«Ուզում ենք ձեր ուշադրությունը դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությանը, երբ այս օրերին մասսայական քաղաքական հետապնդումներ են Հայաստանում՝ պայմանավորված եւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով, եւ քաղաքական գործիչների նկատմամբ զանգվածային բռնություններով, հետապնդումներով ու տարբեր քրեական գործերով»,-այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը «ՀայաՔվեի» գրասենյակում կայացած՝ «Անպաշտպան քաղաքացին եւ Մարդու իրավունքների պաշտպանը» խորագրով ասուլիսի ժամանակ, որը նվիրված է մարդու իրավունքների միջազգային օրվան։ Նա նշեց նաեւ, որ մարդկանց դատապարտման դեպքերը Հայաստանում եռապատկվել են, քրեածին իրավիճակը՝ սրվել:
«Քրեածին իրավիճակը պայմանավորված է նաեւ թմրադեղերի մասսայականացմամբ եւ դրա մուտքով Հայաստան: Քաղաքական հետապնդումներն էլ, որոնք տեղի են ունենում Հայաստանում, բերել են նրան, որ մեր ամբողջ իրավական համակարգը զբաղված է ոչ թե քրեական իրավիճակի բարելավմամբ, այլ մասսայական հետապնդումներով: Հիշեք, թե իրենք ինչպես են հպարտությամբ հայտարարում, որ մի շարք գործերով 50-60 քննիչ է զբաղվում, ինչպես օրինակ, Սամվել Կարապետյանի, Բագրատ Սրբազանի դեպքում»,-փաստեց Մանվելյանը:
Հավելեց, որ մեր երկրում առկա քրեածին իրավիճակը նաեւ սոցիալական պատճառներ ունի. «Չնայած շեշտում են, որ պաշտոնապես կա 22-23 տոկոս սոցիալապես աղքատ, անապահով մարդկանց թիվ, բայց իրականում, այդ թիվը 30-ից ավելի է»: Նա անդրադարձավ ռեժիմի պատճառով երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին, ատելության խոսքին:
Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Մարինե Մալխասյանը ներկայացրեց զեկույց, որտեղ ներկայացված էր, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում եւ ինչու է այս ամենի հանդեպ ՄԻՊ-ը ոչ համարժեք վարքագիծ դրսեւորում. «Մենք մեր զեկույցը պատրաստել ենք հետեւյալ կերպ: Մեզ ոչ միայն շատ են անհանգստացնում մարդու իրավունքների խախտումները, այլ նաեւ այն, թե դրանց ինչպես են արձագանքում իրավապաշտպան համայնքը եւ հատկապես ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է լինել անկախ կառույց, սակայն վերջին տարիներին այդպիսին չէ»:
Նա նշեց, որ զեկույցում անդրադարձել են մարդու իրավունքների 15 ոլորտներին՝ խոսքի ազատությունից մինչեւ իրավական պաշտպանության հասանելիության իրավունքին, միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ բողոքների հետ կանչման խնդրին, որը կրկին իրավունքի ոլորտից է, սակայն անդրադարձ չի եղել ՄԻՊ-ի կողմից: Մարինե Մալխասյանն ասաց, որ ի թիվս այլնի՝ հատիկ առ հատիկ փաստագրել են խոշտանգման դեպքերը, զուգահեռ մանրամասն ուսումնասիրել Մարդու իրավունքների պաշտպանի էջը, որտեղ ընդամենը ընդհանրական անդրադարձեր են եղել նման դեպքերին: Մարինե Մալխասյանը նշեց, որ ՄԻՊ-ի էջը իրեն արգելափակել է, որպեսզի որպես իրավապաշտան չկարողանա արձագանքել կառույցի ընդհանրական անդրադարձերին:
Մանրամասն տեսանյութում.
«Երբ մենք Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոալիցիայով եւ «ՀայաՔվեով» ասուլիս հրավիրեցինք՝ ներկայացնելով ՄԱԿ-ի պարբերական դիտարկման զեկույցը, ներկայացրինք, որ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը ոչ մի բանի մասին էր, որովհետեւ այնտեղ խոսք չկար խոշտանգումների ու իրավախախտումների մասին, դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանը առանց անուններ նշելու հայտարարություն արեց՝ ասելով, որ շատ էլ լավ անդրադառնում է խոշտանգումներին, նա ներկայացրել էր նաեւ իր տարեկան զեկույցը եւ այդպիսով մանիպուլյացիա էր արել»,-ասաց վավերագրող Հովհաննես Իշխանյանը:
Մանրամասն տեսանյութում.
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































