Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների. Աննա Վարդապետյան

Դեկտեմբեր 09,2025 22:05

«Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած մտցնել քո մեջ՝ արդյո՞ք արժի քո կյանքը, ժամանակն ու առողջությունը զոհաբերես հանուն այդ պայքարի: Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է. հարվածել՝ ստով, ապատեղեկատվությամբ: Իսկ ո՞նց ենք արձագանքում ապատեղեկատվությանը՝ փաստով», – այս մասին ընդգծել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակը գերազանցող ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, դրա դրսևորման ձևերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերներից ու խոչընդոտներից խոսելու առիթի համար:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ, և դրամական միջոցներ:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից ներկայում դատարանում քննության փուլում է 155-ը: Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 518 միլիարդ 471 միլիոն 605 հազար դրամ: 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն 393 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ 1 վճիռ արդեն մտել է օրինական ուժի մեջ, որի արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ շուկայական արժեքով երկու անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 23 միլիոն 150 հազար դրամ բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության (կատարման փուլում է գտնվում 55 միլիոն 788 հազար դրամի բռնագանձման գործընթացը):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031