«Աստղիկ, ո՞նց անենք երեխայի նպաստի հարցը, գործատուիս ասե՞մ, որ հղի եմ, թե՞ չասեմ, բա որ ուշ իմանան աշխատավայրում, գուցե արձագանքը լավ չլինի՞»,-այս և այլ հարցերով են դիմում Աստղիկ Կարապետյանին կանայք, որոնք բախվում են տարբեր խնդիրների։
Մեր զրույցի պահին էլ կազմակերպության գրասենյակը լի էր մայրիկներով: Ոմանք անհանգստանում էին ծննդաբերության արձակուրդի համար, ոմանք հետաքրքրվում էին աշխատանքային իրավունքներով: Աստղիկն ուշադիր լսում էր նրանց բոլոր մտահոգությունները՝ առաջարկելով աջակցություն ինչպես իրավաբանական խորհրդատվության, այնպես էլ անկեղծ, մարդկային զրույցների միջոցով:
Կարդացեք նաև
Նրա համար աշխատող ծնողներին աջակցելը պարզապես մասնագիտական աշխատանք չէ, այլ անձնական առաքելություն։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ( EaP Civil Society Fellow) ծրագրի շրջանավարտ, «Կետ 33» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Աստղիկ Կարապետյանը մասնագիտությամբ լրագրող է։ Լրագրությամբ զբաղվում է 2005 թվականից։ 2011 թվականից սկսած՝ լուսաբանել է մարդու իրավունքներին առնչվող թեմաներ։ Նա հստակ տեսնում է, որ Հայաստանում աշխատավայրի մշակույթը, ինչպես շատ վայրերում, դեռևս լիովին չի աջակցում ծնողներին՝ հատկապես կանանց: Այս բացը ոգեշնչել է նրան իրականացնել «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական նախագիծը, որը ֆինանսավորվում է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի կողմից։
Նախագիծը լուծում է այն խնդիրները, որոնց շատ ընտանիքներ բախվում են ամեն օր, ինչպիսիք են՝ երեխայի սահմանափակ խնամքը, խիստ գրաֆիկները և ծնողներին աշխատանքն ու ընտանեկան կյանքը հավասարակշռելուն օգնող քաղաքականության բացակայությունը:
«Ընտանիքամետ աշխատավայրը թույլ է տալիս աշխատող մարդկանց մոտ լինել և հոգ տանել ընտանիքի անդամի մասին, որն ունի խնամքի կարիք՝ միաժամանակ շարունակելով աշխատել և եկամուտ ստանալ», – ասում է Աստղիկը։
Մարդու իրավունքների պաշտպանության օրը Աստղիկ Կարապետյանի աշխատանքը ցույց է տալիս, որ ծնողների իրավունքների պաշտպանությունը և ընտանիքամետ աշխատավայրերի ստեղծումը Հայաստանում մարդկային արժանապատվության և հավասարության ապահովման հիմնարար պայմաններից է։
Աստղիկ Կարապետյանը «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի շրջանակում Բուդապեշտ և Պրահա ուսուցողական այցի շրջանակներում ծանոթացել է՝ ինչ օրենսդրական կարգավորումներ, ինչ փորձ ունեն նրանք ընտանիքամետ քաղաքականությունների ու մասնավորապես ընտանիքամետ աշխատավայրերի վերաբերյալ։ Այս փորձառության արդյունքները ներառվել են նաև «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ։
Քաղաքականությունների մշակման հարցում առաջարկություններից և հետազոտություններից բացի՝ Աստղիկը նաև իրականացրել է «Մեծ գործ» փոդքաստը, որի ընթացքում քննարկում է կարևոր թեմաներ և ներկայացնում հասարակության մեջ փոփոխություն մտցնող մարդկանց: Փոդքաստն անդրադառնում է հայ աշխատող ծնողների ընտանեկան կյանքի գործնական կողմերին՝ անդրադառնալով կարևոր թեմաների, ինչպիսիք են աշխատող մայրերի հոգեկան առողջությունը, երեխաների խնամքի հասանելիությունը և Հայաստանում աշխատանքի և ընտանիքի հավասարակշռության հեռանկարները: Փոդքաստը շատ տարածված է՝ ընդլայնելով Հայաստանում ընտանիքամետ աշխատավայրերի մշակույթի շուրջ քննարկումները: Շուտով կհրապարակվի ևս 22 էպիզոդ այլ ձևաչափով և ժանրային փոփոխությամբ։
