Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր տնտեսության նշա՞ն, թե՞ պարտքային կախվածության խորացում. Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 10,2025 14:43

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄ 5․ 7․77 տրլն դրամ վարկային պորտֆել․ աճ կա, զարգացում՝ ոչ

Վարկերի 26–27% աճը արդյո՞ք հզոր տնտեսության նշան է, թե՞ պարտքային կախվածության խորացում։
2025թ․ հոկտեմբերի դրությամբ բանկային համակարգի վարկային պորտֆելը հասել է շուրջ 7.77 տրիլիոն դրամի, նախորդ տարվա համեմատ ցուցադրելով երկնիշ աճ։ Թվերով սա կարող էր նշանակել ներդրումային աշխուժություն, բայց վարկերի կառուցվածքը ցույց է տալիս բոլորովին այլ իրականություն։

1️⃣ Վարկային աճի առանցքը՝ ոչ արտադրությունը, այլ սպառումը
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ․ հունվար–հոկտեմբերին ամենաուժեղ աճը գրանցվել է հենց այն ոլորտներում, որոնք ապահովում են ոչ թե արտադրողականություն, այլ կարճաժամկետ ծախսերի ֆինանսավորում։

Մասնավորապես, գրանցվել է տնային տնտեսություններին (պարզ ձևակերպմամբ՝ անհատ անձանց) տրամադրված վարկերի շարունակական և արագ աճ, հիփոթեքային պարտավորությունների կայուն աճի բարձր տեմպ, միևնույն ժամանակ, սպառողական վարկերը հանդիսանում են վարկային պորտֆելի հիմնական շարժիչը։

Այս ամենի հետ մեկտեղ ոչ ֆինանսական (այսինքն՝ արտադրական) կազմակերպություններին տրամադրված վարկերը աճել են շատ ավելի համեստ։
Տվյալները հստակ նշում են, որ ֆինանսական ռեսուրսները չեն հոսում դեպի ապագա արտադրական բազաների ընդլայնմանը, այլ՝ դեպի առօրյա սպառման ֆինանսավորմանը։

2️⃣ Սպառումը ֆինանսավորվում է պարտքով, ոչ թե եկամուտներով
2025թ․ հոկտեմբերին նվազել են նաև կարճաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքները, բայց դեռ պահպանում են բարձր մակարդակ՝ մոտ 13.9%։ Երբ տոկոսադրույքը բարձր է, իսկ եկամուտների աճը՝ դանդաղ, այս վարկային աճը դառնում է
ոչ թե ներդրումային, այլ սոցիալական ճնշման ցուցիչ։
Սա նշանակում է, որ մարդիկ պարտք են վերցնում ոչ թե բիզնես սկսելու, այլ՝ սննդի, կոմունալների, բնակարանի, առողջապահական ծախսերի և այլ նմանատիպ ծախսերի
համար։

Այս պայմաններում, ակնհայտորեն, երկնիշ վարկային աճը չի վկայում բարեկեցության բարձրացման մասին։ Այն վկայում է սպառման վրա հիմնված գոյատևման մասին։

3️⃣ Արտադրության անկման պայմաններում վարկերի աճը չի կարող ստեղծել տնտեսական հիմք
Երբ արդյունաբերությունը տարվա ընթացքում դեռ չի վերականգնել իր անկումը, իսկ արտահանումը շարունակում է խիստ սահմանափակ դինամիկա ցույց տալ, միևնույն ժամանակ տնտեսական աճի առանցքը մնում է շինարարությունն ու ծառայությունները, վարկերի աճը դառնում է ոչ թե զարգացման գործիք, այլ՝ հակառակ ազդեցություն ունեցող ցիկլ։

Սա պարտքով սնվող տնտեսություն է, որտեղ ֆինանսական ակտիվությունն ու իրական հատվածի թուլությունը գնում են տարբեր ուղղություններով։

4️⃣ Պետական տնտեսական ռազմավարության բացակայություն՝ պարտքային ռիսկերի տակ
Երբ վարկային բազան աճում է, բայց արտադրական հիմքը՝ ոչ, երբ քաղաքացին պարտք է վերցնում ապրելու համար, իսկ բիզնեսը՝ հազիվ է ընդլայնվում, երբ տնտեսության գլխավոր շարժիչը դառնում է ոչ թե արտադրությունը, այլ շինարարություն–սպառումը, այդ ժամանակ խնդիրը ոչ թե բանկերի աշխատանքի մեջ է, այլ՝ 👉 պետական տնտեսական ռազմավարության բացակայության մեջ։
Բանկային համակարգը իր աշխատանքն անում է, բայց պետությունը՝ ոչ։ Եվ պարտքով շնչող տնտեսությունը չի կարող ունենալ երկարաժամկետ կայունություն։

❓Հիմնական հարցը մնում է անփոփոխ․ Կարո՞ղ է երկիրն առաջ գնալ, եթե իր տնտեսական աճը սնվում է ոչ թե արտադրությամբ, այլ՝ վարկով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031