Երեքշաբթի Սուրբ Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնի առթիվ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ աղոթք բարձրացվեց առ Աստված՝ բանտարկված հոգեւորականների՝ Բագրատ, Միքայել եւ Արշակ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ինչպես նաեւ Եկեղեցու աջակից Սամվել Կարապետյանի եւ մյուս ազատազրկվածների համար։
Պատարագիչը, խոսքն ուղղելով ժողովրդին, ասաց՝ «Փորձությունները ծանր են, բայց մենք գտնվում ենք ճշմարիտ դավանանքի եւ վարդապետության մեջ՝ ամուր եւ անմնացորդ հավատարմությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի հանդեպ»։
Կարդացեք նաև
Նա միաժամանակ ասաց, որ պետք է աղոթել՝ մոլորության մեջ գտնվողների համար։
Աղոթք հնչեց նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության եւ գերյալ Արցախի։
Ամփոփելիս՝ Պատարագիչը շեշտեց Սուրբ Աննայի տոնի խորհուրդը։
«Աստված լռում է, բայց չի մոռանում, ուշացնում է, բայց պատրաստում է ավելի մեծ բան», —ասաց նա՝ կոչ անելով համբերություն եւ խոնարհություն դրսեւորել, ինչպես դա անում էր Սուրբ Կույսին ծնած Սուրբ Աննան։
Aravot.am-ը հակիրճ զրույցներ ունեցավ Պատարագին մասնակցող երկու հավատացյալների հետ։
«Հավատացյալ եմ, աղոթասեր մարդ եմ, եկել եմ մասնակցելու։ Եկեղեցին ոնց թելադրի, այդպես էլ կանեմ», — ասաց մի տղամարդ։
Մի կին էլ ասաց. «Այս օրերին առավել կարեւոր է մեր աջակցությունը ցուցաբերել մեր Հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ ոտնձգությունները շատ լուրջ են։ Ես չեմ համարում, որ այս ամենը Կաթողիկոսի դեմ է։ Այս ամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ է, ընդ որում՝ պատվիրատուներն ու շահառուները մի քանիսն են։ Մեզնից յուրաքանչյուրը՝ որպես հայ քրիստոնյա, պետք է իր գործողություններով եւ քայլերով ցույց տա, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է»։
Ինչպես վավեր բոլոր պատարագներին, այստեղ նույնպես հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, անունը։
Պատարագին ներկա էին նաեւ հանրային գործիչներ, այդ թվում՝ Թովմաս ուրարակիր Առաքելյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյանը։
Նախապատմություն
Qahana.am-ը բացատրում է Սուրբ Աննայի՝ Սուրբ Կույսով հղիության տոնի մանրամասնությունները։
«Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր:
Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու գթաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար:
Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում եւ ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծո մայրը:
Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ






















































