Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 41. «Մեր կողմից կազմակերպված միջոցառումները հասարակությանը միավորում են»

Դեկտեմբեր 10,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Պետական միջոցառումները նախատեսված են միավորելու ազգը, պահպանելու պետականությունը, ներկայացնելու երկրի արժանապատիվ կերպարը եւ կապ ստեղծելու պետության ու քաղաքացու միջեւ։ Սակայն վերջին տարիներին դրանք աստիճանաբար կորցրել են իրենց բուն իմաստը եւ վերածվել են իշխանության քաղաքական շոուի՝ ծառայելով ոչ թե պետությանը, այլ սոսկ մի կուսակցության ու մեկ անձի շահերին։

Պետական միջոցառումներն այլեւս չեն միավորում հանրությանը։ Այն, ինչ տարիներ առաջ համաժողովրդական ու միավորող էր՝ հիմա դարձել է պիտակավորման, բաժանման ու արհեստական «հավաստագրման» միջոց։

Միջոցառումները կազմակերպվում են ընտրովի՝ միայն «հավատարիմ» խմբերի մասնակցությամբ։ Ազգային տոներն ու պետական օրերը դարձել են քաղաքական լոյալության ցուցադրության հրապարակ։ Բարձրագույն ղեկավարի ներկայությունը հաճախ ներկայացվում է որպես գլխավոր արժեք՝ երկրորդ պլան մղելով միջոցառման իրական նպատակը։

Վերջին գրեթե բոլոր պետական արարողակարգերը դարձել են քաղաքական ելույթներ հնչեցնելու հարթակ, որտեղ ուղիղ կամ անուղղակի ձեւով իշխանությունը փորձում է սեփականությունը ներկայացնել «որպես միակ ճշմարիտ ուժ»։ Յուրաքանչյուր պետական միջոցառում վերածվում է ինքնագովազդի՝ «մենք արեցինք», «մենք հաղթահարեցինք» ձեւակերպումներով։ Արժանապատվության, հարգանքի ու ազգային վեհության մթնոլորտը փոխարինվել է քարոզչական կարգախոսներով։ Անգամ հիշատակի օրերին իշխանությունը չի զլանում ներառել քաղաքական ուղերձներ՝ լրիվ անտեսելով օրվա խորագույն իմաստը։

Սա ոչ միայն անհարգալից է, այլ նաեւ վտանգավոր՝ հասարակության հոգեբանության վրա ազդելու տեսանկյունից։

Միջոցառումներ, որոնք նախկինում համաժողովրդական էին, հիմա դարձել են փակ «ակումբներ»։ Հայաստանի Հանրապետության պետական միջոցառումներին մասնակցում է ոչ թե ժողովուրդը, այլ՝ «նախապես կազմված ցուցակները»։

Քաղաքացիական հասարակության, մտավորականների, զինվորականների, ուսանողների ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությունը պակասել է։ Միջոցառումներին սովորաբար հրավիրվում են կուսակցական շրջանակներ կամ վարչական ռեսուրսից կախված մարդիկ։ Բազմաթիվ ավանդական միջոցառումներ ուղղակի ձեւականացվել են՝ մնալով առանց հոգու, առանց արժանապատվության, առանց համազգային շուքի։

Այս մոտեցումը վերացնում է համազգային պետություն լինելու գաղափարը։

Պետական միջոցառումները դարձել են իշխանության վարկանիշի «շտապ օգնություն»։ Յուրաքանչյուր ապարդյուն քայլի, ձախողման կամ հանրային դժգոհության ֆոնին պետական միջոցառումները օգտագործվում են որպես «նոր փաթեթավորում» իշխանության համար։ Միջոցառումների լուսաբանումը պետական ու իշխանամետ լրատվամիջոցներում ներկայացվում է գերխմբագրված, գերխտացված ձեւով՝ ստեղծելով քարոզչական պատկեր, որը հաճախ աղերս անգամ չունի իրականության հետ։

Վերջերս անգամ մարզային այցերը ներկայացվում են որպես «հեղափոխական ձեռքբերումների տոն»՝ իրականում լինելով ցուցադրական PR ակցիաներ։

Պետական միջոցառումները դարձել են գումարներ լվանալու ամենահեշտ ու պարզ ուղիները։ Միլիոնավոր գումարներ են ծախսվում յուրաքանչյուր պետական միջոցառման համար։ Ուռճացված թվեր, անիմաստ գնումներ ու ընդամենը մի քանի սպասարկող ընկերություններ. ահա այն ամենը, ինչ կարելի է «քաղել» պետական միջոցառումներից։

Ամանորյա միջոցառումների համար տարիներ շարունակ ծախսվում է ավելի քան 607.645.000 ՀՀ դրամ, «Էրեբունի-Երեւան» օրերին ծախսվել է 187.000.000 դրամ, Անկախության տոնին ծախսվել է 220.000.000 դրամ։ Եթե համեմատականներ անցկացնենք նախկին իշխանությունների հետ, կտեսնենք, որ թվերն անհամեմատ ուռճացված են ու աճել են։

Մի հասարակ օրինակ բերենք։ Ամանորյա զարդարանքների վրա ծախսվում են միլիոններ, բայց պետք է ընդամենը 1-2 անգամ առատ ձյուն կամ անձրեւ գա ու փողոցները զարդարող լույսերը դառնում են անպիտան։

Երբ պետական միջոցառումները վերածվում են քարոզչական միջոցների, ապա քաղաքացին կորցնում է վստահությունն այդ կառույցների նկատմամբ, միջոցառումների արժեքն ու նշանակությունը կրիտիկորեն նվազում են, ժողովուրդը սկսում է զգալ, որ պետությունն իրեն չի ներկայացնում, պետականությունը կորցնում է իր սրբազանությունը, իսկ դրա խորհրդանիշները՝ իրենց ազգային միավորող էությունը։

Հետեւանքը՝ հասարակությունը հեռանում է պետությունից, սկսում է բացասաբար վերաբերվել անգամ այն արժեքներին, որոնք երբեք քաղաքականության հետ կապ չունեին։

Այսօր Հայաստանում պետական միջոցառումներն այլեւս չեն ծառայում հասարակության միասնությանը, հարգանքին, պետական մտածողությանը։

Դրանք ծառայում են մեկ նպատակին՝ իշխանության վարկանիշի պահպանում։

Արդյունքում՝ պետականությունը դարձել է քաղաքական բրենդ, իսկ քաղաքացին դարձել է դիտորդ՝ ոչ թե մասնակից պետական կյանքի։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031