Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում դեռևս պահպանվում են շահեր, որոնք հաճախ խոչընդոտում են ցեղասպանության հանցագործությունների լիարժեք կանխարգելմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն»

Դեկտեմբեր 09,2025 17:18

1948 թ. դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան: Այս փաստաթուղթը ծնվել է մարդկության խղճի խորը ցնցումներից, որոնք արձանագրվել են 20-րդ դարի առաջին կեսի ամենադաժան իրադարձությունների հետևանքով, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությամբ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի սարսափների արդյունքում:

Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը մարդկության պատմության մեջ բացառիկ իրադարձություն էր, որը դարձավ իրավական հիմք ցեղասպանության կանխարգելման և դատապարտման համար՝ բարձրացնելով մարդկության պատասխանատվությունը սեփական անցյալի ու ապագայի առաջ:

Կոնվենցիայի գաղափարական և իրավական ակունքների խորքում կանգնած է իրավաբան Ռաֆայել Լեմկինի անձը՝ մարդ, որն իր ողջ կյանքը նվիրեց ցեղասպանության հանցագործության ճանաչման, կանխարգելման և պատժման գաղափարը միջազգային իրավունքի մակարդակով ամրագրելու գործին:

Լեմկինի անձնական փորձառությունը, ինչպես նաև նրա կողմից մանրամասն ուսումնասիրված պատմական դեպքերը՝ հատկապես Հայոց ցեղասպանությունը, որոշիչ դեր ունեցան ցեղասպանության գաղափարի ձևավորման և դրա միջազգային ճանաչման գործում: Հատկանշական է այն հանգամանքը, որ նա հատուկ ընդգծում է, թե Եփրատ գետը նետված կամ Դեր Զոր տանող ճանապարհին կոտորված հայ տղամարդկանց, կանանց և երեխաների տառապանքները նախապատրաստեցին Միավորված ազգերի կազմակերպության կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման ճանապարհը։

Հայոց ցեղասպանությունը Լեմկինի համար դարձավ դասական օրինակ, երբ պետական մակարդակով ծրագրված և իրագործված գործողությունների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվում է ազգային, էթնիկ կամ կրոնական խումբ: Լեմկինն առաջիններից էր, ով գիտական և իրավական մակարդակով համարձակվեց սահմանել այս հանցագործությունը՝ այն անվանելով «ցեղասպանություն» (Genocide) և պարզորոշ ընդգծելով այդ հանցագործության առանձնահատկությունները, նպատակն ու հետևանքները:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիան, որի հիմքում Լեմկինի մտահղացումն էր, դարձավ առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, որով ոչ միայն միջազգայնորեն սահմանվեց ցեղասպանության հասկացությունը, այլև դրա կանխարգելման ու պատժման միջազգային պարտավորությունը: Կոնվենցիան առաջին անգամ ամրագրեց, որ ցեղասպանությունը ոչ միայն պետության ներքին գործ չէ, այլև միջազգային հանցագործություն է, որի կանխարգելումն ու պատիժը համամարդկային խնդիր են:

Դա մեծ քայլ էր այն ուղղությամբ, որ մարդկության դեմ իրականացվող ամենածանր հանցագործություններին չի կարելի մոտենալ լռությամբ կամ անտարբերությամբ, և որ անցյալի ողբերգությունները պետք է ծառայեն որպես նախազգուշացում ապագայի համար: Կոնվենցիայի ընդունումը, սակայն, ինքնաբերաբար չլուծեց ցեղասպանության կանխարգելման և պատժման բոլոր խնդիրները: Մինչև այսօր էլ աշխարհը շարունակում է բախվել նորանոր ցեղասպանական հանցագործությունների, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների և բռնությունների:

Միաժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում կոնվենցիայի դերն անգնահատելի է, քանի որ այն ստեղծեց միջազգային իրավական համակարգ, որտեղ պետությունները պարտավորվում են ոչ միայն չկատարել նման հանցագործություններ, այլև կանխել դրանք ու պատժել պատասխանատուներին:

Կոնվենցիայի ընդունումը դարձավ նաև միջազգային մակարդակով քաղաքակրթական հասունության ցուցանիշ, որ մարդկությունը, անցնելով սարսափելի փորձությունների միջով, ի վիճակի է դասեր քաղել իր պատմությունից և առաջ մղել համընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, արժանապատվության ու կյանքի իրավունքի գերակայությունը: Սակայն այդ հասունությունը մշտապես ենթակա է փորձության, քանի որ աշխարհում դեռևս պահպանվում են քաղաքական, տնտեսական, գաղափարական շահեր, որոնք հաճախ խոչընդոտում են ցեղասպանության հանցագործությունների լիարժեք կանխարգելմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

Լուսանկարում՝ Միավորված ազգերի կազմակերպության նիստերի դահլիճը Շայոյի պալատում, Փարիզ, 1948 թվականի դեկտեմբեր. (annefrank.org)

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031