Մեզ հետ զրույցում Աստղիկ Կարապետյանն ասաց՝ այժմ ստեղծել են նոր գործիք՝ ընտանիքամետ գործատու տարբերանշանը (բեյջ)։ Նա պատմեց․ «Գործատուների համար ուղեցույց ենք մշակել․ սա ծրագրի տրամաբանական շարունակությունն է։ Այս տարի առաջին անգամ այդ տարբերանշաններն ենք հանձնելու։ Գործառուները, որոնք ընտանիքամետ են, մուտք են գործում հարթակ, լրացնում հարցաշար, որը փաստացի հայտն է և դիմում են տարբերանշան ստանալու համար»։
Աստղիկ Կարապետյանը մեր զրույցում փաստելով, որ ընտանիքամետ քաղաքականությունների, ընտանիքամետ միջավայրի ստեղծումը, դրա խրախուսումն իրենց կազմակերպության թոփ թեմաներից են, նշեց՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակը մեծ ներդրում էր այդ գործի մեջ․ «Ծրագրի շրջանակներում ես ունեցա հնարավորություն ուսումնասիրելու միջազգային փորձը՝ ոչ թե միայն desktop research անելով, այլ դեմ առ դեմ, հանդիպելով, շփվելով այն մարդկանց հետ, որոնք այլ երկրներում իրականացնում են ընտանիքամետ միջավայրի ստեղծմանն ուղղված նախաձեռնություններ»։ Աստղիկի համար սա իր բնորոշմամբ՝ անգին հնարավորություն էր։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամի կողմից, որը աջակցում է քաղաքացիական հասարակությանը Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա): Աստղիկ Կարապետյանը ծրագրի ավելի քան 230 շահառուներից մեկն է։
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ Աստղիկը կարծում է, որ ընտանիքամետ աշխատավայրի, միջավայրի ստեղծման ոլորտում Հայաստանը դեռ շատ գործ ունի անելու․ «Ընտանիքամետ աշխատավայրի ստեղծման քաղաքականությունն ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների հետ։ Ընդհանրապես ընտանիքամետ է համարվում այն աշխատավայրը, որն անձին տալիս է հնարավորություն առանց սթրեսի, սահուն համատեղելու աշխատանքը ընտանիքի հոգսերի հետ, ինչը վերաբերում է բոլորին՝ կապ չունի՝ ունես մանկահասակ երեխա, թե ծեր ծնող կամ հաշմանդամություն ունեցող բարեկամ խնամքիդ տակ։ Բայց քանի որ մեր հիմնական շահառուները հենց մանկահասակ երեխա ունեցող ծնողներն են, մենք ֆոկուսն իրենց վրա ենք դնում։ Կարևոր է, որ այդ համատեղումը լինի առանց սթրեսի։ Բոլորս էլ մամա ենք, գիտենք՝ մեզնից ինչ է գնում այդ՝ անընդհատ վազվզելը և այլն։ Այս մարտահրավերները միայն սոցիալական կամ տնտեսական չեն, դրանք մարդու իրավունքներին վերաբերող հարցեր են, որոնք շոշափում են արժանապատվությունը, հավասարությունը և առանց խտրականության աշխատելու իրավունքը»։
Ընտանիքամետ աշխատավայրերի ստեղծման երեք բաղադրիչները՝ ճկուն աշխատանքային պայմանները, վճարվող արձակուրդները, մանկապարտեզների մատչելիության հարցը հաշվի առնելով՝ ՀՀ-ում դեռ շատ գործ կա անելու եվրոպական չափանիշներին հասնելու համար։
Աստղիկն այս խնդիրները ոչ թե ուսումնասիրել է՝ որպես փորձագետ, ոչ թե խնդիրներին հետևել է կողքից, այլ հենց ինքն է անցել դրանց միջով։ Մեր զրույցում պատմեց․ «Լրիվ այլ է, երբ կողքից խնդիր ես դնում, մարդիկ քեզ դիմում են, և դու՝ որպես լրագրող խնդիրը բարձրաձայնում ես, բայց լրիվ այլ բան է, երբ խնդիրն ուղղակիորեն զգում ես քո մաշկի վրա»։
