Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման գրառման մասին որեւէ տեղեկություն չունեմ»․ Ռուբեն Մելիքյանը՝ Միհրան Հակոբյանի ծեծի դրդապատճառների եւ Նիկոլ Փաշինյանի դատապարտման մասին

Դեկտեմբեր 09,2025 15:14

«Ես նման գրառման մասին որեւէ տեղեկություն չունեմ։ Կխնդրեմ հիմք ընդունել այն ամենը, ինչը թե իր ֆեյսբուքյան էջում, թե տարբեր հարցազրույցներում հայտնել է Միհրան Հակոբյանը․ մենք կտեսնենք, որ գործ ունենք ընդդիմադիր, քննադատական խոսքի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երեկ, «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկված ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը։

Հարցը վերաբերում էր ծեծի դրդապատճառներին։ Երեկվանից սոցիալական ցանցերում շրջանառվում է վարկած, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ բռնությունը կապված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա գրառումներից մեկի հետ։ Գրառումն իբրեւ վերաբեվել է ԱԱԾ պետի եւ ՀՀ գլխավոր դատախազի սիրային կապին։ Գրառումը կատարելուց որոշ ժամանակ անց Միհրան Հակոբյանն իբր այն հեռացրել է իր էջից։

Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ իր համար տարօրինա՞կ չէ, որ իշխող ուժի ղեկավարը, նրա ենթակաները, իշխանությանը մերձ տարբեր անձինք քննադատեցին բռնությունները՝ ի դեմս Միհրան Հակոբյանի հետ կատարվածի։

Ռուբեն Մելիքյանը նկատում է՝ բռնությունը դատապարտող գրառումներ տեսել է, որոնք հասցեական չեն եղել․ «Այստեղ խոսքերը չեն կարեւոր, այլ գործը։ Ես երեկվանից արձանագրել եւ հայտարարել եմ, որ թե վարույթն իրականացնող մարմինը, թե ոստիկաններն իրականացրել են այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեին։ Դա արել են ժամանակին, օպերատիվ եւ ջանասիրաբար։ Բայց եթե այդ ամենը չհանգեցնի հանցագործության բացահայտման, ապա այս խոսքերը դառնում են զրոյական արժեք ունեցող։ Ես, մենք ակնկալում ենք, որ այս հանցագործությունը պետք է շատ արագ բացահայտվի, որպեսզի մենք տեղ ունենանք հավատալու այդ հավաստիացմանը։ Հակառակ դեպքում, դա դատարկ խոսք է, ինչպես շատ հաճախ մենք լսել ենք Նիկոլ Փաշինյանի շուրթերից»։

Ինչ վերաբերվում է նրան, որ նախընտրական փուլին ընդառաջ՝ բռնությունների տարբեր դրսեւորումները մեր երկրում առավել կակտիվանան, մեր զրուցակիցն ասաց՝ դժվարանում է գնահատել․ «Ինչ-որ առումով շատ բան կախված է այս հանցագործության բացահայտումից։ Եթե այն բացահայտվի, հույս կարող ենք հայտնել, որ բռնությունները չեն շատանա, եթե չբացահայտվի, ուրեմն մենք միշտ կարող ենք ունենալ դեպքեր, երբ ընդդիմադիրների վրա ինչ-որ մարդիկ կհարձակվեն, Նիկոլ Փաշինյանը կեղծավորաբար դա կդատապարտի, բայց հանցագործությունը չի բացահայտվի, այնպես, ինչպես չբացահայտվեց նույն Միհրան Հակոբյանի հետ դեռ հինգ տարի առաջ կատարվածը, երբ նրա մեքենայի վրա նռնակ էին նետել, որը միայն պատահականությամբ եւ հրաշքով մարդկային կորուստների չհանգեցրեց։ Կարճ ժամանակից շատ բան հստակ կլինի, քանի որ սա այն արարքն է, որը պետք է բացահայտվի «տաք հետքերով»։ Եթե այսօր, վաղը կամ մյուս օրը մենք չունեցանք բացահայտում, ապա տարբեր դատողություններ կարող ենք անել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Միհրան Հակոբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031