«Որդիս մինչև գտնվելը մեկ տարուց ավելի եղել է անհայտության մեջ»,- «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա արցախյան պատերազմում հերոսացած Առնոլդ Հովսեփյանի հայրը՝ Սամվել Հովսեփյանը։
Նա վստահեցրեց՝ մեր զավակների խնդիրը քաղաքականության առարկա չէ, այդ թեման չի քննարկվում․ «Երբ խոսվում է ազգի, հայրենիքի և հայրենիքի պաշտպանների ճակատագրի վերաբերյալ, այն քաղաքականությունից դուրս է։ Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Մենք ունենք անհայտության մեջ գտնվող զավակներ, որդիներ, հայրեր, որոնց հետ կապված այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ կան»։
Նա ցավով նշեց, որ մարդիկ կան, որոնք անտարբեր են այս հարցի նկատմամբ, մինչդեռ անտարբերությունը այս հարցը մոտեցնում է հենց իրենց. «Նման իրավիճակում հայտնված ծնողները, որոնցից մեկն էլ ես եմ, ունեն մի տեսլական, որը հետապնդում է իրենց, թե ինչ զրկանքների ու տառապանքների են ենթարկվում իրենց զավակները։ Երբ պատկերացնում ես այդ իրավիճակը, դա դառնում է ավելի սպանող, երբ գիտակցում ես սեփական անզորությունդ օգնելու սեփական զավակիդ։ Դա սպանող է։ Ուստի մեկ անգամ ևս թույլ չտանք, որ մարդիկ, որոնք ապրել չեն ուզում, բայց և մեռնել չգիտեն, սատար կանգնենք, չթողնենք, որ այդ մարդիկ այսօր կուլ գնան նման իրավիճակին, քանզի այդ մարդիկ ծնել են հերոսների, տղաների, որոնք անհայտության մեջ են գտնվել կամ գտնվում հանուն հայրենիքի գոյամարտի ընթացքում։ Այն մարդիկ, որոնց համար հայրենիք բառը զուտ հաճախ օգտագործվող բառ չէ, իրենք պարտավոր են ունենալու նման կեցվածք»։
Խոսելով անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության մասին՝ ասաց․ «Այս գերատեսչական հանձնաժողովի հետ միասին պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում ծնողների մասնակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև Կարմիր խաչի, իրավապաշտպանների և այս հարցի շուրջ մտահոգ այլ անձանց հետ։ Սակայն, այդուհանդերձ, խնդիրն ունի բազմաթիվ հարցեր անհայտ կորածների հետ կապված, որոնք դեռևս լուծում չեն ստանում։ Սա գալիս է փաստելու այն հանգամանքը, որ ՀՀ-ում մենք ունենք կոնկրետ օրենսդրական խնդիր։ Պիտի տեղի ունենա այդ օրենսդրական փոփոխությունը, որ տվյալ հարցն այլևս չդեգերի այս և այլ գերատեսչությունում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































