Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի և ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից. Դավիթ Վարդանյան

Դեկտեմբեր 10,2025 11:34

The Christian Post պարբերականը հրապարակել է  Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ենթարկում է վտանգի ամեն օր: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:

Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:

Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի և ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից: Իմ դուստրը երբեք չի հանդիպել իր պապիկին. նա ծնվել է մոտ երկու տարի առաջ՝ իր պապիկի գերեվարվելուց հետո:

Այսօր հայրս ու  ևս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգևոր աջակցությունից և նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից։

Այնուամենայնիվ, աշխարհը չի լռել: Հորս գործը ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունների, օրինակ՝ Amnesty International-ի աջակցությունը՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան։ Այս ձայները միասնական են. նրա կալանքն անօրինական է և անհիմն։ Սակայն այս ամենով հանդերձ՝ հայրս մնում է ճաղերի հետևում։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հայտարարված դիվանագիտական համաձայնությունը խաղաղության ճանապարհ էր առաջարկում և ստեղծում էր հայ բանտարկյալների ազատ արձակման ակնկալիք։ Սակայն Ադրբեջանը չի պահպանել այդ հանձնառությունը:

Վաշինգտոնն ունի ազդեցության զգալի լծակներ։ Ադրբեջանը ձգտում է Արևմուտքի հետ ավելի ամուր տնտեսական գործընկերության, ավելի սերտ պաշտպանական և դիվանագիտական կապերի և նախանձախնդիր է իր համաշխարհային լեգիտիմության մասին։ Եվ ամենակարևորը. այն լսում է, երբ Միացյալ Նահանգները խոսում է։

Ահա, թե որտեղ է կարևոր ուժեղ  առաջնորդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ունի Սուդանից մինչև Պակիստան անարդարացիորեն բանտարկված անձանց ազատության հասնելու գործում անձամբ միջամտելու լավ վավերագրված պատմություն: Նույն նպատակասլաց առաջնորդությունն այսօր էլ կարող է վճռել՝  ընտանիքները կվերամիավորվեն, թե կմնան հուսահատ սպասման մեջ։

Հայրս միշտ մեզ սովորեցրել է, որ հավատքն առանց խիզախության պարզապես բառ է, և որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Նույնիսկ երկու տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո էլ նա չի հանձնվում և շարունակում է պահել այդ լույսը։ Եթե մենք հավատում ենք, որ հավատքի ազատությունը մարդկային համընդհանուր իրավունք է, ապա չենք կարող աչք փակել հայ քրիստոնյաների և այն մարդու վրա, ով մնաց նրանց կողքին՝ օգնելով փրկվել։

Աշխարհը հետևում է։ Մեկ դար առաջ մեր նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից միայն այն բանի շնորհիվ, որ ուրիշներն ունեցան գործելու համարձակություն։ Այսօր հայ քրիստոնյաները բախվում են նոր  հալածանքների և բնաջնջման ծանոթ սպառնալիքի։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր պահանջել են արդարություն, և նրանց, ովքեր թույլ են տվել, որ լռությունը գերիշխի։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ աշխարհի քրիստոնյաները հետևում են և աղոթում, որ ևս մեկ անգամ ձեռնարկվեն քայլեր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031