«Մեղավորները պիտի պատժվեն․ Աննա Վարդապետյանը ստախոս է, ինքն իր խոստումը չի կատարում, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, կատարում այլ բան։ Ես տղա եմ տվել պետությանը, պահանջատեր եմ։ Իմ տղայի կյանքը եսիմ ով է խլել Հադրութում, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում։ Պարոն Փաշինյան, Ձեզ եմ ասում, Աննա Վարդապետյան, Ձեզ եմ ասում, ձեր խոստումները կատարեք, ի վերջո՝ մարդ եք»,-բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների՝ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հուզական ելույթ ունեցավ խաղաղ պայմաններում զինված ուժերում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։
Նա ցավով նշեց՝ դեկտեմբերի 21-ին կլրանա իր տղայի սպանության 15 տարին․ «Մարդիկ ուրախանում են, ես գերեզման եմ գնում, գերեզմանի մեջ եմ տոնածառ դնում, ինչի ես չեմ ուզո՞ւմ, որ այդ տոնածառը ես էլ ունենամ, մի՞թե մարդկային զգացողություն չունեք, չեք ասում՝ ի վերջո այս տղաները մեղք են։ Ասեք՝ այո, սպանել են ու վերջ, որ էս ծնողները գնան իրենց տներով»։
Իրինա Ղազարյանը նշեց, որ իր տղան ծառայել է Հադրութի զորամասում․ «Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ 2010-ի դեկտեմբերի 14-ին, ասաց՝ մամա, նստած ենք թուրքի տարածքում ու հաց ենք ուտում։ Ասել եմ՝ ի՞նչ է եղել, ասել է Մարտին Ջհանգիրյանն ասել է, որ պետք է թուրքերի հետ առուվաճառք անենք։ Դեկտեմբերի 17-ին զանգել են առավոտյան, ասել՝ տղայիդ հոսպիտալ են բերել, կոմայի մեջ է։ Տեսել ենք, որ մահացած է եղել։ Ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ՝ աչքերը բաց, չորացած, բերանը սոսինձով ներսից կպած․ իբր իմ տղան կոմայի մեջ է։ Եթե կոմայի մեջ է եղել, ի՞նչ կապ ուներ այդ սոսինձը։ Առ այսօր քննիչ, դատախազ նույն Աննա Վարդապետյանը, հանձնաժողով են ստեղծել, խումբ են ձևավորել, ոչ մեկը չի ուզում բացահայտվի գործը։ Աննա Վարդապետյանն այն ժամանակ, որ խմբի ղեկավար էր, իմանալով, որ իմ տղային մահացած են բերել, 15-20 րոպե շոկ է ապրել։ Ես հիմա քեզ ասում եմ՝ անձամբ իմ տղայի գործերը ուսումնասիրել ես, տեսել դիակը, Մուրացանում տաք օդ են տվել, մի՞թե քո մեջ մի փոքր մարդկային բան չի արթնանում, որ ասես՝ այո, ծնողը ճիշտ է, տղային մահացած են բերել, քո տղային սպանել են»։
Իրինա Ղազարյանն ասաց՝ պահանջում են՝ իրենց տղաների վարկածները փոխվեն․ «Ի սկզբանե Աննա Վարդապետյանն ասել է, որ միանշանակ սա սպանություն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պիտի կանգնի ու ասի՝ ծնողները ճիշտ են, տղաներին սպանել են, ամեն մեկը զորամասում մի բան տեսել է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