Աստղիկը երկու երեխաների մայրիկ է։ Պատմում է՝ պրակտիկորեն հասկանում ես, թե ինչի միջով ես անցնում․ «Երբ առաջին երեխայի՝ Նարեի ծնվելուց հետո մեկ տարի չէի աշխատում, ինձ համար շատ ծանր շրջան էր։ Արդեն երկրորդ երեխայից հետո, երբ որոշեցի, որ այդ վիճակն անհանդուրժելի է, դրա մասին ոչ ոք չի խոսում, հիմա էլ դաշտում չկան կազմակերպություններ, որոնք այս հարցերի մասին խոսում են, որոշեցի այդ մասին բարձրաձայնել։ Ոչ մեկը չի ասում՝ ծնողի վրա այդ բեռը շատ է դրված և անձին ուղղակի արհեստական ընտրության առաջ են դնում՝ եթե երեխայիդ շատ ես սիրում, գնա երեխայովդ զբաղվիր, եթե գործդ ես շատ սիրում, գնա, գործովդ զբաղվի։ Կան ծնողներ, որ միայնակ են զբաղվում երեխայի խնամքով։ Մենք այսօր խոսում ենք նրա մասին, որ ըստ 2022 թվականի մարդահամարի տվյալների՝ մոտավորապես 68000 երեխա մեծանում է մեկ ծնողի խնամքի տակ։ Դրանից հետո տվյալները չեն թարմացվել։ Խնդիրն այն է, որ միայնակ ծնողն օգտվում է այն իրավունքներից, ինչ այն ծնողը, որն ունի ամուսին»։
Աստղիկն ասում է՝ ես, լինելով իրավագիտակից, լավ հասկանալով իմ իրավունքները և օրենքները, ունենալով վճռականություն պաշտպանելու իմ իրավունքները, այնուամենայնիվ, ինչ-որ տեղերում նույնիսկ ինքդ կարող ես ընկրկել, այդ դեպքում ի՞նչ է անում այն կինը, որն ընդհանրապես չի լսել՝ ինչ է օրենսգիրքը, ընդհանրապես չի լսել իր իրավունքի մասին կամ չունի բացարձակ կամք կամ չունի ներքին վստահություն, որ իրեն պաշտպանի․ «Նրանք ոչինչ չեն անում, ուղղակի հարմարվում են այն պայմաններին, ինչ իրենց թելադրում են։ Կես բառով գործատուն ասում է՝ գործից կհանեմ, մտածում է, որ 24 ժամ ստրկությամբ պիտի զբաղվի, որ կարողանա իր երեխային մի կտոր հաց տանել։ Միայնակ ծնողների դեպքում խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ այդ մարդիկ ունեն երեխային ինչ-որ մեկի մոտ թողնելու կամ ընդհանրապես անտեր չթողնելու խնդիր իրենք համաձայն են չնչին վարձատրությամբ ու վատ պայմաններում աշխատել, միայն թե իրենց համար հարմար ժամեր լինեն։ Մի կին կար, ասում էր՝ գիշերն եմ աշխատում, մայրս է երեխային խնամում, գոնե գիտեմ՝ գիշեր է, երեխաս քնած է, դուռն էլ փակ է։ Ու ես հասկացա, որ պետք է այս խնդիրների մասին խոսել։ Ես երբեք չեմ լռել անարդարության մասին, կապ չունի՝ դա եղել է ուղղված ինձ, թե ընդհանրապես»։
Օգնելով ծնողներին համատեղել աշխատանքը և ընտանեկան պարտականությունները՝ Աստղիկի նախաձեռնությունը խթանում է հավասարությունը աշխատաշուկայում և աջակցում արդար և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքին։
Աստղիկը մեր զրույցի ավարտին մի քանի խորհուրդ տվեց կանանց․ «Սիրեք ինքներդ ձեզ։ Ինչքան անձն իրեն սիրում ու հարգում է, այնքան բնական շարունակականություն է դա ունենում, որ հարգեն քեզ ու քո իրավունքը։ Ուստի շատ կարևոր է ինքդ քո հանդեպ հարգալից վերաբերմունք ունենալն ու քեզ սիրելը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում:
Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:






























































