը։ Գյուղացու վարկեր, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վարկեր, փոքր բիզնեսների վարկային կախվածություն, տոկոսադրույքների անընդհատ բարձրացում։ Բանկային համակարգը դարձավ իշխանության ամենահավատարիմ գործընկերը՝ քաղաքացիների հաշվին հարստանալու գործում։

Այո՛, խոստացվել էր «վարկային բեռի թեթեւացում», բայց ստացվեց՝ պատմության ամենաբարձր տոկոսադրույքների ժամանակաշրջանը։

Գյուղացին, որը պետք է սերմ գնի, իր բերքը ջրել կարողանա, բերք հավաքի եւ ապրի, այսօր մինչեւ ականջները պարտքերի ու վարկերի տակ է։ Եվ ամենավատը. ոչ մի պետական աջակցություն չկա, իսկ խոստումը՝ վաղուց մոռացված է։ Գյուղացու վիճակը՝ առավել ծանր, քան երբեւէ։

Եթե իշխանությունը իսկապես մտածեր գյուղացու մասին, ապա պետք է. սուբսիդավորեր տոկոսադրույքները, աջակցություն տրամադրեր, չթողներ, որ բանկերը լափեն ամեն մի դրամը, չթողներ, որ գյուղացին կորցնի իր հողը, տունը, տեխնիկան։

Բայց վերջին տարիներին գյուղացին միայն կորցրել է։ Գյուղատնտեսական դիզվառելիքի գները աճել են, սերմերի, պարարտանյութի, դեղանյութերի գները բազմապատկվել են, բերքարտադրությունն արժեզրկվել է, շուկաները բացակայում են, իսկ վարկային բեռը դարձել է գյուղացու ամենօրյա իրականությունը։

«Վարկերը կզրոյացնենք» խոստումը՝ բացարձակապես սուտ, մոլորեցում եւ նախընտրական «շանտաժ» էր։

Պետություն, որը գյուղացուն չի պաշտպանում, դատապարտում է ամբողջ տնտեսությունը։ Գյուղատնտեսությունը ցանկացած պետության ողնաշարն է։ Հայաստանում այդ ողնաշարը կոտրված է։ Մինչդեռ բանկերը միլիարդների հասնող շահույթներ են գրանցում, գյուղացին՝ պարտքերի մեջ։

Վարկերը ոչ թե զրոյացվեցին, այլ բազմապատկվեցին։ Տոկոսադրույքները ոչ թե նվազեցին, այլ հասան պատմական մաքսիմումի։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031